RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2013-01-23 > #003, 2013-01-24 > #004, 2013-01-25 > #005, 2013-01-26 > #006, 2013-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013



Տեղադրվել է` 2013-01-25 00:12:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1394, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 63

ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳԻՌ Է ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹԳԾԻ ԲԱՑՄԱՄԲ

Վ. Պ.

«Հունվարի 28-ին Փարիզում նախատեսված է հանդիպում եռանախագահների հետ, եւ եթե անհրաժեշտություն լինի, ապա նաեւ հանդիպում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ: Դեռ նախագահների մակարդակով որեւէ հանդիպում ծրագրված չէ», երեկ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ` տարվա ամփոփիչ ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին:

Նախարարի ներկայացմամբ` բանակցությունների առումով Կազանի հանդիպումից ակնկալվող շրջադարձը այդպես էլ չեղավ: «Ադրբեջանը մինչ այսօր փորձում է ամեն ինչ անել, որ ձախողի բանակցություններն այն առաջարկների հիման վրա, որոնք եռանախագահների կողմից ներկայացված են»: Բացի դրանից, չնայած Ադրբեջանը ստորագրել է միջադեպերի հետաքննության հատուկ մեխանիզմ ստեղծելու մասին հայտարարությունը, «Բաքուն ամեն ինչ արեց, որպեսզի ձախողի որեւէ քննարկում, բանակցություն այս մեխանիզմի ստեղծման վերաբերյալ»:

Դեկտեմբեր ամսին, Դուբլինում եւս մեկ անգամ եռանախագահները կոչ են արել քայլեր ձեռնարկել 1994 թ.-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը ամրապնդելու համար: «Ադրբեջանի նախարարը, դեմ լինելով, որ որոշ դրույթներ ներգրավվեն այդ հայտարարության մեջ, խոչընդոտեց, որ այդ հայտարարությունը լինի հնգակողմ ձեւաչափով, այսինքնՙ եռանախագահներՙ պլյուս Հայաստան եւ Ադրբեջան», ներկայացրել է Նալբանդյանը:

Ինչ վերաբերում է Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը, ապա Նալբանդյանը հիշեցրել է, որ եռանախագահները բազմիցս կոչ են արել չքաղաքականացնել այս հարցը: «Ադրբեջանական կողմը խոստում էր տվել, պարտավորություն էր վերցրել եռանախագահների հետ հանդիպման ժամանակ, որ զերծ է մնալու քաղաքացիական ինքնաթիռների դեմ ուժի գործադրումից եւ ուժի գործադրման սպառնալիքից: Չնայած դրան, ամենաբարձր մակարդակով ադրբեջանական ղեկավարությունը կոպտորեն խախտելով այդ պարտավորություններըՙ սպառնում է ուժ գործադրել քաղաքացիական ավիացիայի դեմ»: Մինչդեռ «Ստեփանակերտի օդանավակայանի բացումը միայն քաղաքացիական եւ հումանիտար նպատակներ ունի»:

Երկաթգծի բացման վերաբերյալ Վրաստանի վարչապետ Իվանիշվիլիի այցելության ժամանակ արված հայտարարության առնչությամբ Նալբանդյանը մեկնաբանել է, որ Հայաստանը շատ շահագրգիռ է եւ կարեւորում է երկաթգծի բացումը, եւ «ինչ-որ հնարավոր է մեր կողմից այս հարցին դրական եւ շուտափույթ լուծում տալու համար, իհարկեՙ մեր հնարավորության սահմաններում, մենք անելու ենք»:

Արտգործնախարարը, խոսելով 2013-ի գերակայություններից, նշել է, որ 2012-ի նույն ուղղություններով ԱԳՆ-ն շարունակելու է աշխատանքները: Բացի դրանիցՙ «2013-ին Հայաստանը նախագահելու է Եվրոխորհրդում... 2013-ին Հայաստանը նախագահելու է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում: Նախատեսվում է նաեւ տարվա երկրորդ կեսին Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների եւ Եվրոմիության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումը անցկացնել Հայաստանում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 25-01-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ