ՀԱՅԱՍՏԱՆԸՙ «National Geographic»-ՈՒՄ Ի. Պ. «National Geographic» ամերիկյան հանդեսն անցյալ տարի հրապարակեց իր լուսանկարչական ամենամյա մրցույթին 2012 թվականի ընթացքում ներկայացված աշխատանքները` ավելի քան 3000 լուսանկար, որոնց մեջ կան նաեւ լուսանկարներ, որոնք ներկայացնում են Հայաստանը: «National Geographic»-ի մրցույթին անդրադարձել է Կանադայում հրատարակվող «Ապագայ» շաբաթաթերթը` օգտվելով Պոլսում հրատարակվող «Մարմարա» օրաթերթից: «Ապագան» գրում է` Հայաստանի մասին լուսանկարները, սակայն, տիպական են Հայաստանի մասին արտասահմանյան պատկերացումների առումով: Տպագրված աշխատանքներում կտեսնեք Հաղպատը, Ծիծեռնակաբերդը եւ տեսարան Լոռիի հեռավոր մի գյուղից: Ծիծեռնակաբերդի լուսանկարը, որը վերնագրված է «Հայերի հիշատակի օրը», ունի նաեւ կից գրություն, որտեղ նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին Հայաստանում տիրող մթնոլորտի մասին: Մյուս երկու նկարները կոչվում են «Ինքնավերլուծություն» եւ «Հանդարտ վայր Հայաստանի մեջ հանգստանալու համար»: Իսկ «Արարատ» լեռան խորապատկերի վրա Խոր Վիրապ վանքի լուսանկարը տեղադրվել է travel.nationalgeographic.com կայքում: Մրցույթի հաղթողը որպես մրցանակ ստանալու է 10 հազար դոլար: |