RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-02-2013



ԳՈՒՅԺ

Տեղադրվել է` 2013-02-02 02:49:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 4432, Տպվել է` 124, Ուղարկվել է էլ.փոստով` 97

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ

Երեկ Լոս Անջելեսում 81 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանը: Նրա վիրտուոզ տեխնիկայով, ակնթարթային ռեակցիայով, մրցակցին հասցրած հուժկու ու նպատակային հարվածներով բազմիցս հիացել են բազում երկրների մարզասերներ:

1956-ի Մելբուռնի օլիմպիական խաղերում երեւանցին ԽՍՀՄ առաջին բռնցքամարտիկն էր, որը նվաճեց օլիմպիական ոսկե դափնին` բացահայտ առավելությամբ հաղթելով ամերիկացի Ջո Շոուին, ֆրանսիացի Սոլյուդեն Լոուբշերին եւ իտալացի Ֆրանկո Նենչիին: Ուշագրավ է, որ պարտվողները չեն տխրել, իսկ իտալացի մարզիկը նույնիսկ հայտարարել է, որ Ենգիբարյանի նման վարպետից կրած պարտությունը նշանակում է անցնել լավ դպրոց:

Վլադիմիր Ենգիբարյանը 263 հանդիպումներից տանուլ է տվել միայն 13-ը, իսկ 105 մենամարտ ավարտել է բացահայտ առավելությամբ: Երեւանցու բացառիկ մրցավարական շնորհքն ու գործունեությունը նույնպես գնահատվեցին ըստ արժանվույն եւ նրան շնորհվեց միջազգային բարձրագույն կարգի մրցավարի կոչում:

Վլադիմիր Ենգիբարյանը ծնվել է 1932-ի ապրիլի 24-ն, Երեւանում: 1959-ին հիմնադրել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչեւ 1995-ը, երբ բնակության տեղափոխվեց ԱՄՆ:

Վլադիմիր Ենգիբարյանը արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման, մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի անդամի, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, ՀՀ վաստակավոր մարզչի եւ վաստակավոր գործչի, ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանի :

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Վլադիմիր Ենգիբարյանին շնորհել են (2009-ին) Հայաստանի եւ Արցախի բարձրագույն պարգեւներ:

2012-ին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երեւան հրավիրվեց կաշվե ձեռնոցի փառահեղ վարպետը: Նրա 80-ամյակին նվիրված տոնական արարողությունը շուքով նշվեց եւ, բացի այդ, բռնցքամարտի դպրոցը անվանակոչվեց հիմնադրի` Վլադիմիր Ենգիբարյանի անունով:

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցական ուղերձ է հղել Վլադիմիր Ենգիբարյանի հարազատներին. «Սրտի խոր ցավով տեղեկացա կաշվե ձեռնոցի անզուգական վարպետ, Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի մահվան մասին: Նրան համարում էին համաշխարհային բռնցքամարտի հեղափոխական, քանզի առաջինն էր, որ կոպիտ ուժին եւ բիրտ հարվածների փոխանակմանը հակադրեց նուրբ տեխնիկա եւ ռինգում տեղաշարժվելու յուրատեսակ ոճ: Նա միայն իրեն բնորոշ վարպետությամբ եւ խոսուն հաղթանակներով համաշխարհային մարզասերին է ներկայացրել բռնցքամարտի հայկական դպրոցը եւ տարածել նրա փառքը:

Հազարավոր այն պատանիներից մեկն եմ, ում բախտ է վիճակվել լինել նրա հիմնադրած ու ղեկավարած մարզադպրոցի սանը, հաճախ ունկնդրել նրա մասնագիտական դասերը, ականատեսը լինել նրա ցուցադրած տեխնիկատակտիկական տարրերին:

Անձամբ իմ եւ հայոց մարզաշխարհի մարդկանց անունից խորապես ցավակցում եմ Վլադիմիր Ենգիբարյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին»:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը եւս ցավակցական խոսք է հղել Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ.

«Խոր վշտով ցավակցում եմ հայրենական սպորտի ականավոր ներկայացուցիչներից մեկի` Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ: Սա անդառնալի կորուստ է հայ մարզաշխարհի համար: Նա Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն էր, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, հիմնադրել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, նրա եւ նրա դպրոցի սաների շնորհիվ բազմիցս տարբեր միջազգային հեղինակավոր մրցասպարեզներում մեր երկիրը առաջատար է հռչակվել: Վլադիմիր Ենգիբարյանը բոլորիս համար օրինակ է եղել եւ կմնա այդպիսին: Եվս մեկ անգամ խորապես ցավակցում եմ Ենգիբարյանի հարազատներին, ընկերներին, համախոհներին: Նրա հիշատակը մշտապես վառ կմնա հայ մարզաշխարհի պատմության մեջ»:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 3-ին, ժամը 14-ին հոգեհանգստյան արարողություն է կազմակերպելու Սուրբ Սարգիս եկեղեցում: Վլադիմիր Ենգիբարյանի հուղարկավորությունը նախատեսված է ԱՄՆ-ում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ