RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2013-01-31 > #009, 2013-02-01 > #010, 2013-02-02 > #011, 2013-02-05 > #012, 2013-02-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-02-2013



Տեղադրվել է` 2013-02-02 02:49:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 2784, Տպվել է` 103, Ուղարկվել է էլ.փոստով` 91

ՉՈՐՍ «ՀԱՅԿԱԿԱՆ» ՀԱՐՑ` ԱՄՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻՆ

Հ. ԱՖՅԱՆ

Երեքշաբթի օրը ԱՄՆ Սենատը ձայների 94 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հաստատեց Մասաչուսեթս նահանգից նախկին սենատոր, այս տարի իր 70-ամյակը բոլորող Ջոն Քերրիի թեկնածությունը: Հիշեցնենք, որ սենատոր Քերրին պաշտպանել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող ամերիկյան օրինագիծը: Ինչպես փոխանցում է ԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարէզ» թերթը` վկայակոչելով տեղի Հայ դատի գրասենյակի տարածած հայտարարությունը, Սենատում Քերրի հետ տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Բարբարա Բոսքերը եւս հարցեր են ուղղել հավանական պետքարտուղարին: Այդ հարցերից մեկում մեջբերվել են անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում ամերիկյան դիվանագետների` Վաշինգտոն ուղարկած պաշտոնական գրառումներն ու նամակները, որոնցով ապացուցվում է, փաստորեն, Հայոց ցեղասպանությունը, ապա հետեւել է հարցադրումը. «Ինչպե՞ս է պետքարտուղարությունը վերաբերվում այդ ժամանակ կատարված իրադարձություններին»:

Քերրին պատասխանել է. «Միացյալ Նահանգները ընդունում է այն փաստը, որ Օսմանյան կայսրության մայրամուտին մեկուկես միլիոն մարդ է կոտորվել կամ մահվան դատապարվել եւ ցավում է դրա համար: Այդ դեպքերը դարձան 20-րդ դարի ամենաահավոր վայրագություններից մեկը, եւ Միացյալ Նահանգները գիտակցում է, որ դա մեծ ցավ է Հայաստանի ժողովրդի, սփյուռքում ապրող հայերի, ինչպես նաեւ համամարդկային արժեքներ կրող բոլոր մարդկանց համար: ԱՄՆ նախագահն ամեն տարվա ապրիլի 24-ին հարգում է զոհերի հիշատակը, մենք երբեք չենք մոռանա պատմության այդ մռայլ էջը»:

Հարց տվող սենատորը, սակայն, այդպես էլ չլսելով «ցեղասպանություն» եզրույթը այդ օրինագծին ժամանակին կողմնակից հավանական պետքարտուղարից, որոշակիացրել է իր հարցը, թե Քերրին, որպես սենատոր, պաշտպանել է Ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունումը, պետքարտուղար դառնալուց հետո կփոխվե՞ն արդյոք նրա կարծիքն ու հայացքները այս հարցի առնչությամբ: Քերրին պատասխանել է. «Պետքարտուղարի պաշտոնում հաստատվելու դեպքում իմ պարտականությունն է լինելու անաչառ ներկայացնել նախագահի ու վարչակազմի քաղաքականությունը: Ինչպես Բարաք Օբաման նշեց իր ապրիլքսանչորսյան ուղերձում` փաստերի ամբողջական, անկեղծ, արդարացի ճանաչումը բխում է մեր բոլորի շահերից: Նա նաեւ ընդգծեց, որ դեպի առաջ գնալն անհնար է առանց անցյալի փաստերը ճանաչելու, եւ կոչ արեց երկու ժողովուրդներին` առերեսվել սեփական պատմությանը: Եթե ես հաստատվեմ պետքարտուղարի պաշտոնում, ապա շարունակելու եմ մեծապես աջակցել բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված կլինեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այդ երկրների միջեւ խաղաղ, փոխշահավետ եւ բարգավաճ հարաբերությունների հաստատմանը»:

Քերրիին ուղղված հաջորդ հարցը վերաբերել է ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Իլհամ Ալիեւի կողմից ներում շնորհելուն, մասնավորաբար, թե արդյոք ի՞նչ պետք է անի ԱՄՆ-ը, որպեսզի ստիպի Իլհամ Ալիեւին` կրկին բանտարկել Ռամիլ Սաֆարովին: Քերրին հիշեցրել է, որ երբ Իլհամ Ալիեւը ներում շնորհեց Սաֆարովին, ԱՄՆ-ն անմիջապես իր մտահոգությունը հայտնեց. «Սաֆարովը դատապարտված էր դաժան սպանության համար, ու ԱՄՆ-ն մտահոգված է, որ նա չի շարունակելու կրել իր պատիժը», ասել է Քերրին, այնուհետեւ ընդգծել, թե ԱՄՆ-ը, որպես Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: «ԱՄՆ-ը դատապարտում է բոլոր այն գործողությունները, որոնք կարող են լարվածություն հրահրել տարածաշրջանում եւ վտանգել խաղաղ կարգավորման գործընթացը: Եթե հաստատվեմ պետքարտուղարի պաշտոնում, ապա հնարավոր ամեն ինչ անելու եմ, որպեսզի օգնեմ կողմերին հասնելու հարցի խաղաղ կարգավորմանը», ասել է Քերրին:

Եվ վերջապես 4-րդ հարցը վերաբերել է Ստեփանակերտի` շահագործման պատրաստվող օդանավակայանին ու դրա շուրջը Ադրբեջանի բարձրացրած «ահաբեկչական աղմուկին»: Քերրին, եւս մեկ անգամ շեշտելով, որ պետքարտուղարի պաշտոնում հաստատվելուց հետո ինքն ամեն բան անելու է խաղաղ գործընթացը շարունակելու, դրան սպառնացող վտանգը դատապարտելու ուղղությամբ, ասել է. «ԱՄՆ-ը կարծում է, որ կողմերը հակամարտությունը պետք է լուծեն խաղաղ դիվանագիտական ճանապարհով: Վարչակազմը վճռականորեն դեմ է հանդես գալիս բոլոր այն քայլերին, որոնք կարող են մեծացնել լարվածությունը տարածաշրջանում եւ վտանգել խաղաղ կարգավորման գործընթացը»: Քերրին ընդգծել է նաեւ, որ Ադրբեջանի կողմից քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու, դրանց սպառնալու հայտարարություններին «ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը` որպես Մինսկի խմբի համանախագահներ, արագ արձագանքեցին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 02-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ