ԳՐՈՂԻ ԱՍՏԱՌՆ ՈՒ ՎԵՐԱՐԿՈՒՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Քյոլն, Գերմանիա «Ազգի» հունվարի 26-ի համարում խոստացել էինք, որ Քյոլնի համալսարանում հյուրընկալած Հասան Ջեմալի արտասանած խոսքին կանդրադառնանք առանձին: Դրան հավելենք նրաՙ «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի մասին 2012-ի նոյեմբերին Գերմանիայում հրապարակված գնահատականներըՙ բեսթսելլեր դարձած գրքից որոշ մեջբերումների համադրությամբ: Ստորեւ երեք ձայնՙ գերմանացու, թուրքի, հայի: «Մեռյալներ ու տաբու. Ստի ուժի դեմ» Թուրք լրագրող Հասան Ջեմալի գրքի մասին «Դեր Թագեսշպիգելում» այսպիսի կարծիք էր գրել Թոմաս Զայլբերտըՙ այն «համարձակ» որակելով: Ջեմալը երկար, ցավագին ճանապարհի վերջնագծին է հասել, գրում է թերթըՙ հիշատակելով, թե Թուրքիայի պաշտոնական ուղին շատ երկար դավանած լրագրողը վերագնահատել է Թուրքիայի անցյալը: «Միլլիեթ» թերթի 69-ամյա սյունակագիրը Ջեմալ փաշայի թոռն է, ինչը կրկնակի ավելացնում է նրա գրքի հանդեպ հանրային հետաքրքրությունը: Մեծացել է մի ընտանիքում, որտեղ պապի դերը կոտորածի, ցեղասպանության մեջ այնպես է ներկայացվել, ինչպես մինչ օրս Թուրքիան է պնդում: Առաջին համաշխարհայինի ժամանակ հայերը ռուսներին միացան ու պայքարեցին Օսմանյան կայսրության դեմ, այդ պատճառով էլ տեղահանվեցին, պատերազմական պայմանները նպաստեցին, որ զոհեր լինեն: Մուստաֆա Քեմալին էլ, որ մինչեւ այսօր ժամանակակից Թուրքիայի հարգարժան հայրն է, նման ընկալում է վերագրվում: 1920-ի ապրիլին հետօսմանական շրջանի առաջին խորհրդարանում Աթաթուրքն իր ճառերից մեկում հայերի հանդեպ զանգվածային կոտորածը «ամոթալի արարք» է որակում: Այս նախադասությունը հետագայում խորհրդարանական արձանագրություններից ջնջվել է: «Նույնիսկ Աթաթուրքին են գրաքննում», գրում է Ջեմալը: Սուտը զորավոր էր: Թեպետ ծանոթ էր, կարդում էր պաշտոնականից տարբեր տեսակետներ, բայց ինչպես ինքն է խոստովանում իր գրքում, այդ տեսակետներին հայտնի սյունակագիրն իր ամենօրյա գրություններում չէր անդրադառնում: Միգուցե «գլխում դեռեւս 1915-ի տաբուն» էր: Աստիճանաբար նա իրեն հեռացնում է պատմության ստից, հասկանում, որ ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին պատմություններն են խեղաթյուրված ներկայացվել կամ լռության մատնվել, այլեւ քրդերի, հույների, ալեւիների ու հրեաների հանդեպ իրականացված ջարդերն են թաքցրել հանրությունից: «Թուրքիան վախ ունի, գրում է Ջեմալը: Մեր պետության մեջ պատմության վախն է կառավարողը»: Անցյալի մութ էջերի մասին փաստաթղթերն արխիվներից չքվել են, դասագրքերն էլ «մաքուր» ազգ են ներկայացնում թուրքերին: Ով ընդդիմախոսում է, հռչակվում է հայրենիքի դավաճան, ինչպես պատմաբան Թաներ Աքչամը, կանգնում է դատարանի առջեւ, ինչպես գրականության Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը, կամ սպանվում, ինչպես Դինքը: Ջեմալը վստահ է, որ սուտն ու կեղծիքն են խոչընդոտում թուրք հասարակության ազատագրմանը, ժողովրդավարացման ընթացքից հետ պահում: Պետության գաղափարախոսները գիտեին, որ «ճշմարտությունը փրկում է մարդկանց», եւ այդ պատճառով ուզում էին տաբուներն ամուր պահել: Կառավարող քաղաքական գործիչներն այսօր էլ դեռ փառաբանում են 1920-ականներին Փոքր Ասիայից հույների արտաքսումը, իսկ կրթական համակարգն առաջվա նման սնվում է կույր ազգայնամոլությամբ եւ ռասիզմով: «Իրավիճակն երեւի այնքան էլ մռայլ չէ, որքան Ջեմալն է նկարագրում», գրում է գերմանացի Թոմաս Զայբերթը «Դեր Թագեսշպիգելում»: Մի քանի տարի առաջ հաշվի առնելով, որ Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը կգրգռեր զինված ազգայնականներին, գրախանութը ռիսկի չէր էլ դիմի, իսկ Ջեմալի դեմ գործ կհարուցվերՙ թուրք ցեղը վիրավորելու համար: Բայց համացանցում հայտնված մի քանի կատաղի մեկնաբանություններից բացի ուրիշ ոչինչ չի գրվել», նկատում է գերմանական լրատուն: Գերմանական «Դոյչլանդռադիոն» էլ անդրադառնում է Թուրքիայում Հայոց ցեղասպանությանՙ երկար ժամանակ տաբու լինելու փաստին: Այդ տաբուով է մեծացել նաեւ լրագրող Հասան Ջեմալը: Գրքում զետեղված է այն լուսանկարը, որում Ջեմալը սպիտակ մեխակ է դնում Ծիծեռնակաբերդի զոհերի հուշարձանին, երբ նախագահ Գյուլի պատվիրակության կազմում Երեւան էր ժամանել: Ջեմալը հիշում էՙ երկար ժամանակ պահանջվեց որոշելուՙ այցելե՞մ, թե՞ չայցելեմ հուշարձան: «Զգում եմ, որ դրանով իմ ներսում էլ տաբուի մի պատ եմ քանդելու: Բայց հիշում եմ Հրանտ Դինքի խոսքերը, որ մեզՙ թուրքերիս էր ուղղումՙ եկեք հավաքվենք ու վերջապես ապացուցենք, որ փոխադարձաբար հարգում ենք մեր ցավը»: Դինքի սպանությունը Ջեմալի համար դարձավ շրջադարձայինՙ իր երկրի պատմության մութ, ցավագին էջերը բացելու: Ավելի վաղ հարցեր իհարկե ծագում էինՙ ինչո՞ւ իր մտերիմ ընկերներից մեկըՙ ԱՄՆ-ում պաշտոնավարող թուրք դիվանագետը սպանվեց 70-ականներին ԱՍԱԼԱ-ի ձեռքով: Իրենց ընտանիքում ինչո՞ւ էին այդքան սակավախոս, երբ խոսքը մեծ հոր, մանավանդ նրա մահվան հանգամանքներին էր վերաբերում: Երեւանում Հասան Ջեմալը հանդիպում է իր պապին սպանած վրիժառուի թոռանը ու գրքում հետեւյալն արձանագրում. «Սկզբում մի փոքր նյարդային էի: Արմեն Գեւորգյանը 2 լուսանկար էր բերել, դեղնած, եզրերը պատռված ու տխրությամբ լի: Մի լուսանկարում պապի տունն էր, որտեղ մինչեւ1915 թվականն ապրել էին: Մյուսը մորուքավոր մի թուրքի էր պատկերում, որ բռնարարքներից ու տեղահանությունից փրկել էր Գեւորգյանի պապի ազգական երկու երեխաներին, 2 տարի պահելուց հետո անվնաս վերադարձրել ընտանիքին: Դեմ հանդիման նստած էինք, թեյ ու սուրճ էինք խմում, խոսում խաղաղության անհրաժեշտության մասին: Հեռախոսահամարներ փոխանակեցինք: Հաջորդ անգամ նա ինձ կզանգահարի, երբ Ստամբուլ գա, իսկ ես նրան Բոսֆորի ափին ձուկ ու ռաքի կպատվեմ»: 1944-ին լույս աշխարհ եկած Հասան Ջեմալն իր հասակակից շատերի նման դպրոցում սովորել է ժամանակակից Թուրքիայի նվաճումների մասին, իսկ Օսմանյան կայսրության անկումը թեմա չէր դառնում, ինչպես նաեւ այն, որ արդի Թուրքիայի տարածքներում ոչ միայն թուրքեր, այլեւ քրդեր, հույներ, կովկասցիներ, հայեր են ապրել ու ապրում են: Ջեմալն այս տաբուները «պատմության հանդեպ վախ» է անվանում: «Նա, ով հանդիպումն անցյալի հետ ոչ թե ատելությամբ, այլ կարեկցանքով է պարուրում, ոչ միայն պատմությունը կազատի շղթաներից, այլեւ ինքն իրեն կազատագրի»: «Անցած տարիներին Ջեմալն արտասահմանում հայկական սփյուռքի հետ շատ է հանդիպել: Զալցբուրգում թե Լոս Անջելեսում համբերատար ունկնդրել է զոհերի հետնորդների ցնցող վկայությունները, որոշներն ընդգրկել գրքում: Անկեղծ գիրք է», գնահատում է գերմանական ռադիոն, հատկապես այն մասը, որ վերաբերում է Ջեմալի ընտանեկան պատմությանը: Իսկ քննադատում է հեղինակիՙ հաճախ առաջին դեմքով պատմելու եւ իր հոդվածներից մեջբերումներ անելով գիրքը սնելու գրելաձեւը: Առաջիկայում գիրքը թարգմանվելու է արեւելահայերեն, արեւմտահայերեն, նաեւՙ ռուսերեն: Intellectual Journeyՙ ուրացումից մինչեւ ճանաչում 2 գիրք գրեցիՙ քրդական հարցի, իմ ռադիկալ տարիների մասին: Ծայրահեղ ձախ հայացքներ ունեի, պատմում է Ջեմալը: Երբ պատմությունը բեռ է, հասարակական, պետական վերահսկողության պայմաններում մարդն ուրանում է ազգությունը, իմ երկուՙ հանրությանը քաջ հայտնի լրագրող ընկերները թաքցրել էին, որ մեկի մայրը հայ է, մյուսինըՙ քուրդ: Տխուր է, չէ՞: Ռոմանտիզմ չէ այլոց հետ ապրելը, նրանց հարգելը, նրանց մշակույթը մեր թանգարաններում ներկայացնելը: Չկար, չկա մի դասագիրք, որ փաստում է, թե Թուրքիայում տարբեր ազգություններ են ապրում: Ազգայնականները զբաղվել են սեփական պատմությունը կեղծելով թե՛ դպրոցական, թե՛ համալսարանական դասագրքերում: Մտքի ոստիկաններ են նրանք: Թեպետ քաղաքագիտություն էի ուսանել, բայց չգիտեի, որ հայերն ու քրդերն ավելի վաղ էին ապրում Անատոլիայում, քան թուրքերը: Հայերեն, քրդերեն խոսելն արգելված էր: Մեր երակներում այնպիսի՛ ազգայնականություն էր ներարկված... սերունդներ են դաստիարակվելՙ ամենալավը մենք ենք, մեր ազգը... Այնքան մեծ վախ ունենք պատմությունից, պատմական ճշմարտությունից: Ինչ աբսուրդ է պատմության ուրացումը: Թուրքիայում պատմության մասին խոսելը քաղաքական պայքար է: Ցավը, արմատները, լեզուն, ինքնությունը ջնջելը ոճրագործություն է: Մարդկության դեմ ոճիր է ուրացումը: 2011-ին Լոս Անջելեսում հայ համայնքի հետ հանդիպումից առաջ հյուրանոցում ելույթս էի գրում: Ո՞ր բառն ընտրեմՙ ջա՞րդ, թե՞ ցեղասպանություն: Գրեցի, ջնջեցի: Ինչո՞ւ: Ինչո՞ւ է լեզուս դժվար արտաբերում: Ճիշտ նույն կերպՙ Ծիծեռնակաբերդ բարձրանա՞մ, թե՞ չբարձրանամ: Դեռ կա՞ն տաբուներ, որ հաղթահարել չեմ կարող: Ազատ չե՞մ, ամոթ չէ՞, Հասան Ջեմալ: Այդ պատճառով էլ հայերի առջեւ խոսքս այսպես սկսեցի. «Ճանաչում ու հասկանում եմ ձեր ցավը, այստեղ եմ, որ ցեղասպանության ցավը ձեզ հետ կիսեմ»: Այս գրքում ցեղասպանություն բառը բանավեճի առարկա չեմ դարձնում, ցանկությունս էՙ Թուրքիայում տաբուից զրկել ցեղասպանություն բառը, մենք պիտի մե՛ր պատմության մասին բանավիճենք, ես անվանում եմ ցեղասպանություն, մյուսներըՙ տարբեր անուն են տալիս: Հայերն էլ տարբեր բառեզրով են արտահայտում ցեղասպանությունըՙ ջարդ, կոտորած, եղեռն, աղետ: Միեւնույն է, թե ինչ են ասում, կարեւորն այն է, որ Թուրքիայում ցեղասպանություն բառը հետապնդման պատճառ չդառնա, արգելք չդառնա, թուրքական ազատ հասարակության մեջ բառը գործածվի, մարդն ազատ լինի կարծիք արտահայտելիս: Գերմանիան լավագույն օրինակն է մեդալի երկու կողմերն ուսումնասիրելուՙ նացիստական պատանդ առնված միտքը եւ ազատ մտքի հաղթանակը: Նույնը կարելի է անել Թուրքիայի պարագային: 1968-ին այս երկրի հանրությունը շատ խորքային վերանայում էր անցյալը: Վիլլի Բրանդիՙ վարշավյան գետտոյում ծնկի իջնելն ազդանշան էր հանրության համար: Դինքն իր կյանքով վճարեց, նրա դին ուղեկցեցին շատերը, ներողության ստորագրահավաք եղավ, համալսարաններում շատերը սկսեցին խոսել, այլընտրանքային կարծիք ձեւավորվեց: Հայրս զավակներից ավագն էր: Մեր ընտանիքն ապաքաղաքական էր, քաղաքականության մասին չէին խոսում կամ էլ եթե խոսում էին, ապաՙ պաշտոնական տեսակետը: Երիտասարդ տարիներին քեմալիստ էի: Իսկական պատմությանը դեմ հանդիման կանգնեցի ԱՍԱԼԱ-ի գործողություններից հետո: «Ջումհուրիեթի» լրագրող էի, հարցնում էիՙ ի՞նչ են ուզում մեզանից, մեր դիվանագետներից: Սկսեցի կռահել, որ ցավագին մի բան կա թաքնված տեռորի հետեւում: 1981-ին «Ջումհուրիեթի» իմ կոլեգաներից մեկը Օռլի օդանավակայանում այրվել էր: Իմ հոդվածում պետական տեսակետն էի պաշտպանել: Իմ սերնդակից շատերը շարունակում են մնալ իրենց հին դիրքորոշմանը, եսՙ Intellectual Journey-ի (թրգմ.ՙ մտավոր ուղեւորություն) արդյունքում սխալս հասկացա, երբ կարդացի այլընտրանքային պատմությունը ներկայացնողներինՙ Աքչամին, Բերքթային, «Բելգե», «Արատ» հրատարակչությունների գրքերը, Հրանտ Դինքի թերթը: «Ամոթ չէ՞, Հասան Ջեմալ» «Թուրքիայում մնացած 20.000 հայերի համար մխիթարություն է Հասան Ջեմալի նման ազդեցիկ լիբերալ թուրքի գոյությունը: 2015-ին աշխարհի հայերը հիշատակելու են «Մեծ աղետի» 100-ամյակը: Մինչ այդ Թուրքիան կհասցնի՞ խաղաղություն կնքել սեփական անցյալի ու Հայաստանի հետ: Հասան Ջեմալի նման անվախ մարդիկ կարող են օգտակար լինել այդ հարցում», վերոհիշյալ հաղորդումն այսպես էր ամփոփել «Դոյչլանդռադիոն»: Ինչ կա որՙ գերմանական հայացք է: Շատ կուզենայի հավատալ այս տողերին, բայց առաջին հերթին Հասան Ջեմալիՙ լրագրողի, գրողի ապրումի անկեղծությանը... Քյոլնի համալսարանում կարմիր փողկապով էր, Առաջնորդարանի կայքէջում տեղադրված լուսանկարում, որ փաստ է դարձել հունվարի 20-ին, դարձյալ նույն գույնով: Գրողի աստառն ու վերնազգեստը այսքա՞ն տարբեր գույներ ունեն: Իր նախնիներին հավատարիմ կարմիրը նախընտրող քաղաքագիտություն ուսանած Թուրքիայի քաղաքացի՞ն է, թե՞ իր ազգը քավարանին մոտեցնող մտավորականը: Ենթավերնագրումՙ իր բառերն են: Նկար 1. Հասան Ջեմալը առաջնորդարանում |