ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԹԱՏՐՈՆ-X» 6-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ Մ. Հ. Այսօր մեկնարկում է «Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնը Երեւանի եւ մարզերի թատրոնների ու թատերախմբերի մասնակցությամբ, որը կտեւի մինչեւ մայիսի 2-ը: Ընդունված ձեւաչափի համաձայն յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի կունենան հրապարակային քննարկումներ: Ինչպես ամեն տարի, այս տարի եւս կկազմակերպվեն վարպետության դասեր դասախոսություններ գրքերի շնորհանդեսներ: Փառատոնը եւ ընթերցումները նպատակ ունեն ապահավելու մասնագիտական կարծիքի արտահայտման ասպարեզ ի մի բերելու նախորդ տարվա բեմադրական եւ դրամատուրգիական ձեռքբերումները ձեւավորելու միասնական մշակութային դաշտ մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ: «Թատրոն-X»-ին այս տարի կմասնակցեն հայաստանյան 17 թատրոններ եւ թատերախմբեր (պետական եւ մասնավոր): «Բանավեճի փառատոն, մշակութային միասնություն» կարգախոսի ներքո այս տարի կանցկացվի փառատոնը: «Թատրոն-X»-ի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու` Լուիս Քերոլ` «Ալիսան հրաշքների աշխարհում» բեմադրությունըՙ Սամսոն Մովսեսյանի, «L՛Ultima Cena» բեմադրությունըՙ Աիդա Սիմոնի, Ֆ. Դոստոեւսկիՙ «Գրառումներ ընդհատակից»ՙ Գոշ Սարգսյանի, «Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել եւ զվարճանալ», պիեսի եւ բեմադրության հեղինակՙ Արա Երնջակյան, «Կրքոտ հաշվետվություն» պիեսի եւ բեմադրության հեղինակՙ Արթուր Սարիբեկյան, Գրիմ եղբայրներՙ «Հենզելն ու Գրետելը»ՙ Լիլի Էլբակյանի, «Ռոսինանտ 2012» պիեսի եւ բեմադրության հեղինակՙ Խաչիկ Չալիկյանի, Րաֆֆիՙ «Խենթը», բեմադրությունը Դավիթ Հարությունյանի, Անտոնինա Վելիկանովաՙ «Սիրտդ ինձ տուր»ՙ Վարդուհի Գրիգորյանի եւ այլն: |