ԼԱԶԵՐԱՅԻՆ ԹՆԴԱՆՈԹ ԸՆԴԴԵՄ ԱՆՕԴԱՉՈՒ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ Ամերիկյան ծովուժը 2014-ից նոր զինատեսակՙ լազերային թնդանոթ կօգտագործի թշնամական անօդաչու ինքնաթիռների եւ ռազմանավերի դեմ: CBS News հեռուստաալիքը նշում է, որ լազերային թնդանոթները կայրեն թիրախները: Դերծովակալ Մեթյու Քլանդերը, որը ԱՄՆ ծովուժի հետազոտական բաժնի ղեկավարն է, հայտնել է, որ լազերային զենքը կտեղակայվի Պարսից ծոցում գործող ռազմանավերի վրա, քանի որ այնտեղ իրանական անօդաչու ինքնաթիռները եւ ռազմանավերը երբեմն անհանգստացնում են ամերիկացիներին: Նոր զենքը կարող է օգտագործվել ինչպես լրտեսական տեսախցիկի «կուրացման», այնպես էլ թիրախի ոչնչացման նպատակով: Ծովի ալեկոծությունը չի ազդում նշանառության ճշգրտության վրա: Ի դեպ, նոր զինատեսակի մշակման վրա ծախսվել է ընդամենը 40 մլն դոլար: Ներկա պահին խոսքն այնպիսի զենքի մասին է, որը չի կարող ոչնչացնել թշնամու հրթիռները կամ ռեակտիվ օդանավերը: Մյուս սահմանափակումը կապված է վատ եղանակի հետ (մառախուղ, ուժեղ ամպամածություն եւ այլն): |