RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#054, 2013-04-06 > #055, 2013-04-09 > #056, 2013-04-10 > #057, 2013-04-11 > #058, 2013-04-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #56, 10-04-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-04-09 23:35:41 (GMT +04:00)


Ընթերցված է` 1889, Տպվել է` 107, Ուղարկվել է էլ.փոստով` 90

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ. «ՍՎԻԴԼԵՐԻՑ ԿՐԱԾ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ»

Լոնդոնում անցկացված շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի ավարտից հետո Լեւոն Արոնյանը հարցազրույց է ունեցել «Էխո» թերթի թղթակցի հետ, որը ներկայացնում ենք «Ազգի» ընթերցողներին:

- Հաշվի առնելով, որ հավակնորդների մրցաշարում առաջին տեղը չգրավեցիր, կարելի է փաստել, որ այն քեզ համար անհաջող էր:

- Այո, ճիշտ եք: Ինձ համար գլխավորն առաջին տեղը զբաղեցնելն էր, ինչն ինձ չհաջողվեց:

- Քեզ համար մրցաշարում ե՞րբ սկսեց շրջադարձային պահը:

- Առաջին տեղի համար մղվող պայքարում նման պահերը շատ էին: Սակայն ինձ համար վճռորոշ եղավ Պյոտր Սվիդլերից կրած պարտությունը: Այդ պարտիայում սարսափելի վատ խաղացի ու դրանից հետո թեւաթափ եղա եւ շատ դժգոհ եմ իմ ելույթից:

- Ստացվում է, որ Բորիս Գելֆանդից մրցաշարում կրած առաջին պարտությունը քո հոգեվիճակի վրա առանձնապես չազդե՞ց:

- Ոչ: Իհարկե, հաճելի չէր պարտվելը, սակայն շատ շուտ վերագտա խաղս ու հաջորդ պարտիայում հաղթեցի: Իսկ ահա Սվիդլերից կրած պարտությունն ինձ համար ճակատագրական եղավ: Հասկացա, որ այլեւս առաջին տեղի համար պայքարել չեմ կարող:

- Շատ փորձագետներ վերլուծելով քո ելույթը, պնդում են, որ չդիմացար մրցաշարի լարվածությանը:

- Ինձ թվում է, որ մեծ հաշվով նրանք իրավացի են: Անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստվածությանը:

- Թեեւ մրցաշարի մեկնարկից առաջ Մագնուս Կառլսենը համարվում էր հաղթողի գլխավոր հավակնորդը, սակայն նրան չհաջողվեց զգալի առավելության հասնել մրցակիցների նկատմամբ:

- Լոնդոնի մրցաշարը շատ ուժեղ կազմ էր հավաքել: Շախմատիստներից յուրաքանչյուրը կարող էր առանձին պարտիայում հաղթել Կառլսենին կամ մյուս մասնակիցներին: Օրինակ, Թեյմուր Ռաջաբովը առաջին շրջանում քիչ էր մնացել հաղթեր Կառլսենին: Մասնակիցների կազմը շատ հավասար էր: Դրա վկայությունն էին ավարտական տուրում Կառլսենի եւ Կրամնիկի կրած պարտությունները: Յուրաքանչյուր շախմատիստ, որը կարող էր ազդել մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում մասնակիցների վերջնական դասավորության վրա, աշխատում էր իրեն լավագույն կողմերով դրսեւորել:

- Շա՞տ տխրեցիր, որ չկարողացար հաղթող ճանաչվել:

- Իհարկե: Սակայն Լոնդոնում ցույց տվածս խաղով արժանի չէի հաղթողի կոչմանը: Ընդհանուր առմամբ անհաջող խաղացի: Ճիշտ է, առաջին շրջանում վատ հանդես չեկա: Սակայն մրցաշարը 2 շրջանով էր անցկացվում:

- Չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու հույսերը չե՞ն մարել:

- Իհարկե ոչ: Ինձ ծեր չեմ համարում, եթե կարելի է այդպես արտահայտվել: Կձգտեմ առաջիկայում իմ լավագույն խաղը ցուցադրել: Սակայն անհրաժեշտ է որոշ փոփոխություններ կատարել, որոնք այս պահին ինձ համար կարեւոր են:

- Եվ որո՞նք են դրանք:

- Երբեմն փորձում եմ միանգամից շատ բանի հասնել: Հավանաբար անհրաժեշտ է նախապատրաստական շրջանում ավելի կարեւոր բաների վրա կենտրոնանալ:

- Աշխարհի չեմպիոնի թագի համար պայքարում ո՞ւմ հնարավորություններն ես բարձր գնահատում:

- Իմ կարծիքով, Մագնուսը հիանալի հնարավորություն ունի աշխարհի հաջորդ չեմպիոնը դառնալու: Սակայն դա հեշտ չի լինի: Ինչպես ցույց է տալիս կյանքը, Անանդն աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղերում շատ ուժեղ է խաղում: Հետաքրքրական կլինի հետեւել նրանց մրցավեճին:

- Այսպիսով չե՞ս բացառում, որ աշխարհի չեմպիոնի կոչման համար անցկացվելիք հաջորդ մրցափուլում հնարավոր է հանդիպես նոր չեմպիոնի հետ:

- Չեմ բացառում: Շատ հավանական է, որ հենց այդպես էլ կլինի:

- Որքանո՞վ էր քեզ համար անակնկալ Թեյմուր Ռաջաբովի թույլ ելույթը:

- Դա բոլորի, այդ թվում եւ ինձ համար մեծ անակնկալ էր, քանի որ նա կայուն ելույթներով աչքի ընկնող շախմատիստ է: Հավանաբար իր դերը խաղաց նրա վրա եղած ճնշումը: Չէ՞ որ մրցաշարի գլխավոր հովանավորն ադրբեջանական ՍՈԿԱՐ-ն էր: Ռաջաբովը ձգտում էր յուրաքանչյուր պարտիայում մինչեւ վերջ պայքարել: Սակայն ինչպես ցույց տվեց Լոնդոնի մրցաշարը, դա շատ վտանգավոր է: Բայց մեծ անհաջողությունները հաճախ նպաստում են մեծ հաջողություններին: Այնպես որ Ռաջաբովը դեռ կպայքարի ու կվերադառնա համաշխարհային դասակարգման ցուցակի առաջատարների շարքը: Բոլորի համար նա մնում է որպես շատ ուժեղ գրոսմայստեր:

- Այս իրավիճակում ի՞նչ խորհուրդ կտայիր նրան:

- Թեյմուրը բավականին ուժեղ շախմատիստ է եւ կարծում եմ, որ իմ խորհրդի կարիքը չի զգում:

- 2016-ին Բաքվում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադայի թեման բազմիցս է բարձրացվել: Դու մեկ անգամ չէ, որ նշել ես, թե Հայաստանի հավաքականի մասնակցության հարցը պայմանավորված կլինի երկու երկրների միջեւ տիրող իրավիճակով: Կցանկանայի հարցն այլ կերպ ձեւակերպել: 2014-ին Երեւանում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը Ադրբեջանի հավաքականի մասնակցությունը կարո՞ղ է նպաստել, որ Հայաստանի ընտրանին հանդես գա Բաքվում անցկացվելիք օլիմպիադայում:

- Դա մեզ բոլորիս հաճելի քայլ կլինի: Այս պահին չեմ կարող գուշակել, թե ինչ կլինի Ադրբեջանի հավաքականի մասնակցությունից հետո: Ամբողջ թիմի անունից խոսելը դժվար է: Անձամբ ես հույս ունեմ, որ կհաջողվի մեկնել Բաքու, քանի որ շատ եմ ցանկանում գտնվել Ադրբեջանի մայրաքաղաքում: Սակայն պետք է իրերին օբյեկտիվորեն նայել: Անցած տարիների իրադարձությունները վկայում են, թե ամեն ինչ չէ, որ հարթ է 2 երկրների հարաբերություններում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #56, 10-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ