ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՎԱՐՏՎՈՒՄ, ԱՅԼ ՍԿՍՎՈՒՄ Է ՆՈՐ ՓՈՒԼ» Մ. Խ. Նախագահի պաշտոնը ստանձնելուց եւ երդվելուց հետո Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ԱԺ հատուկ նիստի ժամանակ հանդես եկավ ելույթով: «Այսօրվա երդման արարողությամբ ես կրկին ստանձնեցի մեծ պատասխանատվություն, որի գիտակցումը անցած հինգ տարիների ընթացում ինձ չի լքել ոչ մի վայրկյան: Վեհամոր ավետարանը, որի վրա ես երդվեցի, հազար տարվանից էլ հին է: Նման պատմական ու մշակութային հենք ունեցող ազգի ղեկավար կարգվելը բացառիկ պատիվ է: Այս հանդիսավոր պահին ես խոստանում եմ այդ պատիվը բարձր պահել: Որեւէ նախագահի համար Սահմանադրությամբ նախատեսված երկրորդ ժամկետն ունի ե՛ւ իր առավելությունները, ե՛ւ իր բարդությունները: Հիմնական առավելությունը, իհարկե, կուտակված փորձն է, որ նման աշխատանքի դեպքում խիստ արժեքավոր է: Լրացուցիչ բարդությունները կապված են ժողովրդի ավելի մեծ ակնկալիքների եւ ավելի բարձր պահանջների հետ: Ես անելու եմ ամեն ինչՙ այդ ակնկալիքներն ու պահանջները կյանքի կոչելու համար», նշեց Սերժ Սարգսյանը` առաջիկա հինգ տարվա համար առաջնահերթ խնդիր համարելով տնտեսական առաջընթացը: Հայաստանի խնդիրներից առանձնացրեց արտագաղթը, գործազրկությունը, աղքատությունը, որոնց լուծումները եւս տնտեսական առաջընթացի հարթությունում են: Հաջորդ առաջնահերթությունները համարեց իրավունքի գերակայությունն ու ժողովրդավարության խորացումը. «Համեմատե՛ք հինգ տարի առաջվա Հայաստանը այսօրվա Հայաստանի հետ եւ կտեսնեք տարբերությունը: Համեմատե՛ք խոսքի, մամուլի, հավաքների ազատության մակարդակները: Համեմատե՛ք հասարակական կազմակերպությունների եւ ընդհանրապես քաղաքացիական հասարակության կայացածության մակարդակները: Խոստանում եմ, որ եղածով չենք բավարարվելու, կանգ չենք առնելու... Մեր հիմնական խնդիրն էՙ ավելացնել այդպիսի մարդկանց համար դրսեւորվելու ուղիները: Տա՛նք մարդկանց հնարավորությունըՙ մնացած ամեն ինչ նրանք ինքնուրույն կանեն, կարարեն, կստեղծեն, կզարգացնեն: Նաեւ այդ նպատակով մենք պետք է ապահովենք Հայաստան-սփյուռք գործակցության դինամիկ զարգացումը: Ես վստահ եմՙ մենք միասին կարող ենք շատ ավելին անել: Մենք պետք է առավելագույնս ներգրավենք սփյուռքի ներուժը, առաջին հերթինՙ մարդկային կապիտալը: Մրցունակ եւ զարգացման տանող յուրաքանչյուր ներդրումային ծրագիր կստանա Հայաստանի Հանրապետության իշխանությունների աջակցությունը», նշել է նորընտիր նախագահը` վերջում հավելելով. «Ընտրարշավի ժամանակ մենք բոլորս խոսելու եւ մեր ծրագրերը ներկայացնելու լայն հնարավորություններ ունեցանք: Միաժամանակ, մեզնից յուրաքանչյուրը մտահոգված էր նրանով, որ իր ասելիքը հնարավորինս մանրամասն եւ ամբողջական կերպով տեղ հասնի: Ընտրություններով ոչինչ չի ավարտվում, այլ սկսվում է նոր փուլ: Այժմ եկել է տքնաջան ու հետեւողական աշխատանքի փուլը: Այժմ ժամանակն է խոսքից գործին անցնելու, խոսքերը գործերով ամրագրելու»: Նա նաեւ անդրադարձել է ԼՂ հիմնահարցին` նշելով. «Մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն, միաժամանակ, պատրաստ ենք դիմագրավելու յուրաքանչյուր մարտահրավեր»: |