ԵՐԿՈՒ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵՐԵԿՈՅԱՆ ՑՈՒՅՑԸ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Երեկ Ազգային ժողովի հատուկ նիստում երդմամբ նախագահի պարտականությունները ստանձնեց նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը: Ազատության հրապարակում բավական ստվար հանրահավաքավորների հետ առանց Ավետարանի ժողովրդի հետ կրկնաբերան երդվեց նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Սերժ Սարգսյանին երդվելու հրավիրեց Ազգային ժողովի նախագահը, Սերժ Սարգսյանը երդվեց մոտ 2 հազար հյուրերի, Ազգային ժողովի 99 պատգամավորների եւ տասնյակ հեռուստակայանների ուղիղ եթերի հեռուստադիտողի համար, ձեռքը դնելով Սահմանադրության եւ Վեհամոր Ավետարանի վրա: Րաֆֆի Հովհաննիսյանը երդվեց ոչ Սահմանադրությամբ նախատեսված տեքստով, հանդիսատեսը մոտ երեսուն հազար հանրահավաքավորն ու «Սիվիլնետի» ուղիղ եթերի հեռուստադիտողն էին: Սերժ Սարգսյանին օրհնեց Ամենայն հայոց կաթողկիոսը, Րաֆֆիին օրհնող հոգեւորական չկար: ՍերԺ Սարգսյանը, ձեռքը դնելով Ավետարանի եւ Սահմանադրության վրա, արտասանեց Սահմանադրությամբ սահմանված հետեւյալ խոսքերը. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնըՙ երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջներըՙ հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ անվտանգությունըՙ ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության ժողովրդի»: Րաֆֆին ասաց` «Այստեղ չկա Աստվածամոր Ավետարան, չկա, կեղծիք, սուտ, 30 արծաթ, կեղծ քարոզներ եւ կեղծ ելույթներ նախագահականից, կա հայ ժողովուրդ» ու սկսեց. «Հանուն հավատքի եւ հանրապետության, եսՙ ՀՀ քաղաքացիս, այսօր, ներկա ապօրինի իշխանության հետ հայտարարում եմ. չեմ ճանաչում կեղծ ղեկավարներին (ժողովուրդը հետը կրկնում էր ամեն չեմ-ի հետ), չեմ հնազանդվելու սուտ պահանջներին, չեմ ենթարկվելու անիրավ հրամաններին, ես լիազորված եմ իրավունքով, պաշտպանված եմ Սահմանադրությամբ, չեմ վախենում ու չեմ վաճառվում, չեմ նահանջում: Մենքՙ Հայաստանի 4-րդ հանրապետության քաղաքացիներս, երդվում ենք մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետության Սահմանադրությամբ, որ պայքարելու ենք, պայքարելու ենք ամենուրՙ սիրով, հավատքով, չենք հոգնելու, չենք հիասթափվելու, հույս ենք տալու, ուժ ենք տալու իրար, հաղթելու ենք: Մենքՙ Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս, սուրբ Արարատի շուքի ներքո կառուցելու ենք մեր իսկական հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր եղբայրներն ու քույրերը, որտեղ վերադառնում են բոլոր հայերն ու հայաստանցիները, որտեղ կա իրավունք, աշխատանք, ապագա, կա ընտրված նախագահ: Արդարության օրը հեռու չէ»: Մարզահամերգային համալիրում ապահով, ապագան լուսառատ տեսնող, թանկարժեք կոստյումներով տղամարդիկ ու պճնված կանայք էին նախագահ Սարգսյանի երդմնակալության մասնակիցը: Ազատության հրապարակումՙ հոգնած, մարզերից ոտքով եկած, ապագայի եւ ապահով ապրելակերպի հանդեպ հույս չունեցող հայերը, եւ այս երկու Հայաստանների հակադրությունը նույն ժամանակի միավորի մեջ երկու տեղում էլ եղած լրագրողիս համար պարզապես ակնառու էր: Ու միակ մտածումը որ ծնվում էր համեմատելիս, այն էր, որ մարզահամերգային համալիրում երդված նախագահը գուցե մի հրաշքով պետք է ներկա լիներ ու տեսներ այդ մարդկանց: Գուցե դրանից հետո անհնար լիներ, որ նա ասի, թե կարդինալ փոփոխություններ չի ուզում անել: Ասենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթն Ազատության հրապարակում որեւէ ծրագրային բովանդակություն չուներ, նույն էմոցիոնալ ելույթն էր, ինչ մինչեւ հիմա է եղել, նա «Րաֆֆի, նախագահ» կարգախոսը, որ հաճախ էր բղավում էին հանրահավաքավորները, շարունակում էր դարձնել «Հայաստան», իսկ հանրահավաքի մասնակիցների` բավական տեսանելի անհամբերությունը` «Հիմա, հիմա», Ր. Հովհաննիսյանի սրտով չէր ակնհայտորեն, նա խոսում էր անգամ ուրբաթօրյա հանրահավաքին անելիքի մասին եւ ասում էր, թե «երեկոյան 18-ին եկեք, կգնանք երթի»: Իսկ երբ անհամբերները չգնացին Ազատության հրապարակից, նա, որ հեռացել էր հանրահավաքից հետո, մի քանի րոպեից վերադարձավու նրանց տարավ երթի` Հյուսիսային պողոտայով, հրապարակով, Մաշտոցի պողոտայով` հակադրվելով հանրահավաքավորներին, թե Ինքը Բաղրամյան 26 չի առաջնորդելու, իրենք երթի կգնան Ծիծեռնակաբերդ: Ասենք, որ մոտ երեք տասնյակ հազար հանրահավաքավոր հավաքելն իրոք այսօր մեծ ռեսուրս է, բայց Րաֆֆին, փաստորեն, նրանց ոչինչ չառաջարկեց, վաղը, ուրբաթ օրը եւ հետագայում անելիքի մշուշոտ հեռանկարից բացի եւ ակնհայտորեն անիրականանալի բան ասելով կրկին, թե Սերժ Սարգսյանն ու Վեհափառը պետք է գան հրապարակ (երեկ երեկոյան) ու ներում խնդրեն կեղծ երդման համար: Բա երեսուն հազար մարդ հավաքած լիդերը նման անլուրջ բան ասո՞ւմ է: Վերն ասվածը տողերիս հեղինակը գրել է մինչեւ Ր. Հովհաննիսյանի` ժամը 18-ին կրկին մեկնարկած հանրհավաքը, որտեղ նա երբ անընդհատ փորձում էր խոսել, թե վաղը ինչ պիտի անեն, հավաքվածները, որ առավոտյան հանրահավաք եկածներից ավելի քիչ էին, բղավում էին` «հիմա, հիմա»: Անգամ` բղավում էին, թե եթե ինքը չի կարող գնալ եւ ազատել ոստիկանության կողմից երեկ բերման ենթարկված մի քանի ակտիվիստին, իրենք կգնան ու կազատեն. Ր. Հովհաննիսյանն մինչ այդ դիմել էր իրավապահներին, թե` «ազատեք Մարիամ Սուխուդյանին եւ մյուս ակտիվիստներին»: Ու անգամ սկսեցին սուլել Ր. Հովհաննիսյանին:Վերջացավ նրանով, որ Ր. Հովհաննիսյանն ասաց` ընդունում է «հիման», ու Բաղրամյան պողոտայով կգնան Ծիծեռնակաբերդ` մոմավառության: Ու անգամ մոմեր բաժանվեցին: Ժողովուրդը խառնիխուռն լցվեց փողոց, ու այլեւս ոչ մի կարգ չպահպանելով ուղղվեց դեպի Բաղրամյան պողոտա: Ինչպես եւ սպասելի էր` նրանց դիմավորեց ոստիկանությունը` մահակներով եւ գլխադիրներով, ըստ նշանակության ջոկատներով մի քանի շերտ պատնեշ կազմած: Ոստիկանության բարձրաստիճան Ներսես Նազարյանը ցուցարարներին զգուշացրեց, որ երթն անօրինական է, իրենք ստիպված կլինեն միջոցների դիմել` կասեցնելու երթը: Ր. Հովհաննիսյանն ասաց երթուղին, թե` գնում են Ծիծեռնակաբերդ, անգամ ասաց, թե լուռ կգնան, եթե Նազարյանն իրեն ձերբակալի` ինչ արած: Ու այդ պահին սկսվեց հրմշտող, անգամ ծեծկռտոց, օրինակՙ ինձ մոտիկ մի տղայի ձեռքերը ոլորեցին, ու գետնաքարշ տանում էին ոստիկանները, բայց չհասկացվեց` տանում են հեռու, թե ձերբակալում են: Մի քանիսն անգամ ճեղքեցին ոստիկանական առաջին պատնեշը, դա գրողների տան մոտ էր, գործի դրվեցին մահակներ, եւ մինի բախում եղավ: Մի պահ անց եկավ ոստիկանապետ Վովա Գասպարյանը, որի հետ Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց խոսել: Ղեկավարներից Ռուբեն Հակոբյանը զգուշացնում էր ցուցարաներին` սադրանքների մեջ չներքաշվել: Ցուցարաներից մի քանիսի պատմելով` Արմեն Մարտիրոսյանին եւս հարվածներ են բաժին ընկել, նրան ոստիկաններն իբր տարել էին: Իմ ներկայությամբ զանգում էին Արմեն Մարտիրոսյանին` նրա հեռախոսը չէր պատասխանում: Մի քանի պահ անց ղեկավարներից արդեն ոչ ոք տեսանելի չէր, ցուցարարները միմյանց տարբեր չստուգված տեղեկություններ էին փոխանցում: Մեկն ասում էր` Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը Վովա Գասպարյանի հետ Սարյան փողոցում բանակցում են, մյուսն ասում էր` Ր. Հովհաննիսյանը գնացել է Սարյանով Ծիծեռնակաբերդ, մենք էլ պիտի գնանք: Ուրիշները կամուկաց էին` մինչեւ Րաֆֆին չգա ու իրենց ասի, իրենք ոչ մի տեղ չեն գնա: Անտեր մնացած ցուցարարների խումբը չգիտեր անելիքը: Ցուցարաները պնդում էին, որ Արմեն Մարտիրոսյանին ոստիկանության բաժանմունք են տեղափոխել` առավոտյան միջադեպի համար: Ի դեպ, մենք դրա ականատեսը եղանք առավոտյան 10:30-ին, ավտոբուսի պատուհանից: Գյումրեցիների հետ նախագահի նստավայրի հատվածից անցնող Արմեն Մարտիրոսյանին մեր աչքի առաջ հարվածում եւ հրում էին ոստիկանները, ավելի ուշ նրանից տեղեկացանք, որ ոստիկանները երթով եկողների մեջ ներկա նրա մոր հանդեպ էին անհարգալիր վարվել, եւ ինքը բորբոքվել էր: Ոստիկանությունը, ըստ լուրերի, ուժ է կիրառել նաեւ ակտիվիստներից Դավիթ Սանասարյանի հանդեպ: Ուշ երեկոյան ոստիկանության հաղորդագրությունը տեղեկացնում էր, որ Արմեն Մարտիրոսյանը ոստիկանների «օրինական պահանջներին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելու նպատակով ոստիկանության Արաբկիրի բաժին է» տարվել եւ այնուհետեւ «ենթարկվել է պատշաճ բուժզննման», այդ թվումՙ «ռենտգեն հետազոտության» արդեն հիվանդանոցում: Ոստիկանության ներկայացուցիչն արդեն 20:30-ի սահմաններում նորից զգուշացրեց ցուցարաներին` սթափվել, անօրինական ցույց չանել Բաղրամյան պողոտայում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ, այնուամենայնիվ, Ր. Հովհաննիսյանն ու ցուցարաների մի մասը այընտրանքային ճանապարհով երթով հասնում են Ծիծեռնակաբերդ: Հավանաբար` դեպքերի զարգացումն այսօր կշարունակվի, սակայն մի բան կարելի է էս գլխից ասել. երբ հանրահավաքի ես հրավիրում մարդկանց` նրանց կյանքի, անվտանգության եւ գործողությունների պատասխանատուն դու ես` լիդերը, անկախ նրանից, թե ինչ են նրանք պահանջում, եւ անկախ նրանից` կլինե՞ն սադրիչներ, հրահրողներ, թե տարբեր ռանգի այլ մարդիկ: Ու Րաֆֆի Հովհաննիսյանի գործողություններում այս առումով հետեւողականություն չնկատեցինք` էս ժողովրդի վրա ընդդիմադիր լիդեր չի գալիս, էլի: Իսկ հանրահավաքում այլ օրեր ելույթ ունեցող բոցավառ հռետորաբաններներից շատերն այդպես էլ չերեւացին` անէացել էին երեկ, երեւի վտանգի հոտն առել էին: Հ. Գ. - Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երեկ բերման են ենթարկել Անդրիաս Ղուկասյանին եւ մի շարք այլ ակտիվիստների: |