ՔԱՆԴՎԵԼՈՒ ԵՆ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՐԱԿԻՑ ՇԵՆՔԵՐԸ Թարգմ. Հ. Ծ. «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» թերթի խմբագիր Ալին Գրիգորյանը մեր ուշադրությանն է հանձնում «Վաշինգտոն Բիզնես Ջոռնըլ» պարբերականի ապրիլի 19-ին լույս տեսած Մայքլ Նեյբաուերի (տնտեսական, տրանսպորտի եւ քաղաքականության վերաբերյալ հոդվածների հեղինակ) հոդվածըՙ Վաշինգտոնի կենտրոնում Հայոց ցեղասպանության ապագա թանգարանի հարակից շենքերը քանդելու որոշման մասին: Ստորեւ թարգմանաբար այդ հոդվածըՙ չնչին հապավումներով: Մինչ այդ վերհիշեցնենք, որ «Ազգ»-ը 2010 թ.-ից ի վեր, երբ սկիզբ առավ Հովնանյան-Գաֆեսճյան վեճը, բազմիցս է ափսոսանքով արտահայտվել Մ. Նահանգների մայրաքաղաքի կենտրոնում, Սպիտակ տնից ընդամենը 300 մետր հեռուՙ Հայոց ցեղասպանության թանգարանի ստեղծման ծրագրի տապալման փաստի մասին: Դեռ վերջերս մեր թերթի էջերում ամերիկահայ մտավորական Երվանդ Ազատյանն էր գրել, որ թանգարանի ծրագրի ձախողումը Մեծ եղեռնի 100-ամյա հոբելյանի նախօրեին լավագույն եւ անսպասելի «նվերն» է Թուրքիային: Կարծում ենք, որ այժմ, երբ ընդամենը 2 տարի է մնացել 100-րդ տարելիցին, մեր պետությունն ինքը պետք է միջամտի հարգարժան երկու անձնավորությունների վեճին եւ դրական լուծում առաջարկի այս անհարկի վեճին եւ իրականացնի Մ. Նահանգների դաշնային դատարանի դատավոր Քոլին Կոլար-Կոտելլի մաղթանքը դատական նիստի ավարտին. «Բայց, ի սեր Աստծո, կառուցեք այդ թանգարանը»... Այո՛, կառուցենք: խմբ.
Վաշինգտոնի կենտրոնում Հայոց ցեղասպանության թանգարանի ծրագրի հետ կապված երեք դատարկ, առեւտրային շենքերի սեփականատերը դիմում է ներկայացրել այդ շենքերը քանդելու վերաբերյալ: Ընտրեք, ո՞րն է լավը: 5.700 քառ. ոտնաչափ (մոտ 1.900 քառ. մետր) դատարկ տարածությո՞ւնը, թե՞ երեք դատարկ շենքերը: Մինեապոլիսի «Գաֆեսճյան ընտանիք» հաստատությունը պահանջում է քանդել այդ շենքերը, որոնք հարակից են պատմական, բայց այժմ դատարկ Վաշինգտոնի ազգային բանկի (National Bank of America) շենքին, որը դարձյալ իր սեփականությունն է: Հաստատության ներկայացուցիչները (որոնք 2011-ից այդ տարածքների սեփականատեր են գրանցված) մեկնաբանությունների համար չարձագանքեցին մեր զանգերին: Քանդման ենթակա շինությունների ընդհանուր արժեքը կազմում է 8,2 միլիոն դոլար: Բայց իրականում հողի արժեքն է կարեւոր: Ես տեղյակ չեմ տեղանքում նոր շենքեր կառուցելու որեւէ ծրագրի մասին: Բանկի շենքը վաղուց ծրագրված էր լինել թանգարանՙ նվիրված հայերի ցեղասպանության զոհերին, որոնք ընկան Օսմանյան կայսրության վերջին օրերին: Հարակից շենքերը նույնպես մաս էին կազմելու այդ ծրագրին: Սակայն վերոնշյալ հաստատությունն ու թանգարան-հուշահամալիրի ներկայացուցիչները արդեն երկար ժամանակ դատական քաշքշուկների առարկան են դարձել: Դատական վերջին հայցը ներկայացվել է մարտի 25-ին: Դաշնային մի դատավոր գործը «չափազանց կսկծալի» է բնութագրել: Հարցի էությունը հետեւյալն է. Ամերիկայի Հայկական Համագումարը 2000-ին գնել էր բանկի շենքը 7,25 միլիոն դոլարով: Գումարը բազմաթիվ նվիրատուներից էր հավաքվել: Նրանցից ամենաառատաձեռնը «Գաֆեսճյան ընտանիք» հաստատությունն էր եղել, որը տրամադրել էր 4 միլիոն դոլար, ըստ դատական փաստաթղթերի: Նախկին հրատարակիչ եւ բարեգործ Ջերարդ Գաֆեսճյանը նույն տարվա ընթացքում գնել էր նաեւ «G» փողոցի վերոնշյալ շենքերը 5,5 միլիոն դոլարով, նպատակ ունենալով դրանք դարձնել ժամանակակից արվեստի թանգարան: Սակայն այդ թանգարանը կառուցվեց Հայաստանի մայրաքաղաք Երեւանում եւ Գաֆեսճյանը պայմանականորեն համաձայնեց «G» փողոցի այդ շենքերը նվիրել Հայկական համագումարին, որպեսզի ընդարձակվի Հայոց ցեղասպանության թանգարանը: Երկու կողմերի համաձայնությունը նշում էր, որ եթե մինչեւ 2010-ի դեկտեմբերի 31-ը այդ տարածքում շինարարական աշխատանքներ չկատարվեն, շինությունները պետք է վերադարձվեն սեփականատիրոջը: Այդպես էլ եղավ: 2002-2007 տարիների ընթացքում, երբ արդեն առաջին դատական հայցերն էին ներկայացվել, հարաբերությունները կողմերի միջեւ վատացան, չափից ավելի լարվեցին: Թանգարանի համար նախատեսված 100 միլիոն դոլարի դրամահավաքի ջանքերը թուլացան: Թուլացան նաեւ բիզնես ծրագիր կազմելու կամ ճարտարապետ վարձելու ջանքերը: Այս մասին նշված է 2011 թվի հունվարի 26-ին հրապարակված 190 էջանոց դաշնային դատարանի զեկույցում: «Դատարանը անկեղծորեն հավատում է, որ երկար տարիների դատական քաշքշուկներից հետո կողմերը, մի կողմ դնելով իրենց տարակարծությունները, կարող են իրականացնել թանգարան-հուշահամալիր կառուցելու իրենց գովելի նպատակը», գրել է շրջանային դատարանի դատավոր Քոլին Կոլար-Կոտելլին: Իրական պատկերը բոլորովին այլ է: Ամբողջ հուշահամալիրի 50 հազար քառ. ֆուտ (3 ֆուտը=մեկ մետր) տարածքը անորոշության է մատնված, եւ հիմնվելով թանգարանի ներկայացուցիչներից մեկի հետ իմ կարճատեւ զրույցի վրա, կարող եմ ասել, որ ավելի քան երբեւէ հավատս կորցրել եմ, որ այդտեղ ապագայում թանգարան կկառուցվի: Ինչքան հասկանում եմ, վերոնշյալ շենքերի քանդումը այնքան էլ կապ չունի թանգարանի հետ: Այն ավելի շուտ հարկային խնդիրների է առնչվում: Ազատվիր շենքից եւ կազատվես հարկերից: Քանդման խնդրագիրը ներկայումս քննության է առնվում «Սպասարկման եւ կարգավորման վարչության» կողմից: Ուրբաթ օրը բանվորները տեղանքը մաքրում էին եւ պատրաստում քանդման համար: |