ՀԵՐՔՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎՙ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԳՐԱՐԱԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ Հայկական ագրարագյուղացիական միավորման խորհուրդ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագրին «Ազգ» օրաթերթի 2013թ-ի ապրիլի 17-ին լույս տեսած 61 համարում տպագրվել է «Կարտոֆիլի ցեցն ու կրճատված ցանքատարածությունները, Հրաչ Բերբերյանի հերթական «փորձագիտական» եզրակացությունները» վերնագրով Արա Մարտիրոսյանի կողմից խմբագրված հոդվածը: Հոդվածի շարադրման ոճից եւ բերված չհիմնավորված փաստարկներից հստակ երեւում է, որ հեղինակը կատարել է ինչ-որ անձի կամ կազմակերպության պատվերը, քանզի որեւէ աղբյուր նշված չէ եւ պարզ չէ, թե ում կարծիքն է հայտնել հոդվածի հեղինակըՙ իր, թե ուրիշի: Հոդվածի հեղինակը, չտիրապետելով որեւէ նորմալ տեղեկատվության եւ բավականին հեռու լինելով գյուղատնտեսությունից փորձել է մտնել մի ոլորտ, որից գլուխ չի հանում նույնիսկ նրա պատվիրատուն կամ նրան տեղեկություններ մատակարարողը: Մասնավորապես, ճիշտ չի նշված Ագրարագյուղացիական միավորման նախագահի մասնագիտությունը: Հ.Բերբերյանի կողմից երբեւիցէ հայտարարություն չի արվել, որ կարտոֆիլի եւ լոլիկի բերքի անկում է գրանցվել: Հայտարարություն եղել է այն մասին, որ առաջիկայում կնկատվի մորմազգի մշակաբույսերի ցանքատարածությունների կրճատում Արարատյան դաշտավայրում: Նման հայտարարությամբ հանդես են եկել նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Ս.Գալստյանը եւ Գ.Պետրոսյանը, որոնք նույնպես հեռուստատեսությամբ փաստել են, որ գարնանը կնկատվի կարտոֆիլի եւ լոլիկի ցանքատարածությունների կրճատում: Հարց է ծագում, թե ինչու լրագրողի կողմից անտեսվում է այս փաստը: Ինչ է, նա միայն հետեւում է Հ. Բերբերյանի հոդվածների՞ն, թե՞ լավ չի հասկանում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունների իմաստը: Որ ցեցն առկա է հանրապետությունում եւ դարձել է չարիք մորմազգիների մշակությամբ զբաղվող գյուղացիների համար, փաստ է: Այս հարցին բազմիցս անդրադարձել են տարբեր մասնագետներՙ տարբեր լրատվամիջոցներով եւ տեղեկատվական միջոցներով: ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմակերպվել է սեմինար-խորհրդակցություն, որը նույնպես մեկնաբանվել է հեռուստատեսությամբ եւ մամուլով: Հարցի քննարկում է կազմակերպվել նաեւ ՀՀ ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովն այցելել է ցեցով վարակված համայնքներ, տեղում ուսումնասիրել հարցի լրջությունը, որի ընթացքում հանձնաժողովին ուղեկցել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գ. Պետրոսյանը եւ ԳԱՄԿ-ի մարզային մասնագետները: Այսքանից հետո, եթե մի որեւէ լրատվամիջոցի լրագրող տեղյակ չի լինում նշված հարցից, ապա նա կամ իր տեղում չէ, կամ թքած ունի ճշմարտության վրա եւ գրում է այն, ինչ իրեն պատվիրում են: Իսկ պատճառը, թե ինչի համար է լրագրողն արդպես վարվում, հարգելի պարոն Ավետիքյան, Դուք մեզնից լավ պետք է հասկանաք: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Արարատյան դաշտավայրում կարտոֆիլը տնկվում է երկու անգամ: Եթե մարտ-ապրիլ ամիսներին նշում ենք, որ կարտոֆիլի տնկման տարածքները կկրճատվեն 50%-ով, ապա նկատի ունենք Արարատյան դաշտավայրը, որտեղ կարտոֆիլի տնկման տարածքները կազմում են շուրջ 2500 հա.: Մնացած շրջաններում կարտոֆիլը տնկվում է համեմատաբար ուշ ժամկետներումՙ ապրիլ-մայիս ամիսներին: Եվ եթե լրագրողը տեղյակ չէ այս ամենից, ապա կարող էր ճշգրտումների նպատակով զանգահարել Հայկական ագրարագյուղացիական միավորում եւ ստանալ սպառիչ պատասխան իր հոդվածի թեմայի համար: Լրագրող Մարտիրոսյանը կասկածի տակ է դրել այն վարկածը, թե որտեղից կարող էր ցեցը հայտնվել Հայաստանում: Ըստ նրա կողմից առաջ քաշված վարկածիՙ ցեցը կարող էր Հայաստան թափանցել կարտոֆիլի տնկանյութի եւ լոլիկի սերմացուի հետ: Զարմանալի է, որ լրագրողն ավելի է խորացել գյուղատնտեսի, քան իր մասնագիտության մեջ: Ամենայն հավանականությամբ նա տեղյակ չէ, որ հանրապետությունում գործում է բուսասանիտարական ծառայություն կամ այսպես կոչված կարանտին ծառայություն, որը լաբորատորիաներ ունի սահմանի ցանկացած անցակետում եւ օդանավակայաններում ու հանրապետություն մտնող, բուսական ծագման, ցանկացած արտադրանք ենթարկում է փորձաքննության: Եթե լրագրողը կասկածի տակ է առնում նշված ծառայության մասնագիտական հմտություններն ու անաչառությունը, ապա հարկ է նշել, որ այդ ծառայությունը գործում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմում, եւ եթե կային հարցեր, ապա պարզաբանում ստանալու նպատակով Ձեր լրագրողը կարող էր դիմել վերջինիս: Ինչ վերաբերում է քաղաքական գործունեությանը, ապա ցանկանում ենք նշել. որ Հայկական ագրարագյուղացիական միավորումը քաղաքական կազմակերպություն չէ, իսկ նրա նախագահը որեւէ կուսակցության անդամ չէ: Հողը կուսակցություն չի ճանաչում, նա ճանաչում է միայն իր մշակին: Եվ ընդհանրապես միավորման նախագահին Ազատության հրապարակ ուղղորդելու փոխարեն լավ կլիներ որ լրագրողը կողմնորոշվեր իր քաղաքական պատկանելության մեջ: Հաջորդ առարկությունը վերաբերում է այն հարցին, որ մեկ-երկու տարի առաջ Արարատյան դաշտի բնակիչները բողոքել են լոլիկի սերմիցՙ ասելով, որ սերմը գնել են Բերբերյանից եւ բերք չեն ստացել: Նույնն են ասել նաեւ Շիրակի մարզի գյուղացիները կարտոֆիլի մասին: Հոդվածում նշված է նաեւ, որ միավորումը վաճառում է նվիրատվություն ստացած սերմերը: Միավորումը պաշտոնապես հայտարարում է, որ ոչ միայն մեկ-երկու տարի, այլեւ նույնիսկ երեք-չորս տարի առաջ լոլիկի սերմացու չի ներկրել, ուստի եւ չէր կարող վաճառել: Տնկանյութի որակի նկատմամբ միավորումը բազմաթիվ շնորհակալական գրություններ է ստացել, իսկ բողոք չի եղել ոչ մի անգամ: Ընդհանրապես տեղեկացնում ենք Ձեզ, որ միավորումը տնկանյութ կամ սերմացուներ չի ներկրում, այն աջակցում է միության անդամ ֆերմերներինՙ ձեռք բերելու արտերկրում աճեցված բարձրորակ սերմացուներ, եւ հատկապես ցանկանում ենք նշել, որ միավորումն իր ստեղծման 20 տարիների ընթացքում որեւէ անգամ նվիրատվության կարգով սերմացու չի ստացել, չի բաշխել, առավել եւս չի վաճառել: Ելնելով վերոշարադրյալից, առաջարկում ենք կարճ ժամկետում, Ձեր թերթի միջոցով նշված կետերի կապակցությամբ հերքում տպագրել, այլապես միավորումը ստիպված կլինի հանդես գալ հայտարարությամբ եւ դիմել պատկան մարմիններին: |