ՄԽԻԹԱՐՅԱՆԸ «ՇԱԽՏՅՈՐԻՑ» ՏԱՐԵԿԱՆ 2,5 ՄԼՆ ԵՎՐՈ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ Է ՊԱՀԱՆՋԵԼ Լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն քննարկել Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի այլ ակումբ տեղափոխվելու տարբերակները: Հետաքրքրական բացահայտում է կատարել ուկրաինական Champion.com.ua-ն: Պարզվում է, որ Հենրիխ Մխիթարյանը դժգոհ է «Շախտյորում» տարեկան 1 մլն եվրո աշխատավարձից: Տարեսկզբին նա այդ հարցով դիմել է թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին, հայտնելով, որ ցանկանում է տարեկան 2,5 մլն եվրո աշխատավարձ ստանալ: Սակայն գլխավոր մարզիչն այդ հարցով չի դիմել ակումբի նախագահ Ռինատ Ախմետովին, նշելով, որ գումարի այդ չափն իրատեսական չէ: Դրանից հետո Մխիթարյանը որոշել է ամռանը հեռանալ «Շախտյորից»: Նախորդ համարում նշել էինք, որ Մխիթարյանը պայմանագիր է կնքել հայտնի գործակալ Մինո Ռայոլայի հետ: News.am-ի թղթակցի հետ զրույցում Հենրիխը հաստատել է այդ լուրը. «Այո, Մինո Ռայոլան իմ գործակալն է: Մոտ 10 օր առաջ պայմանագիր եմ կնքել նրա հետ: Իմ բոլոր գործերով ներկայումս նա է զբաղվում: Չեմ խորանում այն հարցերի մեջ, թե որ ակումբներն են հետաքրքրվում իմ ծառայություններով: Այդ ամենով զբաղվում է Մինոն: Իսկ ես վստահում եմ նրան»: Առայժմ ամենագործնական առաջարկը Մխիթարյանին կատարել է անգլիական «Լիվերպուլը», որը պատրաստ է 40 մլն եվրո վճարել հայ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Հիշեցնենք, որ «Շախտյորը» վերջերս հենց այսպիսի գումար էր նշել Մխիթարյանի տրանսֆերի դիմացՙ հույս ունենալով, որ առաջատար ակումբները կհրաժարվեն հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու մտքից: Այնպես որ չի բացառվում, որ «Շախտյորի» ղեկավարությունը վերանայի Մխիթարյանի պայմանագրի պայմաններն ու բավարարի նրա պահանջը: Սակայն Մխիթարյանն ունենալով մի շարք շահավետ առաջարկներ, հավանաբար նախընտրի հեռանալ «Շախտյորից»: Ըստ իտալական Calciomercato-ի, «Լիվերպուլում» Մխիթարյանը կարող է փոխարինել թիմի հարձակվող Լուիս Սուարեսին, որն ամենայն հավանականությամբ ամռանը կլքի ակումբը: Նրա ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսն» ու Մյունխենի «Բավարիան», որոնք պատրաստ են ուրուգվայցու համար 35 մլն եվրո վճարել: Այդ դեպքում «Լիվերպուլին» ավելի հեշտ կլինի գնել Մխիթարյանի 40 մլն եվրոյանոց տրանսֆերը: |