«ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ» ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Այսօր Բեռլինում ցեղասպանությունը մերժող բողոքի քայլարշավ Թեսա Հոֆմանի ղեկավարած Ցեղասպանության ճանաչման աշխատանքային հանձնախումբը, Բեռլինի հայ համայնքի, Միջին Եվրոպայի ասորական դեմոկրատական կազմակերպության, Գերմանիայում արամեական դաշնային միության, Եվրոպայում Պոնտոսի հույների միության, Գերմանիայում թուրքական DurDe նախաձեռնության, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի հետ ապրիլի 27-ին ժամը 14-17-ը Բեռլինում նախաձեռնել է հսկում եւ բողոքի քայլարշավ անցկացնել: «Այլեւս երբեք» վերնագրյալ ցուցապաստառին հիշատակված են 1915-16 թվականներին հայերի, 1914-18-ին ասորիների, 1912-22-ին հույների,1939-1945-ին հրեաների ու գնչուների հանդեպ կատարված ոճրագործությունները: Ժամը 14-15-ին հսկում է անցկացվելու Բեռլինում Թուրքիայի դեսպանության առջեւ, վերոհիշյալ կազմակերպությունների ստորագրությամբ դեսպանությանն է հանձնվելու արտգործնախարար Դավութօղլուին հասցեագրված նամակՙ ճանաչելու զանգվածային, պետության դրդմամբ իրականացված ոճիրըՙ որպես ցեղասպանություն: Շարադրված են նաեւ այլ պահանջներ, մասնավորապեսՙ Թուրքիայում պատմական փաստերը վերագնահատելու, սեփական պատմությանն առերեսվելու, կրթական ծրագրերում ոչ քրիստոնյա բնակչության դեմ ատելություն սերմանող, քրիստոնյա փոքրամասնությունների կրոնական իրավունքներն ու ազատությունները սահմանափակելը բացառող իրական քայլեր: Ժամը 15-15.30-ին մասնակիցները քայլերթով կանցնեն Բեռլինի կենտրոնական փողոցներով, կհասնեն Եվրոպայի հրեաների հուշահամալիրին ու ծաղկեպսակ կդնենՙ լռությամբ հարգելով զոհերի հիշատակը: 15.45-16-ին ծաղկեպսակ կզետեղեն նաեւ եվրոպաբնակ գնչուների հուշաքարին, ժամը 16.15-17-ին կուղեւորվեն դեպի դաշնային կանցլերի նստավայր, որի առջեւ հսկում կանցկացնեն եւ կփոխանցեն կանցլեր Անգելա Մերկելին հասցեագրված նամակըՙ ճանաչելու կատարվածը որպես ցեղասպանություն, այն դպրոցական ծրագրում ներառելու, հրապարակավ ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Ժամը 18-ին ծաղկեպսակ կդնեն նաեւ Օսմանյան կայսրության տարածքում ցեղասպանված քրիստոնյաներիՙ հայերի, հույների, ասորիների հիշատակը ոգեկոչելուՙ Բեռլինի Շառլոթենբուրգ թաղամասում մինչեւ 2015 թվականը կառուցվելիք հուշահամալիրին: |