RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#066, 2013-04-24 > #067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #68, 27-04-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-04-26 23:33:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1313, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ԵԿԵՂԵՑԻ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ` ԱՌԱՆՑ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Երբ Թուրքիայում նախաձեռնեցին հայկական եկեղեցիների վերականգնումը, գաղափարի եւ իրագործման ողջունելիության հետ մեկտեղ մտահոգություններ ծագեցին, այդուհետեւ արդարացան, թե ով եւ ինչպես, իսկ որ ավելի կարեւոր է` ինչ նպատակով է ցանկանում վերանորոգել հայկական եկեղեցիները:

Եթե Արեւմտյան Հայաստանի տարածքում եղած հայկական եկեղեցիները կամ արդեն իսկ ոչնչացվել են, կամ էլ կամաց-կամաց քանդվել են այդ տեղանքի ներկայիս բնակիչների կողմից` ընդհանուր առմամբ բնութագրվելով անտերության մատնված կարգավիճակով, Վրաստանում հայկական եկեղեցիները, քրիստոնյա եղբոր հատկանշական իրողությամբ, կամ վրացականացվել են, կամ անտերության մատնվել` մի օր վերջնականապես ավերված տեսնելու ակնհայտ ցանկությամբ:

Ամեն դեպքում, այն, որ դեռեւս այս տարեսկզբից ակտիվացան խոսակցությունները, թե վրացական իշխանությունները որոշել են հայկական եկեղեցիները վերանորոգել, բնավ էլ չի վկայում, թե վերանորոգումն իրականացվելու է դրանք հայկական պահելու, եւ առավել եւս, հայկական եկեղեցուն վերադարձնելու համար:

Վրաստանի մշակույթի նախարարության ստեղծած հանձնաժողովը ուսումնասիրել է Թբիլիսիում գտնվող «վիճահարույց» ներկայացվող հայկական եկեղեցիները, վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին էլ հայտարարել է, թե անձամբ է ֆինանսավորելու վերականգնման աշխատանքները:

Ապրիլի 25-ին, վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, վրաց մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիան հայտարարել է, թե հայկական եկեղեցիների վերականգնման աշխատանքները Վրաստանի տարածքում անցկացվելու են անհատույց: Ըստ նախարարի, այսպիսի որոշում է ընդունել միլիարդատեր վարչապետը, որն այդ մասին արդեն իսկ հայկական կողմին տեղյակ էր պահել Երեւան այցելության ժամանակ:

Ըստ տեղեկատվության, վրացի փորձագետներն ուսումնասիրել են հուշարձանները, ըստ այդմ` որոշ եկեղեցիների վերականգնումը կարելի է սկսել մի քանի ամսից: Ավելին, նույն աղբյուրի համաձայն, Հայաստանի տարածքում «վրացական հուշարձանների վերականգնումը իրականացվելու է վրացի մասնագետների մասնակցությամբ»: Վրացի մասնագետներն էլ, ի դեպ, չեն ուշանալու. մոտ 10 օր առաջ, ըստ Գուրամ Օդիշարիայի, հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի մշակույթի նախարարի հետ ու համաձայնեցվել է, որ արդեն մայիսին վրացի մասնագետները կլինեն Հայաստանում, «կշրջեն թվով 13 վրացական կոթողներում»` որոշելու, թե ինչ միջոցառումների իրագործման անհրաժեշտություն կա:

Այդուհանդերձ, չնայած ներկայացվում է, թե հայկական կողմի հետ այսպիսի ու այնպիսի համաձայնություն է ձեռք բերվել, հետաքրքրական է, որ վրացական աղբյուրները շեշտում են, թե հուշարձանների ծագումն ու պատմությունը «կորոշվեն հնէաբանական հետազոտություններով»: Ընդ որում, Գուրամ Օդիշարիայի խոսքերով, Հայաստան այցելությանը վարչապետ Իվանիշվիլու` Թբիլիսիում գտնվող մի քանի հայկական եկեղեցի վերականգնելու հայտարարությունը «առաջ է բերել հայ գործընկերների մեծ վստահությունը»:

Վրացական կողմը պատրաստվում է այս համաձայնությունը գրավոր տեսքի բերել, ընդ որում` ոչ միայն Հայաստանի, այլեւ նման օրինակ մի համաձայնություն էլ Թուրքիայի հետ: Ամեն դեպքում, եկեղեցիների ծագման ու պատկանելության հարցը դեռեւս կմնա լուծելու անհրաժեշտություն, թեեւ ինչպես` վրացական կողմը չի հստակեցնում:

Դրա փոխարեն Իվանիշվիլին հստակեցրել է, որ վերականգնումը կլինի, ապա նոր կորոշեն, թե ում է պատկանում եկեղեցին: Սա ակնհայտորեն չի խոսում այն հանգամանքի օգտին, թե վերականգնվում են հայկական եկեղեցիները: Իվանիշվիլու խոսքերի տրամաբանությամբ, վերականգնվում են Թբիլիսիի կենտրոնում գտնվող եւ մեծ մասամբ արդեն իսկ փլուզված, ավերված 5 եկեղեցիները, որոնք հայկական են, սակայն վրացական նկրտումները դրանք դարձրել են «վիճելի»:

Այս համատեքստում հարց է ծագում. եթե հստակ չէ, թե ում է պատկանում եկեղեցին, այսինքն` հայկական է, վրացական, թե մեկ այլ ժողովրդի, կրոնի կամ մշակույթի ու ճարտարապետության է պատկանում, ինչպե՞ս են իրականացնելու վերականգնումը...

«Ավելի լավ էՙ ես վերականգնեմ եկեղեցիները, իսկ հետո գիտնականները կորոշեն, թե ում են դրանք պատկանում», հայտարարել է Իվանիշվիլին, խոսքի մնացյալ հատվածն իսկապես տրամաբանական կառուցելով. «Այլապես եթե մենք տարիներով վիճենք, եկեղեցիները վերջնականորեն կավերվեն, ու էլ որոշելու էլ բան չի մնա»:

Մինչեւ այօր վրաց եկեղեցու եւ իշխանությունների համար հենց այս տարբերակն էլ նախընտրելի էր, քանի որ ժամանակը, անձրեւները, անհասկանալիորեն ծագող հրդեհները արդեն իսկ խոնարհել են «վիճահարույց» եկեղեցիները: Եթե ոչ վրացականացնելու տարբերակով, ապա գոնե ժամանակի հետ ավերելով, վրացի հոգեւորականության որոշ ներկայացուցիչների ու վրաց իշխանության համատեղ ջանքերով առնվազն կարող են ազատ տարածքի վերածվել հայկական եկեղեցիների ներկայիս գտնվելու վայրերը: Իսկ դա բնավ էլ վերջին հետաքրքրության թեմա չէ, քանի որ «վիճահարույց» հայկական եկեղեցիները գտնվում են Թբիլիսիի ամենաամենաամենակենտրոնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #68, 27-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ