ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «ԹՈՂ «ՇԱԽՏՅՈՐԸ» ՈՐՈՇԻ, ԹԵ ՈՐՏԵՂ ԽԱՂԱՄ» Ինչպես հայտնի է, Հենրիխ Մխիթարյանը վերջերս 2 անգամ գրավելով Սիմֆերոպոլի «Տավրիայի» դարպասը, գոլերի թիվը հասցրեց 24-ի եւ Ուկրաինայի առաջնությունների արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց: Ուկրաինական «Վեստիի» թղթակիցը հարցազրույց է ունեցել Մխիթարյանի հետ, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը: - Հենրիխ, շնորհավորում եմ արդյունավետության ռեկորդի առթիվ: Հետաքրքրական է, որ ռեկորդը գերազանցեց ոչ թե հարձակվողը, այլ հարձակողական ոճի կիսապաշտպանը: - Այո, ես վառ արտահայտված հարձակվող չեմ: Սակայն մեր թիմը հարձակողական ոճի ֆուտբոլ է ցուցադրում, ուստի շատ ժամանակ ենք անցկացնում մրցակիցների տուգանային հրապարակում: Դրանով է պայմանավորված իմ խփած գոլերի մեծ քանակը: Իհարկե, դրանում մեծ է խաղընկերներիս ներդրումը: - Համաշխարհային ֆուտբոլում ինչ-որ միտում է զգացվում: Հարձակման 2-րդ գծի խաղացողներն ավելի շատ գոլեր են խփում: Ամենավառ օրինակը Մեսին է: - Ամեն դեպքում նա հարձակվող է: Ֆուտբոլն այնքան բազմակողմանի է դարձել, որ գոլեր են խփում նույնիսկ դարպասապահները: Կիսապաշտպանների բարձր արդյունավետությունը նաեւ հարձակվողների աշխատանքի արդյունքն է, որոնք ազատ գոտիներ են ստեղծում նրանց համար: Այդպես է նաեւ «Շախտյորում»: Ինձ համար ազատ գոտիներ էին բացում Սելեզնյովը, Դեւիչը, Ադրիանոն: - «Շախտյորում» խրախուսվո՞ւմ է խաղային եսասիրությունը: - Ամեն ինչ պայմանավորված է իրավիճակով: Եթե կարող ես ինքդ գոլ խփել, ապա պետք է ինքնուրույն գործես: Սակայն եթե խաղընկերդ ավելի հարմար դիրքում է, պետք է գնդակը նրան փոխանցես: Եթե անհիմն կերպով խաղը վերցնես քո վրա, ապա Լուչեսկուն կդժգոհի: Ընդհանրապես եսասեր պետք է լինես մարզումների ժամանակ: Իսկ խաղի ժամանակ պետք է մտածես թիմի մասին: Ինձ թվում է, որ «Շախտյորում» եսասերներ չկան: - Բրազիլացիների հետ հե՞շտ ես շփվում: Գիտեմ, որ ժամանակին փորձաշրջան ես անցել «Սան Պաուլուում», գուցե այս ընթացքում բարելավե՞լ ես պորտուգալերենի իմացությունը: - Մինչեւ Բրազիլիա մեկնելը 2 ամիս Հայաստանում սովորում էի պորտուգալերեն: Բրազիլիայում ե՛ւ դպրոց էի հաճախում, ե՛ւ խաղընկերներիս հետ ակտիվորեն շփվում էի: Շատ շուտ սովորեցի լեզուն, ինչը բոլորին զարմացրել էր: - Քեզ հետաքրքրակա՞ն է Ուկրաինայի առաջնությունում խաղալը: - Իհարկե: Եվ տարեցտարի ավելի դժվար է խաղալը: Վերջին տարիներին թիմերն ավելի ուժեղ են դարձել: Միայն մարտին եւ նոյեմբերին խաղադաշտերի վատ վիճակն է անհանգստացնում, ֆուտբոլ խաղալն անհնար է դառնում: Կարծում եմ, որ դա ուկրաինական ֆուտբոլի ամենաբացասական կողմն է: Հարկավոր է խաղադաշտերի որակը բարելավել: - Եթե խաղադաշտերն Ուկրաինայում նորմալ լինեն, հնարավոր է, որ «Բորուսիայի» հե՞տ էլ հաջող խաղայիք: - Այդ դեպքում երեւի առաջնությունում ընդմիջումն այդքան երկար չէր տեւի, ինչն ազդեց մեր ելույթի վրա: Եթե այժմ «Բորուսիայի» հետ 10 խաղ անցկացնենք, 9-ում հաստատ չենք պարտվի, առավել եւս 0-3 հաշվով: - Խփածդ գոլերից ո՞րն ես համարում ամենագեղեցիկը: - Կարծում եմ, առաջնությունում խփածս 23-րդ գնդակը: Այդ գոլն ինձ համար ամենաթանկն ու ամենադժվարն էր: Երկար էի սպասել այդ գոլին, 3 տուր չէի կարողանում գրավել դարպասը: Այդ գոլն ինձ վստահություն ու հանգստություն պարգեւեց: Այժմ գործն արդեն արված է, ռեկորդը գերազանցված է, ուստի կարելի է առանց լարվածության աշխատել: - Այժմ մեկ այլ ճնշում կա քո վրա: Բոլորը խոսում են Ստարուխինի ռեկորդի մասին: Ուստի հարկավոր է կրկին լարվել: - Դա արդեն ակումբային նվաճում է, որը բարելավելն այնքան էլ կարեւոր չէ: Իհարկե, հաճելի կլինի, եթե դա էլ ինձ հաջողվի: Բայց առավել կարեւոր էր ուկրաինական ռեկորդի գերազանցումը: Այն պետք է «Շախտյորի» ֆուտբոլիստը գերազանցեր: - Համաշխարհային ֆուտբոլի «աստղերից» խաղաոճով ո՞վ է ավելի քեզ նման: - Ես ինձ կողքից չեմ տեսնում, ուստի չեմ կարող ինքս ինձ գնահատել: Ավելի լավ կլինի այդ մասին մասնագետներին հարցնել: - Ինչպիսի՞ն է բնավորությունդ, հայերի պես տաքարյո՞ւն ես: - Ե՛վ տաքարյուն եմ, ե՛ւ սառը, ե՛ւ ջերմ: Պատահում է, որ հունից դուրս եմ գալիս եւ շատ ջղային եմ դառնում: Լինում է նաեւ հակառակըՙ հանգստություն եւ սառը դատողություն եմ դրսեւորում: - Դու «Շախտյորի» ֆուտբոլիստներից միակն ես, որ բնակվում ես ակումբի մարզաբազայում: Ինչո՞ւ: - Ակումբն ինձ բնակարան էր առաջարկել, սակայն նախընտրեցի բնակվել մարզաբազայում: Այդպես ցանկանում էի ավելի արագ մերվել կոլեկտիվին, կենտրոնանալ մարզումների վրա, հասկանալ, թե իրենից ինչ է ներկայացնում «Շախտյորը»: Մարզաբազայում ավելի էֆեկտիվորեն ես աշխատում, լավ ես հանգստանում եւ վերականգնվում: Ոչ մի բնակարանում չես գտնի նման գեղեցկություն, նման հարմարավետ պայմաններ: Բացի այդ, ընկերուհի չունեմ, մայրս քրոջս հետ այնքան էլ հաճախ չեն այցելում ինձ: - Նշանակում է, որ Դոնեցկի աղջիկները ոչ մի հնարավորություն չունե՞ն քեզ հետ ծանոթանալու: - Ամեն ինչ իրենցից է կախված: - Ինչպե՞ս ես վերաբերվում ԱՊՀ երկրների ֆուտբոլի առաջնությանը: - Եթե որոշում կայացվի, ապա պետք է մասնակցել: Այն հնարավորություն կտա ավելի ուժեղ առաջնությունում հանդես գալ: Սակայն մյուս կողմից ուկրաինական մի շարք թիմեր չեն մասնակցի ԱՊՀ առաջնությանը: - ԱՊՀ-ի առաջնությանը մասնակցելը «Շախտյորին» ավելի ուժե՞ղ թիմ կդարձնի: - Կարծում եմ, որ այո, քանի որ միայն ուժեղ ակումբների հետ կխաղանք: Եվ յուրաքանչյուր խաղ եզրափակիչի նման կլինի: Նման ուժեղ մրցակցությունում մենք ավելի ուժեղ կդառնանք: - Ո՞րն է քո երազանքների թիմը: - Տարբեր տարիքում տարբեր թիմերի եմ երկրպագել: Նախկինում Մյունխենի «Բավարիային» չէի սիրում, իսկ ներկայումս այդ թիմն ինձ շատ է դուր գալիս: Նման իրավիճակ է նաեւ «Բարսելոնի» հետ: Տարիների ընթացքում ճաշակը փոխվում է: Չկան այնպիսի թիմեր, որոնց միայն անվանումը հիացմունք պատճառի: - Ինչպե՞ս ես վերաբերվում քո անվան շուրջը պտտվող տրանսֆերային տարբեր խոսակցություններին, այս կամ այն ակումբ հնարավոր տեղափոխությունների մասին հրապարակումներին: - Եթե անկեղծ, ապա ոչ մի ուշադրություն չեմ դարձնում: Ներկայումս «Շախտյորի» ֆուտբոլիստ եմ եւ իմ բոլոր մտքերը թիմի հետ են: Մտածում եմ միայն, թե ինչպես օգնեմ թիմին հաղթելու մրցաշրջանի ավարտական խաղերում: Եթե իրոք ինչ-որ առաջարկներ կան իմ հաշվով, ապա թող դիմեն ակումբին: Եվ թող «Շախտյորը» որոշի, թե որ թիմում կխաղամ: |