RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013



Տեղադրվել է` 2013-05-22 23:50:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1282, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 34

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՇՈՒՌՈՒՄՈՒՌ Է ՏԱԼԻՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ճիշտն ասած` ինչպես մի շարք պատգամավորների, այնպես էլ սովորական հայերից շատերին չի «դզում», երբ պատգամավորները իրար վիրավորում են, խարդախ ու անբարոյական որակումներն են հնչում Ազգային ժողովի դահլիճում: Ու այս դեպքում կարեւոր չէ, թե ո՞ր որակումն է ընդդիմադիր պատգամավորն արել, ո՞ր որակումը` իշխանականը: Կարեւորն այն է, որ ունենք այն որակի խորհրդարան, որտեղ չնայած էթիկայի հանձնաժողովի գոյությանը, այդ կարգի որակումները հնարավոր են ու նույնիսկ սովորական բան: Կան շահեր ներկայացնող պատգամավորներ, որոնք ծածկվում են իշխանության անվան տակ, եւ ընդդիմադիրներ, որոնց լեզվի վրա ոչ միայն ոսկոր չկա, այլեւ անգամ կռճիկի կտոր: Սակայն այդ բոլորն այն բանի հետեւանք է, որ կուսակցական սկզբունքով ձեւավորված խորհրդարանում, միեւնույն է, շատ նվազ է քաղաքական տարրը: Ե՞րբ է մարդն անցնում վիրավորանքների` երբ վերջանում են բոլոր մյուս «գործիքները» եւ քաղաքական բանավեճի ռեսուրսը: Բայց եթե դրանք չկան` ոչ կարող են սկսվել, ոչ էլ ավարտվել: Մեկ օր առաջ Զարուհի Փոստանջյանն էր գլխավոր դատախազին խարդախ անվանել, երեկ էլ մտածեց-մտածեց, մեկ օր ուշացումով նրան պատասխանեց Վահրամ Բաղդասարյանը , որը իշխող կուսակցությանն ու իշխանությանը վիրավորանքներից պաշտպանելու պատճառաբանությանբ` անանուն, բայց ակնհայտորեն Զ. Փոստանջյանին էր ուղղում իր խոսքը, թե անբարոյականները խոսում են բարոյականության մասին, եթե մարդիկ բավարարված չեն, ԱԺ-ն բավարարվելու տեղ չէ, դրա համար այլ միջոցներ կան: Ինչպես տեսնում եք` ոչ մի քաղաքական տարր, այլ միայն մի փոքր գործածելի լեզվի վերածած այլ վայրի խոսակցություն: Է, լավ, էլի, չենք ուզում այս որակի խի՜ստ «խորհրդարանական» տուրեւառ:

Մերժում

Ընտրական ցուցակները հրապարակելու մասին ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների նախաձեռնությունը` այնպես փոփոխել ընտրական օրենսգիրքը, որ ընտրողների ցուցակների հրապարակումը հնարավոր դառնա, երեկ մերժվեց 41 կողմ, 66 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով: Փաստորեն երեք ընդդիմադիր ուժ եւ ԲՀԿ-ն միասին կարողացան ապահովել 41 ձայն:

Կառավարության տժժում

Կառավարության ծրագիրը արդեն երրորդ օրն էր երեկ քննարկվում Ազգային ժողովում, այսօր խմբակցությունների տեսակետներն են հնչելու: Հատկապես վերջին երկու օրը կառավարությանն ու Տիգրան Սարգսյանին այնքան սաստիկ ու այնպիսի որակումներով քննադատեցին մեր ընդդիմադիրները, որ թվում էր` գտնվում ենք դեռ ընտրարշավի որոշիչ փուլում:

Ծրագիրն ընդդիմադիրներն անվանեցին էլ բարի ցանկությունների թուղթ, էլ կենաց, ոչ մի հիմնավորում չունեցող փաստաթուղթ, էլ ինչ ասես...

Նույն սաստկությամբ էլ ընդդիմախոսներին խփում էին ՀՀԿ-ականները, օրինակՙ Արմեն Աշոտյանի, Էդուարդ Շարմազանովի, Մարգարիտ Եսայանի խոսքի պաթոսը բոլորովին էլ նվազ չէր ընդդիմադիրների հռետորաբանության բարձր նոտայից, անգամ մենք կասեինք` դեռ մի բան էլ ավելի:

Է. Շարմազանովը ընդդիմադիրնեին հարցրեց` «Ո՞ւր է ձեր այլընտրանքային ծրագիրը», եւ ըստ ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակի` եթե այն չկա` որքան էլ քննադատեն, գրոշ չարժե: Մարգարիտ Եսայանն ընդդիմադիրներին, այդ թվումՙ կառավարության ծրագիրը թունդ քննադատող իր խնամի Աղվան Վարդանյանին կշտամբեց. «Եթե չեք կարողանում հեղափոխություն անել փողոցներում, ձեր գլուխներում հեղափոխություն արեք, մեր գլուխներում, առաջին հերթին իմ գլխում հեղափոխություն արեք», ասաց: Ընդ որում ե՛ւ Եսայանը, ե՛ւ նրա խնամին տրամագծորեն տարբեր տեսակետներ հայտնելով` երկուսն էլ զավակներին մնալիք ապահով ու անվտանգ պետության մտահոգությամբ էին դա անում:

Խորհրդարանում արդեն երեք օր բոլորը խոսում են, որ մի գնացքում են կամ մեկ նավում են` անկախ ընդդիմադիր կամ իշխանական լինելուց , մի խոսքով տրանսպորտի գլոբալ տեսակի մեջ են` ընդդիմություն եւ իշխանություն: Չիմացվեց միայն, թե այդ փոխադրականում, մենք, հասարակ մահկանացուներս կա՞նք, թե միայն իշխանությունն ու ընդդիմությունն են, եւ ի վերջո դեպի ուր է սլանում այդ գնացքը կամ նավը... հա, երեւի դեպի մտածողության հեղափոխություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ