ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ Պ.Ք. Սահմանադրության պահապանների խորհուրդը հրապարակել է հունիսի 14-ի նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք ստացած թեկնածուների ցանկը: Նախապես հայտ ներկայացրած վեց հարյուր թեկնածուներից մնացել են ընդամենը ութը: Նրանց կեսից ավելին պահպանողականներ են: Թեկնածուների թվում են Իրանի միջուկային ծրագրի շուրջը Արեւմուտքի հետ գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին, նախկին նախարարներ, ինչպես նաեւ այաթոլլահ Խամենեիի խորհրդականը եւ Թեհրանի քաղաքապետը: Ինչպես նշում է ՌԻԱ գործակալությունը, ութ թեկնածուների մեջ նախագահ ընտրվելու առավել մեծ հնարավորություններ ունեն երկուսը: Առաջինը 67-ամյա Ալի Աքբար Վելայաթին է, որը Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի միջազգային հարցերի գծով խորհրդականն է: Վելայաթին 1971 թ. Թեհրանի համալսարանում բժշկության գծով դոկտորական թեզ է պաշտպանել, իսկ 1974-ին մանկաբուժության դոկտորի գիտական աստիճան է ստացել Ջոն Հոփկինսի համալսարանում (ԱՄՆ): Նա 1981-1997 թթ. զբաղեցրել է Իրանի արտգործնախարարի պաշտոնը: Մյուս գլխավոր թեկնածուն Թեհրանի 51-ամյա քաղաքապետ Մոհամմադ-Բագեր Գալիբաֆն է: 1980-1988 թթ. իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ նա ծառայել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման, ապաՙ օդուժի կազմում: 1999 թ. նշանակվել է Իրանի ոստիկանության պետ: 2001 թ. ստացել է աշխարհաքաղաքականության գծով դոկտորական աստիճան: 2005-ի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելովՙ ստացել է քվեների 14 տոկոսից պակաս եւ չի անցել երկրորդ փուլը: Նույն տարվա սեպտեմբերին ընտրվել է Թեհրանի քաղաքապետ, այդ պաշտոնում փոխարինելով նախագահ դարձած Մահմուդ Ահմադինեժադին: Փորձագետները կարծում են, որ Գալիբաֆի նախագահ ընտրվելը կնպաստի Թեհրան-Թել Ավիվ հարաբերությունների ջերմացմանը: |