«ՏԱՏԻԿԻՍ ԴԱՋՎԱԾՔՆԵՐԸ» ԼՈՆԴՈՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ Հ. Ծ. Նշելու համար Լոնդոնի համալսարանում Հայկական ուսումնասիրությունների ծրագրի սկզբնավորումը, ապրիլի 16-ին համալսարանի «Խալիլի» դասախոսությունների դահլիճում տեղի է ունեցել ռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի ցուցադրումը, տեղեկացնում է Գրիգոր Մոսկոֆյանը Լոնդոնից: Ներկա են եղել ՊիԱ Հոլմկվիստը (պրոդյուսեր) եւ Անի Կինգ-Անդըրվուդը (ամբիոնի վարիչ): Ապրիլքսանչորսյան հուշատոնի նախօրյակին ներկաների առաջ բացման խոսքով հանդես է եկել վերոնշյալ համալսարանում հայկական ուսումնասիրությունների ծրագրի հիմնադիր-տնօրեն Գրիգոր Մոսկոֆյանը, որն այնուհետեւ խոսքը փոխանցել է ամբիոնի վարիչ Անի Կինգ-Անդըրվուդին, որպեսզի ներկայացնի ֆիլմը: Նկարահանված Լիբանանում, Սիրիայում, Հայաստանում եւ Մ. Նահանգներում, Խարդալյանի ֆիլմը փորձում է բացահայտել իր տատիկիՙ Խանումի դեմքին եւ ձեռքերի վրա կատարված դաջվածքների գաղտնիքը, իրական պատմությունը: Բայց ֆիլմը անձնական փորձառությունից այն կողմ է անցնում եւ ընդհանրացնում կանանց եւ աղջիկների առեւանգումները կոտորածների ժամանակ եւ նրանց մարմնի տարբեր մասերում դավջածքներ կատարելը որպես նշան «սեփականության»: Ֆիլմը ցնցող տպավորություն է թողել ներկաների վրա, որոնցից շատերը կինոդիտումից հետո ցանկացել են հաղորդակից դարձնել մյուսներին իրենց փորձառությունները միեւնույն հարցի շուրջ: Մեծամասնությունը նշել է, որ իրենց տատիկներն ու պապիկները խուսափել են արտահայտվել այդ մասին: «Ինչո՞ւ, Աստծո սիրույն, ասենք, որ թուրքերն են արել: Դա երկար պատմություն է... եկեք թողնենք, չհիշենք այդ ամենը», ասել են նրանք: Վերքերը քոսոտվել են, բայց չեն ապաքինվել: Դա շատ երկար գործընթաց է: |