RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-05-22 23:50:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1885, Տպվել է` 93, Ուղարկվել է էլ.փոստով` 75

ՎԱԶԳԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ. «ԴԱՐՉԻՆՅԱՆԸ ՄԵԾ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻ Է ՀԱՍԵԼ, ՈՒՍՏԻ ԺԱՄԱՆԱԿՆ Է ՀԵՌԱՆԱԼՈՒ ՌԻՆԳԻՑ»

Վերջերս ԱՄՆ-ում անցկացրած մենամարտում Վախթանգ Դարչինյանը 4-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մեքսիկացի Խավիեր Գալոյին: Երեկ «Տեսակետ» ակումբում կայացած մամուլի ասուլիսում Դարչինյանի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը խոսեց այդ մենամարտի մասին, նաեւ կարծիք հայտնեց, որ Վախթանգը պետք է մտածի բռնցքամարտին հրաժեշտ տալու մասին:

«Վիկի վերջին մենամարտն իսկական պրոֆեսիոնալ մենամարտ էր: Նա կարողացավ իրականացնել իր առջեւ դրած խնդիրն ու նոկաուտի ենթարկեց մրցակցին: Նա շատ գեղեցիկ մենամարտ անցկացրեց ու գեղեցիկ հաղթանակ տարավ: Այդ մենամարտի նպատակն էր քաշային նոր կարգում լավագույն հնգյակում ընդգրկվելը, որպեսզի Վիկն իրավունք ստանար չեմպիոնական տիտղոսի համար պայքարել: Այդ հաղթանակի շնորհիվ հայ բռնցքամարտիկն իրավունք ստացավ մարտահրավեր նետելու մեքսիկացի Վիկտոր Տերազասին: Այն նախատեսվում է անցկացնել օգոստոսին կամ սեպտեմբերին:

Դա կլինի Դարչինյանի չեմպիոնական 9-րդ մենամարտը: Վիկը չեմպիոնական 8 գոտիների տեր է, աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսին է արժանացել: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում քչերին է հաջողվել նման բարձունքների հասնել: Նույնիսկ Կլիչկո եղբայրները միասին հազիվ են կարողացել Վախթանգի պես շատ գոտիներ նվաճել», նշեց Վազգեն Բադալյանը:

Ըստ մարզչի, Վիկի հաղթանակի գրավականը նպատակասլացությունն է: Մարզիչը դա նկատել է իր սանի հետ պարապելու առաջին իսկ օրերից: Դարչինյանը շատ աշխատասեր է, ինչը կարեւոր է բռնցքամարտում: Եթե մարդ տաղանդավոր է, սակայն աշխատասեր չէ, տաղանդը չի զարգանա եւ կարող է հաջողություն չբերել մարզիկին:

Վազգեն Բադալյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Դարչինյանը պետք է մտածի բռնցքամարտին հրաժեշտ տալու մասին, քանի որ արդեն 37 տարեկան է. «Վիկին խորհուրդ կտայի առաջիկա մենամարտով ավարտել բռնցքամարտի կարիերան: Ժամանակն է, որ նա զբաղվի անձնական կյանքով: 37 տարեկանը լուրջ տարիք է բռնցքամարտիկի համար: Նա 7 տարեկանից է զբաղվում բռնցքամարտով, ուստի տարիների ընթացքում ուղղակի հոգնածություն է կուտակվում: Չնայած Դարչինյանը ֆիզիկապես բավականին ուժեղ է, բայց որպես նախկին բռնցքամարտիկ կփաստեմ, որ գալիս է մի ժամանակահատված, երբ հոգնում ես մարզումներից, մենամարտերից:

Ինձ հետ համամիտ են նաեւ Վիկի ծնողները, իսկ ահա Դարչինյանն այլ կարծիքի է: Եթե որպես մարզիչ մոտենամ այդ հարցին, ապա կարող եմ ասելՙ թող շարունակի մենամարտել: Բայց նա պետք է հասկանա, որ ժամանակն է հեռանալ ռինգից: Նա մեծ ներդրում ունի հայկական բռնցքամարտում, ուստի կարող է վաստակած հանգստի անցնել»:

Վազգեն Բադալյանը նշեց, որ Դարչինյանը վաղուց ցանկություն ունի Վանաձորում իր անունը կրող բռնցքամարտի դպրոց կառուցել: Նա ցանկանում է հող գնել, շինարարություն իրականացնել: Ըստ Բադալյանի, նրա փոխարեն դա պետք է ուրիշները կատարեինՙ հաշվի առնելով Վիկի մեծ ներդրումը հայկական բռնցքամարտում: Վազգեն Բադալյանը ողջունեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում Յուրի Վարդանյանի նշանակումը եւ հույս հայտնեց, որ վերջինիս օրոք շատ դահլիճներ կվերանորոգվեն, նորերը կկառուցվեն: Նա վստահ է, որ Յուրի Վարդանյանի շնորհիվ Դարչինյանի վանաձորյան մարզադպրոցի ստեղծման մտահղացումն էլ կիրականացվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ