RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#083, 2013-05-21 > #084, 2013-05-22 > #085, 2013-05-23 > #086, 2013-05-24 > #087, 2013-05-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013



ՓՈԽԱԲԵՐԱԿԱՆ

Տեղադրվել է` 2013-05-22 23:50:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1987, Տպվել է` 70, Ուղարկվել է էլ.փոստով` 70

ԷՇԸ ԵՐԲԵՎԷ ՔԱՑԻ ԿԳՑԻ՞

Կ. ՔԱԼԱՇՅԱՆ

Վերջերս իր տիրոջը սպանող կատաղած ավանակի արարքը ինձ ստիպեց փորփրել արխիվներս եւ գտնել 2002 թ.-ի հոդվածս, որտեղ, ընդունելով ավանակի անճարությունը եւ էշի պահվածքը, նաեւ հույսեր էի կապել, որ կգա այն օրը, երբ էշը ցույց կտա իր սմբակի ուժը: Ընթերցողներս խիստ ծիծաղեցին իմ միամտության վրա եւ դիտողություն արեցինՙ պարզաբանելով, թե զուր հույսեր եմ կապում, էշը կմնա էշ: Ուստի թույլ տվեք 2002 թ.-ի հոդվածս որոշ կրճատումներով տպագրել:

Երբ շատ փոքր էի, մայրս ինձ տանում էր կրկես: Ինձ դուր էր գալիս հատկապես կենդանիների ելույթը: Երբ մի փոքր մեծացա, նկատեցի, որ վարժեցնողը կենդանիների յուրաքանչյուր ելույթից հետո ձեռքը տանում է գրպանը, հետո քսում կենդանիների բերանին:

- Ինչո՞ւ է այդպես անում,- հարցրի մորս:

- Կերակրում է:

- Իսկ չի՞ կարելի մինչեւ ներկայացումը կամ ներկայացումից հետո կերակրել:

- Այդ պահերին էլ է կերակրում: Իսկ ներկայացման ժամանակ պետք է պարտադիր կերակրի, որ իրեն չհոշոտեն:

- Իսկ փոքրիկ շնիկներին ինչո՞ւ է կերակրում, չէ՞ որ նրանք նույնիսկ կծել չեն կարող:

- Նրանց էլ կերակրում է, որ հետեւի թաթիկների վրա ման գան, տուտուզիկները շարժեն ու պարեն:

Վերջում եկավ թագավորական կառքին լծված ավանակը: Եկավ եւ էշի պես համբերատար սպասեց, մինչեւ ժանիքավորները վարժեցնողի գոռգոռոցով, ճիպոտի հարվածներով գազանները տեղավորվեցին սայլակում, իսկ հետեւի թաթերի վրա պարողները տեղ գտան ավանակի մեջքի, մի երկուսն էլ գլխի վրա: Մի քանի ճիպոտի հարված ստանալուց հետո ավանակը հազիվ կարողացավ կառքը տեղից շարժել, եւ աչքերը դուրս պրծած, հազիվ մի պտույտ կատարեց արենայում, ինքն էլ լեշ դարձածՙ այդ լեշը դուրս տարավ:

- Իսկ ավանակին ինչո՞ւ չկերակրեց,- նորից հարցրի մորս:

- Նա ոչ ժանիք ունի, ոչ էլ հետեւի թաթերի վրա պարել գիտի: Իսկական էշ է, բայց մի անհանգստանա,- շարունակեց մայրս: - Նրան էլ ներկայացումից հետո մի բուռ խոտ կգցեն, որ սովից չսատկի...

Այդ պահից հիասթափվեցի ե՛ւ կրկեսից, ե՛ւ կրկեսի կենդանիներից: Գազանանոց էի գնում, նրանց էի սիրում, որոնք, չնայած վանդակում, հպարտությունը չէին կորցրել եւ, ամենակարեւորը, ԱՆԿԱՇԱՌ էին:

Խի՞ստ եմ խոսում: Վիրավորում եմ զոռբաներին եւ անճարակներին:

Ավելի լավ էՙ նորից հիշենք հանգուցյալ մորս հետ տեղի ունեցած զրույցի վերջը:

- Մայրիկ, ախր ավանակը ինչո՞ւ է այդքան խեղճ, մի՞թե նա պաշտպանվելու ոչինչ չունի:

- Ունի, զավակս, նրա սմբակի հարվածը առյուծին էլ կսպանի, վարժեցնողին էլ:

- Իսկ ինչո՞ւ չի օգտագործում:

- Չգիտեմ: Միգուցե մի օր օգտագործի, ասում ենՙ 20 տարի մեկ է օգտագործում: Բայց դու նման բաներ մի մտածի, չի կարելի:

ՏԵՍՆԵՍ Ե՞ՐԲ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #85, 23-05-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ