ՍՏԱՄԲՈՒԼԻ ԴԱՏԱՐԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ՊՈԼՍԱՀԱՅ ԼԵԶՎԱԲԱՆԻՆ Ստամբուլի ընդհանուր իրավասության 14-րդ դատարանը Մուհամմեդ մարգարեին վիրավորելու մեղադրանքով պոլսահայ հայտնի լեզվաբան, գրող, հրապարակախոս Սեւան Նիշանյանին դատապարտել է 13,5 ամսվա ազատազրկման: Ըստ «Արմենպրեսի»` այս մասին տեղեկացրել է թուրքական «Ռադիկալ» պարբերականը: Դատարանի որոշմամբ վճիռը չի կարող չեղյալ համարվել տուգանք վճարելու դեպքում: Խոսելով դատարանի վճռի մասին` Սեւան Նիշանյանն ասել է. «Այստեղ համակարգված քաղաքականություն կա: Սա դատարանի կայացրած որոշումը չէ: Վստահ եմ, որ այս գործում խառն է կառավարությունը»: Ըստ Սեւան Նիշանյանիՙ սա ներքաղաքական լուրջ խնդիր լինելուց բացի` նաեւ արտաքին քաղաքական հարց է, եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետք է սրան լուրջ ուշադրություն դարձնի: Հիշեցնենք, որ պոլսահայ լեզվաբանի դեմ դատական գործ էր հարուցվել 2013 թվականի մարտին նրա հոդվածներից մեկում տեղ գտած հետեւյալ արտահայտության համար, որը հեղինակել էր Սեւան Նիշանյանը. «Մահմեդականության հանդեպ իմ հայացքները դրական չեն: Կարծում եմՙ իրավունք ունեմ հայացքներս ուզածս վայրում եւ ուզածս լեզվով արտահայտելու»: |