ՀԱՐՑԵՐ, ՀԱՐՑԵՐ, ՀԱՐՑԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ Մ. Խ. Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին, ինչպես միշտ, պահանջարկված էր վարչապետ Տիգրան Սարգսյանը : Նախ նա պատասխանեց նախկին վարչապետ Հ. Բագրատյանի` ժամանակին մարդկանց անհատույց տրամադրված կոլեկտիվ սեփականության հանդեպ լիազորությունների վերաբերյալ հարցին, նշելով թե պատրաստ է Բագրատյանին տրամադրել ինչ լիազորություն ուզում է` միասին քննարկելու համար փոքր սեփականատերերի լիազորությւոնների, նրանց շահերի պաշտպանության խնդիրը: Ըստ Տ. Սարգսյանի` համագործակցելն ավելի հեշտ կլիներ, եթե Բագրատյանը վիրավորական բնորոշումներ չգործածեր իր ելույթներում, մանավանդ որ կառավարությունից երբեք այդպիսի պիտակավորում չի եղել Բագրատյնի համար: ՀԱԿ պատգամավոր եւ ՍԴՀԿ նախկին ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը ՍԴՀԿ ատենապետի (Սեդրակ Աճեմյանի) գրանցման մեջ քաղաքական պատվեր տեսավ, Սեդրակ Աճեմյանի եւ վարչապետի անձնական կապերի մասին խոսեց: Ի պատասխան վարչապետը նշեց, թե ցավ է ապրում` տեսնելով պրոբլեմներ ավանդական կուսակցություններում (ՍԴՀԿ-ում, ՌԱԿ-ոււմ), որոնց համազգային արժեք անվանեց, քանի որ նրանք ազգային կարեւորության խնդիրներ են լուծում: Բայց. «Մենք չենք խառնվել ու չենք խառնվելու ձեր կուսակցական գործերի մեջ եւ անձնական հարաբերություններ չկան Աճեմյանի հետ, չեղած բանն ինչո՞ւ եք մեզ վրա բարդում», ասաց` խնդրելով, նման անհիմն մեղադրանք չներկայացնել: Լ. Սարգսյանը պնդեց, թե պետռեգիստրում ապօրինի գրանցում է իրականացվել եւ պաշտոնապես մեղադրեց իշխանությանը` դատական համակարգը ոչնչացնելու մեջ, որի պատճառով դատարանն անկախ վճիռ չի կարողանում կայացնել. «Պաշտոնապես մեղադրանք եմ առաջադրում ` դուք խառնվում եք քաղաքական կուսակցությունների ներքին կյանքին, չփորձեք միջամտել»: Տ. Սարգսյանն էլ ամբողջն անհիմն հերյուրանք անվանեց` անիմաստ ու անհասկանալիՙ նպատակի առումով: Զ. Փոստանջյանը հետաքրքրվեց «Փակ շուկայի» ապօրինի շինարարությամբ` կառավարությունն անզոր անվանելով այդ հարցում, սակայն քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը պնդեց, որ ներկայումս շուկայի վերգետնյա հատվածում շինարարություն չի իրականացվոււմ: Ասաց, որ խնդիրն ուսումնասիրվել եւ առաջարկություն է ներկայացվել քաղաքապետարան, նախագիծը համաձայնություն փուլում է, այս ընթացքում շինաշխատանքը դադարեցված է: ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը կարկուտի եւ նրանից տուժածների մասին հարց ուղղեց գյուղնախարար Սերգո Կարապետյանին , գյուղնախարարը պատասխանն իր թղթերից ու պաթոսային ոճով ընթերցում էր. «Ով տեքստը գրել- տվել է` նրան աշխատանքից ազատեք, երեք հարց տվեցի` պատասխանեք, կարդում եք, որ ինչ անեք», արձագանքեց Ա. Վարդանյանը գյուղնախարարին: ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը հետաքրքրվեց, թե երբ է հայտնի դարձել գազի սակագնի բարձրացումը, սուբսիդավորումը սահմանին առանց խորհհրդարանի գիտության ինչու է հայտարարվել, եւ արդյո՞ք ընտրական գործընթացների ընթացքում է այն գաղտնի պահվել հասարակությունից, Իրանից ինչո՞ւ գազ չենք գնում: Ըստ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ` Իրանից գազ գնելը շահավետ չէ, ռուսական կողմի հետ բանակցությունները երկար ժամանակ են ընթացել, արդյունքում` Հայաստանին ամենացածր գինն է հիմա առաջարկվում 270 դոլար սահմանին, սուբսիդավորման հարցը դեռ քննարկվում է, իսկ քաղաքական նպատակ չի կարող լինել, քանի որ բոլոր մյուս երկրների հետ էլ գազի գնի շուրջը բանակցություններ են: |