RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013



ՔԱՐՈԶԱՐՇԱՎ

Տեղադրվել է` 2013-08-27 23:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 834, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 22

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՊԱԼԱՏՈՒՄ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Տիգրան Աթանեսյան, Արա Զոհրաբյան, Կրոմվել Գրիգորյան եւ Աշոտ Թադեւոսյան:

Այս չորս փաստաբանները սեպտեմբերի 14-ին կպայքարեն Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնի համար: Փաստաբանների պալատի ներկայիս նախագահ Ռուբեն Սահակյանն այս անգամ չի առաջադրվել, սակայն չի թաքցրել, որ պաշտպանելու է Արա Զոհրաբյանի թեկնածությունը:

Զոհրաբյանն էլ համոզված էՙ առաջիկա ընտրություններից հետո փաստաբանության ոլորտը մեկ քայլով առաջ կգնա: Թեպետ վերջին տարիներին Փաստաբանների պալատը լուրջ ձեռքբերումներ ունի, սակայն Զոհրաբյանը կենտրոնանում է բացթողումների վրա:

«Ներկայացուցչական գրասենյակների բացակայությունը մարզերում, փաստաբանների նվաճումների թերի լուսաբանումն ու փաստաբանների համագործակցության պակասը լուրջ մտահոգության առարկա են: Առկա են նաեւ արտաքին խնդիրներ. մասնավորապես պետությունը ձգտում է վերահսկել փաստաբանների մասնագիտական պրակտիկան, ինչպես նաեւ արդարադատության իրականացման եւ դատական անկախության ապահովման գործընթացում առաջացող բարդությունները», ասում է Զոհրաբյանըՙ հավելելով, որ ընտրվելու դեպքում կզարգացնի հանրային պաշտպանի ինստիտուտը, կնպաստի փաստաբանների իրավունքների պաշտպանությանն ու մասնագիտական գործունեության իրականացմանը, կբարձրացնի փաստաբանների մասնագիտական ունակությունները:

Ինչպես Արա Զոհրաբյանը, Տիգրան Աթանեսյանն էլ օգոստոսի 23-ից նախընտրական քարոզարշավի մեջ է եւ բուկլետների ու տեսահոլովակների միջոցով ներկայացնում է իր ծրագրային դրույթները: «Փաստաբանների պալատը պետք է պաշտպանի փաստաբաններին»: Սա Աթանեսյանի ծրագրային դրույթի ամենակարեւոր կետն է:

«Պալատը պետք է պաշտպանի իր փաստաբանին, պալատի ֆինանսական գործունեությունը պետք է լինի թափանցիկ, պալատը պետք է օգնի երիտասարդ փաստաբաններինՙ սկսելու իրենց գործունեությունը, պետք է ամբողջությամբ քննության առիթ դարձնի հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությունը, թափանցիկ դարձնի պալատի կողմից որոշումների ընդունումը»:

Աթանեսյանի բնորոշմամբՙ այսօր Փաստաբանների պալատը վերածվել է դրամարկղի, որտեղ փաստաբաններն անդամավճար են մուծում, սակայն կառույցը փաստաբանի կյանքում որեւէ մասնակցություն չունի: Ավելին, շենքը վերածվել է մի քանի փաստաբանների գրասենյակի: Աթանեսյանի գնահատմամբՙ պալատը պետք է լինի առօրյա քաղաքականությունից դուրս եւ միշտ գտնվի փաստաբանի կողքին: «Պալատը երբեք չպետք է խառնվի փաստաբանի բուն աշխատանքին, հատկապես, եթե փաստաբանը գործում է օրենքի շրջանակներում, կատարում մասնագիտական պարտքը: Բայց եթե փաստաբանները ենթարկվում են հալածանքների, ապա պալատը հնարավոր բոլոր միջոցներով պետք է սատարի նրան»:

Աթանեսյանը հիշում է, որ 2005-ին փաստաբան Վահե Գրիգորյանը ենթարկվում էր հալածանքների, մինչդեռ պալատն այդ ժամանակ լռություն էր պահպանում, ու փաստաբանի կողքին միայն նրա սրտացավ գործընկերներն էին:

Կրոմվել Գրիգորյանն էլ համոզմունք է հայտնում, որ գործընկերներն ընտրությանը կմասնակցեն պատասխանատվության բարձր զգացումով, առանց տուրք տալու որոշ նեղ անձնային շահերին եւ կընտրեն արժանավորին:

Գրիգորյանի գնահատմամբՙ Փաստաբանական պալատում առկա է բյուրոկրատական համակարգ, որն ի վիճակի չէ լուծել ոլորտի խնդիրները: Նրա խոսքերովՙ փաստաբանները տարանջատված են, դա խանգարում է մասնագիտական կարողությունների մեկտեղմանը, արդյունավետ օգտագործմանն ի շահ փաստաբանական ինստիտուտի կայացման:

Կրոմվել Գրիգորյանը նշում է, որ մասնակցելու է քարոզարշավին, հանդիպելու է մարզերում իր գործընկերներին, նրանց հետ քննարկելու խնդիրներ:

Առաջին քայլը, որ կկատարի Գրիգորյանը, փաստաբանության մասին օրենքում օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումն է:

Աշոտ Թադեւոսյանն էլ թեկնածությունն առաջադրել է, որովհետեւ 23 տարի աշխատել է դատավոր, 10 տարիՙ Մաշտոցի շրջանում խորհրդատվության վարիչ եւ արդեն 30 տարի փաստաբանական գործունեություն է իրականացնում:

Բացի իրավաբանական գործունեությունիցՙ Թադեւոսյանը նաեւ բանասեր է, Պարույր Սեւակի մտերիմ ընկերն ու արդեն 42 տարի իր մոտ է պահում Պարույր Սեւակի սիրտը: «Ծայրահեղ բարի մարդ եմ, ասմունքում եմ ու տառապում պարույրապաշտությամբ», իրեն այսպես է ներկայացնում փաստաբանըՙ հավելելով, որ բուկլետներ չի տարածելու, ելույթներ չի ունենալու: Անգամ Փաստաբանների պալատի անդամներին չի զանգահարելու, որ տեղյակ պահի իր թեկնածության մասին: Փաստաբանների հեռախոսահամարներն էլ չունի, բայց ունի վստահելի մարդ, որ փաստաբանների հետ կզրուցի եւ իր մասին դրական խոսքեր կասի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ