RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#139, 2013-08-24 > #140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013



Տեղադրվել է` 2013-08-27 23:20:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1189, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 25

ՓԱՐԻԶՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԴԵՐՍԻՄԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆ

Պ. Ք.

Փարիզի արվարձան Ալֆորվիլի «Սիժեստ» հրատարակչությունը լույս է ընծայել Էրվան Կերիվելի «Արեւորդիներ. Դերսիմի հայերը եւ ալավիները» գիրքը, որի նախաբանի հեղինակն է Դենի Տոնիկյանը: 192-էջանոց աշխատության մեջ կան 25 լուսանկար եւ 9 պատկերազարդում:

Երկու խոսք գրքի հեղինակ Էրվան Կերիվելի մասին: Նա ծնվել է 1972 թվականին: 1990-ին Ֆրանսիայում ներգաղթյալ ալավիների համայնքի հետ հանդիպումից հետո որոշել է ուսումնասիրել Եվրոպայում քիչ հայտնի այդ ժողովրդի մշակույթը: Թուրքախոս դառնալովՙ քանիցս այցելել է Դերսիմ եւ տարիներ տեւած հետազոտություններից եւ ուսումնասիրությունների հետո գրել է հիշյալ աշխատությունը, որտեղ տալիս է Դերսիմի հայերի եւ ալավիների փոխհարաբերությունների պատմական ու սոցիոլոգիական նկարագրությունը:

Հայերի համար «Սեմի երկիր» կամ «Սիմոնի երկիր», քրդերի համար «Արծաթե դուռ» համարվող Դերսիմը Արեւելյան Անատոլիայի մի շրջան է, որը լի է առասպելներով եւ գաղտնիքներով:

Կենտրոնական իշխանություններին ընդդիմացողների համար երկար ժամանակ ապաստարան ծառայած այդ երկրամասը ներկայումս Թուքիայում հայտնի է «Թունջելի» անունով: Հանդուրժողականության եւ բազմազանության երկիր Դերսիմում խոսում էին քրդերեն կամ զազաերեն եւ հայերեն: Այնտեղ քրիստոնեական եկեղեցիներն ու վանքերը հարեւանում էին ալավիների սրբավայրերին, տղամարդիկ եւ կանայք միավորված էին բնության տարերքի հանդեպ ակնածանքով ու սիրով: Դերսիմի ալավիզմի ակունքները պետք է փնտրել իրանական մշակութային տարածքումՙ միթրայականության մեջ, ինչպես նաեւ դրա հայկական դրսեւորոմանՙ հայ հեթանոսության մեջ:

Հնարավո՞ր է արդյոք, որ հայերի մի մասը կապված մնար զրադաշտականությունից ծագած հեթանոսական հավատալիքներինՙ միաժամանակ ընդունելով քրիստոնեական «արտաքին փայլ»: Նույն ձեւով կարող ենք ինքներս մեզ հարց տալ Դերսիմում հաստատված իրանական ժողովուրդների շիա սուֆիական «արտաքին փայլի» առնչությամբ: Այդ դեպքում կարող էինք առաջ քաշել մի հանդուգն վարկած, ըստ որի Դերսիմը վերջին «արեւորդիների» ապաստանն է, եւ որ Դերսիմի ալավիզմը հայ-իրանական յուրօրինակ համադրություն է:

Դերսիմցի ալավիներն ու հայերը ճակատագրի այն ընդհանրությունն ունեն, որ կրել են բարբարոսության հարվածները: Մոտավորապես քսան տարվա տարբերությամբ իրականացված ցեղասպանությունը եւ ազգասպանությունը վերջ դրեցին Դերսիմի մշակութային բազմազանությանը, որն այնքան վախեցնում էր կարծեցյալ «թուրքական մաքուր ցեղի» քաղաքական վերնախավին:

Հայերի եւ ալավիների ընդհանուր շահը պահանջում է համատեղ պայքարել, որպեսզի ճանաչվեն հակամարդկային այն ոճիրները, որոնց զոհերը դարձան իրենք: Բարեկամության շղթայի օղակները փշրվեցին այդ ողբերգական իրադարձություններից, եւ Դերսիմի ալավիները թաքցրին արյունալի սպանդից իրենց փրկած հայերին, մերվեցին նրանց հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #141, 28-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ