ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ 4 ՏՈԿՈՍԻՑ ԷԼ ՑԱԾՐ ԿԼԻՆԻ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՄՀ պատվիրակության ղեկավարի հայտարարությունը Հայաստանի տնտեսական վիճակի վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունը, Մարկ Հորթոնի գլխավորությամբ, սեպտեմբերի 5-18-ը այցելել է Երեւան, հանդիպումներ ունեցել վարչապետի, ֆինանսների նախարարի, Կենտրոնական բանկի նախագահի, էկոնոմիկայի նախարարի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի, տրանսպորտի եւ կապի նախարարի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային համայնքի եւ բանկային ու գործարար ոլորտների ներկայացուցիչների հետ: Հետո Մարկ Հորթոնը հանդես է եկել հայտարարությամբ, որը մեզ տրամադրեցին ԱՄՀ հայաստանյան գրասենյակից. «2012թ. տնտեսության աշխուժացման արագ տեմպը 2013թ. չափավորվում էՙ արտացոլելով արտաքին, այդ թվումՙ տարածաշրջանային տնտեսությունների ավելի թույլ պահանջարկը, սպասվածից ավելի խիստ հարկաբյուջետային դիրքը եւ վարկերի դանդաղ աճը: Հավանական է, որ աշխուժության տեմպը դանդաղի հուլիսին տեղի ունեցած գազի եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացման հետեւանքով: 2013թ. սպասվում է 4 տոկոսից ցածր տնտեսական աճ, սակայն միջին ժամկետում աստիճանաբար կբարձրանա 5 տոկոսՙ հիմնված կառուցվածքային ամուր բարեփոխումների, տարածաշրջանային ավելի բարձր ինտեգրման եւ պետական, մասնավոր ու օտարերկյա ներդրումների ավելացման վրա: Պարենային ապրանքների եւ էներգակիրների գների բարձրացումը գնաճը մղել է Կենտրոնական բանկի նպատակային միջակայքից (4+ -1,5 տոկոս) վերեւ: Հավանական է, որ հետագա մի քանի ամիսների ընթացքում պահպանվի բարձր գնաճըՙ 2014թ. վերադառնալով նպատակային միջակայքՙ արտացոլելով գնաճի լավ խարսխված սպասումները եւ ԿԲ-ի կողմից վերջերս (վերաֆինանսավորման) տոկոսադրույքի բարձրացումը: 2013թ. հավանական է, որ բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի 2 տոկոսից ցածր լինիՙ բյուջեով նախատեսված 2,6 տոկոսի համեմատ: Ակնկալվում է, որ կապահովվեն բյուջեի եկամուտների թիրախները, իսկ ծախսերը կլինեն ավելի ցածր, թեեւ տարվա երկրորդ կիսամյակում ելքերն ավելացել են: Առաքելությունը քննարկել է 2014թ. բյուջեի նախագիծըՙ շեշտադրելով պակասուրդը ՀՆԱ-ի 2 տոկոսից ցածրՙ պարտքի կայունացման մակարդակին մոտ պահելու անհրաժեշտությունը եւ գնահատելով հարկերի հավաքագրումն առավել ամրապնդելու հեռանկարներըՙ լրացուցիչ կապիտալ եւ սոցիալական ծախսերի համար ֆինանսավորում ապահովելու նպատակով: ԱՄՀ առաքելությունը ընդգծել է, որ աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացումներն անհրաժեշտ է իրականացնել հանրային հատվածում արդյունավետության բարձրացման, հարկաբյուջետային կայունության եւ կապիտալ ծախսերի համարժեք ապահովմանը համահունչ, ինչպես նաեւ ուշադրություն դարձնել ազդեցությանը գնաճի, մասնավոր հատվածի աշխատավարձերի եւ գործազրկության վրա: Այս տարի արտաքին ճշգրտումն ավելացել է: Վերջինս արտահանման առողջ ընդլայնման արդյունք է, որը գլխավորել են հանքարդյունաբերությունը եւ ագրովերամշակումը, ճկուն մասնավոր տրանսֆերտները եւ ներմուծման համեստ աճը: ԿԲ-ն ամռանը կարողացել է պահուստներ կուտակել եւ սահմանափակել դրամի վրա աճի ուղղությամբ ճնշումները: Ընթացիկ հաշվի պակասուրդը, ըստ կանխատեսման, 2014-2016 թթ. կնվազիՙ արտացոլելով գազի գների նվազումն ու արտահանման շարունակական աճը, որին օժանդակել են ռուսական շուկայում ձեռքբերումները, կառուցվածքային բարեփոխումները, ԵՄ չափանիշների հետ ներդաշնակեցումը, օդային կապի ընդլայնումը եւ ենթակառուցվածքի բարելավումները: Կառուցվածքային բարեփոխումները շարունակվել են, եւ ապագա միջոցառումները պետք է նպատակաուղղվեն գործարար միջավայրի, բաց տնտեսության, մրցակցության եւ դիվերսիֆիկացման բարելավմանըՙ միաժամանակ դիմագրավելով կարեւոր ռիսկերի: Հիմնական ոլորտները ներառում են կարգավորման եւ ստուգումների պարզեցումը, ներքին մրցակցությունը, մաքսային վարչարարությունը, բանկային ոլորտի եւ կենսաթոշակային հիմնադրամի վերահսկողությունը, քաղաքացիական ավիացիայի եւ էներգետիկայի ոլորտները: Առաքելությունը նախնական քննարկումներ է անցկացրել Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետեւանքների վերաբերյալՙ կապված արտաքին մաքսատուրքերի, առեւտրի եւ ներդրումների հետ»: |