ԱՊՀ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ Գ. Մ. Ամառային ընդմիջումից հետո այսօր Գյումրիում վերսկսվում են ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի միջոցառումները: Առաջինը կլինի 88-ի ավերիչ երկրաշարժից ի վեր տնակային պայմաններում գործող համար 6 մանկական երաժշտական դպրոցի շենքի բացումը, որը կառուցվել է միջազգային նախագծով, ռոք անվանի աստղերի գործուն աջակցությամբ: Այսօր Գյումրու Խաչքարերի պուրակում տեղի կունենա նաեւ Արվեստների եւ արհեստների առաջին փառատոնը, որը խոստանում է ուշագրավ նորություն դառնալ քաղաքի կյանքում: Ըստ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տարածած հաղորդագրության, նշված փառատոնի շրջանակում կտեղադրվեն 25 տաղավարներ, որտեղ կցուցադրվեն տեղացի արհեստավորների, նկարիչների, դարբինների, ոսկերիչների, գորգագործների եւ քանդակագործների ավանդական աշխատանքները: Փառատոնի ընթացքում նաեւ ելույթ կունենան տեղացի երաժիշտներ, պարային համույթներ եւ դերասաններ, կմատուցվեն գյումրեցի խոհարարների պատրաստած կերակրատեսակներ: Միջոցառման նպատակն է ներկայացնել Գյումրու պատմամշակութային արժեքներն ու ավանդույթները, ինչպես նաեւ աջակցել զբոսաշրջային ներուժի զարգացմանը: Փառատոնը կազմակերպում է «Արենի փառատոն» հիմնադրամըՙ ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի», ՀՀ էկոնոմիկայի, մշակույթի, տարածքային կառավարման նախարարությունների եւ Հայաստանի համայնքների միության աջակցությամբ: Ակնկալվում է, որ միջոցառումներին կմասնակցի նաեւ հանրապետության նախագահը: Վաղը քաղաքում կբացվի նաեւ «ԲարՔեմփ Գյումրի-13» ոչ ֆորմալ երկրորդ կոնֆերանսը, որը հանրությանը տեղեկատվական եւ հաղորդակցական նորարարական տեխնոլոգիաներին, համացանցին եւ նոր մեդիաներին հաղորդակից դարձնելու նպատակ ունի: Ինչպես տեղեկացվել է, նույն օրը կմեկնարկի եւ քանդակի «Կենարար աղբյուր» խորագրով մոտ մեկ ամիս տեւողությամբ միջազգային սիմպոզիումը: |