ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ԿԱՌՈՒՑՎԱԾ Է, ՄՅՈՒՍ ԾՐԱԳՐԵՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն Ինչպես արդեն հայտնի է, նախօրեին ՌԴ մայրաքաղաքում տեղի ունեցավ Մոսկվայի հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման եւ եկեղեցական համալիրի բացման արարողությունը: Հոյակերտ այս համալիրի կառուցման մեջ ֆինանսական շատ մեծ ներդրումներ է ունեցել «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Եվ ընդհանրապես, հայտնի է, որ Կարապետյանները, բացի բարեգործական տարաբնույթ այլ ծրագրերից, որոնց մասին պատշաճ կարգով իրազեկվել է մեր հանրությունը, մեծածավալ միջոցներ են ներդնում նաեւ կենսական, մշակութային, հոգեւոր եւ այլ նշանակության կառույցների վերանորոգման կամ կառուցման նպատակով: Մասնավորաբար, շուտով Ստեփանակերտում կսկսի գործել նոր հանրապետական հիվանդանոցը, որի կառուցման համար Կարապետյանների ընտանիքը ներդրել է շուրջ 30 մլն դոլար: Մոտ տասը հազար քմ տարածք ունեցող այս հիվանդանոցը տարածաշրջանում յուրահատուկ է իր ճարտարապետական եւ շինարարական լուծումներով, ինչպես նաեւ գերժամանակակից կահավորմամբ ու սարքավորումներով: Հիվանդանոցն ունի նաեւ ստորգետնյա հատված: Մինչ Ստեփանակերտի հիվանդանոցը հանդիսավորությամբ իր դռները կբացի, մեծ թափով ընթանում են Վանաձորի մարզային նոր կառուցվելիք գերժամանակակից առողջապահական համալիրի շուրջ 3500 քմ տարածքով ծննդատան շինարարական աշխատանքները, որոնք եւս ամբողջությամբ ֆինանսավորվում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից: Հիմնադրամը մեծածավալ ծրագրեր է իրականացնում նաեւ Սուրբ Էջմիածնում: Մասնավորաբար, հիմնովին, ընդհուպ ամրացումները, նորոգվում է վեհարանի շենքը, որն ունի ավելի քան 100 տարվա պատմություն եւ ժամանակին կառուցվել է հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի միջոցներով: Ավարտին են մոտենում Մայր աթոռի հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքները: Իսկ ահա Տաշիր քաղաքում Կարապետյանների շնորհիվ կկառուցվի նոր, ժամանակակից մանկապարտեզ` նախկին կիսավեր, վթարային մանկապարտեզի փոխարեն: Ծննդատան, վեհարանի, հանդիսությունների սրահի եւ մանկապարտեզի շինարարական աշխատանքների համար եւս Կարապետյանների ֆինանսավորումը կկազմի մի քանի տասնյակ միլիոն դոլար: |