RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#157, 2013-09-19 > #158, 2013-09-20 > #159, 2013-09-21 > #160, 2013-09-24 > #161, 2013-09-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013



ՖԻՆԱՆՍՆԵՐ

Տեղադրվել է` 2013-09-20 23:22:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1085, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 16

3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ «ՔԱՐԴԱՇՅԱՆ» ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այդ ծածկանունը ստացած հայկական եվրոպարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է

Հայաստանը սեպտեմբերի 19-ին տեղաբաշխել էր առաջին եվրոպարտատոմսերը (այսպես ասած «եվրոբոնդերը») միջազգային կապիտալի շուկայում: Դրանց գլխավոր տեղաբաշխողներըՙ Deutsche Bank AG-ը, HSBC Bank plc-ը եւ J.P.Morgan Securities plc-ը, հաջողությամբ ավարտել են պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը: Թողարկման պայմաններն են. ծավալըՙ 700 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետըՙ 7 տարի, տոկոսադրույքըՙ 6 տոկոս: Հայաստանի վարկանիշը Moody՛s-ը գնահատել է Ba2 կայուն, իսկ Fitch-ըՙ BB- կայուն: Այդ մասին տեղեկացանք ֆինանսների նախարարությունից:

Ինչպես երեկ նշել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը , միջազգային փորձագետները բարձր են գնահատել առաջին սուվերեն եվրոպարտոտոմսերի տեղաբախշման արդյունքները, եւ Հայաստանի մուտքը միջազգային կապիտալի շուկա համարում են հաջողված:

«Հայաստանը կարողացավ օգտագործել ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի (FOMC) հայտարարությունից հետո շուկայում ստեղծված հնարավորությունը», ասել է ֆինանսների նախարարը: Նրա գնահատմամբՙ այս թողարկումը դիվերսիֆիկացնում է երկրի ֆինանսական աղբյուրները եւ ստեղծում ուղենիշ, որը կարող են հետագայում օգտագործել հանրապետության մասնավոր հատվածի թողարկողները:

Ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկած եվրոպարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը:

Տեղեկացնենք, որ հայկական պարտատոմսերի ցածր` 6 տոկոս դոլարային եկամտաբերությունը նշանակում է, որ հայկական պարտատոմսերն ավելի վստահելի են, իսկ պահանջարկն ավելի բարձր է:

Հայտնի է արդեն, որ հայկական եվրոպարտատոմսերը շրջանառվելու են «Քարդաշյան» ծածկանվան տակ, ինչը կարելի է հասկանալ, քանի որ ամերիկյան ֆոնդային բորսաներում շրջանառվող բոլոր երկրների պետական պարտատոմսեր ստանում են նույնականացման ծածկանուն: Ճապոնական պարտատոմսերն ունեն «սամուրայ» ծածկանունը, ավստրալականը` «կենգուրու», ռուսականը` «մատրյոշկա» եւ այլն: ԱՄՆ-ում «Քարդաշյանը» թերեւս ամենահայտնի անվանումն է, որ կարող է նույնականացվել Հայաստանի կամ հայերի հետ: Բա՞:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #159, 21-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ