ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՎԱՀԱՆ ՔՈՉԱՐ «Լուսանկարչության լեզուն համամարդկային է, այն թարգմանչի կարիք չունի». պրոֆեսիոնալ լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի այս արտահայտությունը որքան էլ որ հավաստի է` ներկայացվող բազմաթիվ լուսանկարներ իրենց ողջ խոսունությամբ հանդերձ ուղեկցվում են բացատրական մեկնությամբ, պատկերվող անցքի, իրողության, տեղի, ժամանակի նկարագրությամբ, այն դարձնելով ավելի հասկանալի: Լուսանկարը տեսանելի պատկերից զատ իր մեջ ունի պահված նաեւ պահի պատմություն, որի բացահայտումը էլ ավելի արժեքավոր է դարձնում այն, ինչպես օրինակ Յուսուֆ Քարշի Չերչիլի դիմանկարը, Հովհաննես Քյուրքչյանցի Անիում արած խմբանկարը` Ռափայել Պատկանյանի ու Ջիվանու ներկայությամբ: Տեղին է հիշատակել Վահէ Սամուէլյանի «Հայ անցեալը լուսանկարներով» երկհատորյա աշխատությունը, որի հենքը լուսանկարի պատմությունն է: Այս լուսանկարի խորհուրդը եզակի մի ասք է, վեր հառնող հիշողություն մեր մեկդարյա անցյալից: Լուսանկարում, որն արված է 1915 թվականի հունիսի 15-ին Պոլսում պատկերված է կոշկակար Գեւորգ Ականջյանի ընտանիքը: Ժամանակի ստույգությունը հավաստի է` Պոլսում կախաղան բարձրացված Հնչակյան կուսակցության 20 գործիչների մահապատժի նույն օրը, երբ ընտանիքը շրջանցելով հրապարակի կառափնարանը, այցելել է լուսանկարչատուն: Կենտրոնում նստածը` Գեւորգ Ականջյանն է, ձախից կանգնած է կինը` Վարդ Խաթունը, որի հայրը` Գեւորգը լարային գործիքի նվագածու էր Աբդուլ Համիդի պալատում, աջից Գեւորգի քույրն է` Նեմզար Բարսեղյանը, որը լուսանկարվելու պահին ամուսնացած էր: Կողքին կանգնած է Գեւորգի որդին` Սիմոնը, ծնված 1902 թվականին, իսկ ձախ եզրի աղջնակը Գեւորգի դուստր Վերժինն է, ծնված 1908 թվականին: Դժնի օրերի վատ կանխազգացումով Գեւորգը այս լուսանկարը պատվիրում է հինգ օրինակից եւ բաժանելով յուրաքանչյուրինՙ իր նմուշը պատվիրում, որ երբեք չբաժանվեն իրենց լուսանկարից, ինչ պայմաններում էլ գտնվեն: Սիմոնը մնում է Նեմզարի մոտ Պոլսում, իսկ Գեւորգը Վարդ Խաթունի ու Վերժինի հետ վերադառնում է Ռոդոստո իր գործին, որտեղից էլ մի քանի օր հետո հայությանը տեղահանում են դեպի Դեր Զոր: Վերժինի աչքի առաջ նահատակվում է հայրը: Իսկ հրակեզ ճանապարհին չդիմանալովՙ նվաղած հոգեմաշ մայրը աղերսում է դստերը չկանգնել եւ շարունակել երթը շարասյան հետ: Յոթնամյա դեռահասի հայացքում տպվում է Մոսուլի ճանապահի բորբ արեւի տակ անէացող իր մոր պատկերը: 1960 ական թվականներին Բուլղարիայից Լիբանան բանջարեղենի պահածո ներածող մի հայ վաճառական, ում անունը ցավոք չի պահպանվել, Պլովդիվ քաղաքում ծանոթանում է Սիմոն Ականջյանի հետ: Սակավահունչ այս ազգանունը նրան ծանոթ է թվում, իսկ երբ Սիմոնը ցույց է տալիս հոր պատվիրանով փայփայված լուսանկար մասունքը, առավել եւս վստահ համոզվում է, որ թե ազգանունը եւ թե լուսանկարը իրեն ծանոթ են: Նրա իսկ խնդրանքով պատճենահանված լուսանկարը եւ հասցեն վերցնելով, երբ վերադառնում է Բեյրութ` ամենուր հարց ու փորձ է անում` ցույց տալով լուսանկարը: Ռոդոստացի մի կին ճանաչում է լուսանկարում պատկերված ընտանիքը, եւ ցույց տալիս Վերժին Հայրապետյանի տունը: Հոգեցնցում չառաջացնելու վախով, հայ վաճառականը սրտի տրոփյունով բախում է հասցեատիրոջ դուռը: Շեմին հայտնվում է տաքարյուն մի երիտասարդ` Մարկոս Հայրապետյանը, որը իմանալով փնտրվողի անունը` հարձակվում է անծանոթի վրա, ջղայնացած հարցնելով, թե ով է նա եւ ինչ գործ ունի իր մոր հետ: Իսկ տեսնելով լուսանկարը, առավել բորբոքված պահանջում է բացատրություն, թե ինչպես է առեւանգել այդ մասունքը իրենց տնից: Ավագ եղբոր` Կարապետի հայտնվելով եւ իսկությունը պարզելով եղբայրները հոգեկան խոր ապրում են ունենում: Նրանք սկսում են իրենց մորը` Վերժինին կամաց-կամաց ընտելացնել այն մտքին, որ իր եղբայրը ողջ է ու կարող է գտնվի: Բավական ժամանակ հետո ի վերջո նրանք հաստատում են, որ եղբորը տեսնող է եղել Պլովդիվում: Այդ ժամանակ սոցիալիստական Բուլղարիայի եւ կապիտալիստական Լիբանանի միջեւ թեեւ սերտ կապ չկար եւ հանդիպումը անորոշ էր, այնուամենայնիվ, Մարկոսը երդվում է մորը հանդիպեցնել մորեղբոր հետ: Եվ 1966-ին Մարկոսը մորը ուղեկցում է Պլովդիվ` եղբորը տեսնելու: Եղեռնից ցաք ու ցրիվ եղած քույր ու եղբայր` շնորհիվ պահպանված լուսանկարի, ավելի քան կես դար հետո գտնում են իրար: Լուսանկարում պատկերված 7-ամյա Վերժինը իմ ազնիվ բարեկամ Գեւորգ Յազըճյանի մորական տատիկն է: Այս լուսանկարն էլ, զգայացունց պատմությունն էլ, իր պահոցից են: |