ՀՈՈՒ ՅԻՖԱՆՆ ԻՐԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՐԵՑ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԹԱԳԸ Չինացի շախմատիստուհի Հոու Յիֆանը 9,5 ամսվա ընդմիջումից հետո կրկին իրեն վերադարձրեց կանանց շախմատի աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը: Աննա Ուշենինայի հետ Չինաստանում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղի 7-րդ պարտիայում 40-րդ քայլին հաղթանակ տոնելով, Հոու Յիֆանը ժամկետից շուտ շահեց մրցամարտըՙ 5,5-1,5: Յիֆանը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Անցկացրած 7 պարտիաներում Ուշենինային այդպես էլ չհաջողվեց ճաշակել հաղթանակի քաղցրությունը: Չինացի շախմատիստուհու առավելությունն ակնհայտ էր: Նա տոնեց 4 հաղթանակ, 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Հիշեցնենք, որ Աննա Ուշենինան շախմատի աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը նվաճել էր անցյալ տարվա դեկտեմբերին Խանտի Մանսիյսկում նոկաուտ համակարգով անցկացված մրցաշարում: Աշխարհի գործող չեմպիոնուհի Հոու Յիֆանը այդ մրցաշարում պարտվել ու դուրս էր մնացել հետագա պայքարից: Հոու Յիֆանը շախմատի աշխարհի կանանց չեմպիոնուհու տիտղոսն առաջին անգամ նվաճել էր 2011-ի նոյեմբերին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հնդիկ շախմատիստուհի Համպի Կոներուի հետ մրցախաղում: Այն ժամանակ հաղթող ճանաչվելու համար Հոու Յիֆանին բավարարեց 8 պարտիան: Նա մրցախաղը շահեց 5,5-2,5 հաշվով: Հոու Յիֆանն ապացուցեց, որ ներկայումս կանանց շախմատում ինքն ուժեղագույնն է: |