ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՊԱՐԳԵՎԵՑ ԻՐ ԹԻՄԻՆ Մեր շախմատիստուհիները վերելքով են հանդես գալիս Մեկօրյա հանգստից հետո շախմատի Եվրոպայի թիմային առաջնության մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը: 6-րդ տուրը հաղթական էր մեր հավաքականների համար: Տղամարդկանց հավաքականը 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց Հունգարիայի շախմատիստներին, իսկ մեր շախմատիստուհիները մեծ առավելությամբ հաղթեցին իսպանուհիներին (3,5-0,5): Տղամարդկանց հավաքականի հաղթանակն ապահովեց 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը, որը պարտության մատնեց Զոլթան Ալմաշիին: Արոնյան-Ցաբա Բալոգ, Հակոբյան-Հուդիթ Պոլգար, Սարգսյան-Թամաշ Բանուց պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Այս հաղթանակի շնորհիվ ՀՀ հավաքականը 9 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական: Նույնքան միավոր ունեն նաեւ ռուսները, որոնք 2,5-1,5 հաշվով հաղթեցին ռումինացիներին: Հենց ռուսների հետ էլ մեր հավաքականը մրցելու է 7-րդ տուրում: 11 միավորով առաջատարի դերը պահպանեց Ֆրանսիայի ընտրանին, որը 2,5-1,5 հաշվով հաղթեց հույներին: 10 միավորով 2-րդ տեղում Ադրբեջանի հավաքականն է, որը 3-1 հաշվով պարտության մատնեց վրացիներին: 7-րդ տուրում ադրբեջանցիները կխաղան ֆրանսիացիների հետ: 8-ական միավոր ունեն Հունաստանի, Ուկրաինայի, Անգլիայի, Վրաստանի, Խորվաթիայի եւ Բելառուսի հավաքականները: Հայաստանի հավաքականի կազմում առայժմ բոլորից հաջող է խաղում թիմի առաջատար Լեւոն Արոնյանը, որը 6 հնարավորից 4 միավոր է վաստակելՙ մնալով անպարտելի: Գաբրիել Սարգսյանը թիմին 3,5 միավոր է պարգեւել, Սերգեյ Մովսիսյանն իր օգտին 3 միավոր է գրանցել: Վերջին 2 տուրերին մասնակցած Վլադիմիր Հակոբյանը 1,5 միավոր է վաստակել: Նույնքան միավոր, սակայն 4 հնարավորից թիմին պարգեւել է Տիգրան Պետրոսյանը: Վարշավայում մեծ վերելքով են հանդես գալիս մեր շախմատիստուհիները, ինչը հաճելի անակնկալ է հայ շախմատասերների համար: Իսպանուհիների հետ մրցավեճում միակ կես միավորը մրցակցին զիջեց Լիլիթ Գալոյանըՙ հաշտություն կնքելով Անա Մատնաձեի հետ: Դանիելյանը հաղթեց Օլգա Ալեքսանդրովային, Մկրտչյանը պարտության մատնեց Սաբրինա Վեգա Գուտիերեզին, Կուրսովան էլ առավելության հասավ Իռեն Նիկոլաս Զապատայի նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը 9 միավորով 2-րդ տեղում է: Նույնքան միավոր ունեն նաեւ Վրաստանի, Լեհաստանի 1-ին եւ 3-րդ հավաքականները: Առաջատարը 11 միավորով Ուկրաինայի ընտրանին է, որն առաջին միավորը կորցրեց վրացուհիների հետ մրցավեճում (2-2): Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաեւ Լեհաստանի 1-ին հավաքականի եւ ռուսների մրցախաղում: Իսկ Լեհաստանի 3-րդ հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթեց Գերմանիայի ընտրանուն: 7-րդ տուրում մեր շախմատիստուհիները կմրցեն 8 միավոր վաստակած Լեհաստանի երիտասարդական հավաքականի հետ: Ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ Լեհաստան-3-Ուկրաինա, Վրաստան-Լեհաստան, Հունգարիա-Ռուսաստան մրցախաղերը: Հայաստանի կանանց հավաքականում առայժմ լավագույն արդյունքն ունի Լիլիթ Մկրտչյանը, որը 6 մրցախաղերում 5 միավոր է վաստակելՙ տոնելով 4 հաղթանակ, 2 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Էլինա Դանիելյանը 5 հնարավորից 4 միավոր ունի: Նույնքան միավոր, սակայն 6 հնարավորից, թիմին պարգեւել են Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան: Աննա Հայրապետյանն անցկացրած միակ պարտիայում հաղթել է: Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր եւ յուրաքանչյուր միավորի կորուստ կարող է ճակատագրական լինել: Հուսանք, որ մեր հավաքականները կշարունակեն հաղթարշավը: Այս առումով 7-րդ տուրի մրցախաղերը շատ վճռորոշ են: |