RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014



Տեղադրվել է` 2014-08-09 21:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1422, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ԷԲՈԼԱՅԻ ՏԱՐԱԾՄԱՆ ՎՏԱՆԳ ՀՈՆԿՈՆԳՈՒՄ, ԱՆԳԼԻԱՅՈՒՄ, ԱՄՆ-ՈՒՄ: ՀԵՏՈ՞

Պ. Ք.

Հոնկոնգի հիվանդանոցներից մեկում մեկուսացրել են Աֆրիկայից վերադարձած մի կնոջ, որի օրգանիզմում հայտնաբերվել են Էբոլա տենդի ախտանիշներ: Անցկացվում են անհրաժեշտ հետազոտություններ, հաղորդում է The China Daily թերթը:

Ավելի վաղՙ հուլիսի 29-ին, Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում հիվանդանոց էր տարվել Նիգերիայից վերադարձած մի տղամարդ: The Daily Mail թերթի տվյալներով, նրա օրգանիզմում առկա են նույն վտանգավոր տենդի ախտանշանները: Մեծ Բրիտանիայի կառավարությունը անցկացրել է արտակարգ խորհրդակցություն:

Էբոլայի տենդի ներկայիս բռնկումը տեղի ունեցավ այս տարվա փետրվարին Գվինեայում, ապա տարածվեց հարեւան Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալները վկայակոչելովՙ «Մոնդ» թերթը գրում է, որ այդ երեք երկրներում արդեն վարակվել է 1201 մարդ, որոնցից 672-ը մահացել է: Ըստ որում, հիվանդությունն առաջին անգամ ի հայտ է եկել Արեւմտյան Աֆրիկայում, քանզի անցյալում հայտնի էր միայն Կենտրոնական Աֆրիկայում, ինչպես գրել էր «Ազգ»ը նախապես:

Աշխարհի բժիշկները մտահոգ են տենդի տարածման վտանգի պատճառով: Լիբերիայի իշխանությունների հետ համագործակցած մի ամերիկացու օրերս թույլատրել էին Աֆրիկայում մասնակցել երկու չվերթիՙ չնայած նրա ակնհայտ ախտանիշների առկայությանը: Այդ մարդը մահացել էր, եւ բժիշկները հիմա փնտրում են նրա ուղեկիցներին: Լիբերիայից դեպի այլ երկրներ չվերթներն արգելված են: Հանգուցյալի անունն է Պատիկ Սոյեր: Նա Լիբերիայից թռել էր Գանա եւ Տոգոյիցՙ Լագոս:

Լագոսի հիվանդանոցը վարակազերծվել է, բայց բժիշկները վախենում են այդ երկու չվերթների ուղեւորների առողջության համար: Լագոսը խոշոր քաղաք է, որ Էբոլայի հնարավոր համաճարակը կարող է ավելի մեծ ավերներ գործել, քան գյուղական վայրերում:

Սոյերի միջադեպից հետո աֆրիկյան խոշորագույն ASKY ավիաընկերությունը դադարեցրեց չվերթները դեպի Լիբերիա եւ Սիեռա Լեոնե:

Էբոլան չի խնայում նաեւ բժիշկներին: Հուլիսի 29-ին Սիեռա Լեոնեում մահացավ երկրում այդ հիվանդության խոշորագույն մասնագետ Շեյխ Ումար Խանը: Նույնիսկ պաշտպանիչ միջոցները նրան զերծ չէին պահել վարակից:

Էբոլայի տենդի դեմ պատվաստանյութ գոյություն չունի: Մահացությունը հասնում է 90 տոկոսի: Վիրուսը հայտնաբերվեց 1976 թ. Կոնգոյումՙ Էբոլա գետի ափամերձ գյուղերում, որտեղից էլ ստացավ իր անվանումը: Էբոլայի ախտանիշներն են տենդը, փսխումը, արյունահոսությունը եւ փորհարինքը: Հիվանդությունը խիստ վարակիչ է եւ փոխանցվում է վարակված մարդկանց կամ կենդանիների արյան կամ այլ հեղուկների հետ շփվելիս: Հակավիրուսային դեղամիջոցները չեն օգնում: Արդի բժշկությունը կարող է առաջարկել միայն ախտանիշների մեղմացմանն ուղղված ամրապնդող թերապիա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ