ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ Ա. Մ. Առաջին տասնյակը վճարել է 1000 խոշորների վճարածի մեկ քառորդը Այս տարվա առաջին կեսին Հայաստանի 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել ավելի քան 326 մլրդ դրամի հարկ: Այդ ցանկը հրապարակել է ֆինանսների նախարարությունը: Դա ընդհանուր հարկային եկամուտների ավելի քան 67 տոկոսն է: Նախորդ տարվա համեմատ խոշոր ընկերությունների վճարած հարկերն ավելացել են մոտ 12,1 մլրդ դրամով կամ 3,8 տոկոսով: Ընդհանուր հարկային մուտքերն աճել են 3,4 տոկոսով, ինչը փաստում է, որ խոշոր հարկատուների վճարած հարկերն, ընդհանուրի համեմատ, ավելացել են առաջանցիկ տեմպով: 2014-ի առաջին կիսամյակում, ինչպես եւ առաջին եռամսյակում, Հայաստանի ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է (նախկին «Հայռուսգազարդը»): 2014-ի հունվար-հունիսին այս ընկերությունը վճարել է գրեթե 24 մլրդ դրամ հարկ: «Գազպրոմ Արմենիան» զգալիորեն առաջ է անցել մնացած խոշոր հարկատուներից` մոտ 14 մլրդ դրամով ավելի վճարելով երկրորդ տեղում գտնվող խոշոր հարկատուից: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 4,5 միլիարդով: Առաջին 1000 հարկատուների ցանկում երկրորդ տեղը զբաղեցնում է հեռահաղորդակցության ոլորտի առաջատար «Ղ-Տելեկոմ» («Վիվասել-ՄՏՍ») ընկերությունը: Նրա վճարած հարկերը կազմել են 10,2 մլրդ դրամ: Ընկերության վճարած հարկեըը առաջին եռամսյակի համեմատ կտրուկ ավելացել են, բայց որոշակիորեն զիջում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածին: Խոշոր հարկատուներից երրորդը «Ալեքս Գրիգ» ընկերությունն է` 9,6 մլրդ դրամ վճարած հարկերով, որի վճարած հարկերն ավելացել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդհանրապես, եթե այս տարվա առաջին կիսամյակում հարկային եկամուտները կազմել են մոտ 509 մլրդ դրամ, իսկ Հայաստանի 1000 խոշոր հարկատուներն ընդհանուր առմամբ դրանից վճարել են ավելի քան 236 մլրդ դրամը, ապա խոշոր հարկատուների առաջին տասնյակը միասին վերցրած վճարել է մոտ 82 մլրդ դրամ հարկ: Դա կազմում է Հայաստանի առաջին 1000 հարկատուների վճարածի գրեթե մեկ քառորրդը կամ 25 տոկոսը եւ Հայաստանի բոլոր հարկատուների վճարած հարկերի մեկ վեցերորդը կամ մոտ 17 տոկոսը: Խոշոր հարկատուների առաջին տասնյակը հետեւյալն է. ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ | 23 մլրդ 966 մլն դրամ | Ղ-ՏԵԼԵԿՈՄ | 10 մլրդ 239 մլն դրամ | ԱԼԵՔՍ ԳՐԻԳ | 9 մլրդ 606 մլն դրամ | ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ | 8 մլրդ 599 մլն դրամ | ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ | 6 մլրդ 21 մլն դրամ | ՖԼԵՇ | 5 մլրդ 615 մլն դրամ | ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ | 5 մլրդ 477 մլն դրամ | ԳՐԱՆԴ-ՏՈԲԱԿՈ ՀԱՅ-ԿԱՆԱԴ.Հ.Ձ. | 4 մլրդ 563 մլն դրամ | ՍԻՓԻԷՍ ՕՅԼ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ | 4 մլրդ 420 մլն դրամ | ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ | 3 մլրդ 677 մլն դրամ |
|