ՃԱՄԲԱՐՈՒՄ ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ Արեւմտահայ բանաստեղծ Վահան Թեքեյանի անունով են կոչվում 5 հանրակրթական դպրոց, որոնցից 4-ը ՀՀ-ում (Երեւանի թիվ 92, Գյումրիի, Ստեփանավանի եւ Կարբիի) եւ մեկը` Արցախում (Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի թիվ 1 միջնակարգ): «Թեքեյան կենտրոն» հիմնադրամն արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպում է ամառային ճամբար հիշյալ դպրոցների աշակերտների համար: Անցած տարիներին ճամբարը գործում էր Լոռիում` Գուգարքում, իսկ այս տարի հուլիսի 28-ից Թեքեյանի անվ. դպրոցների (բացառությամբ Կարբիի) աշակերտները մեկ շաբաթ հանգստանալու են ՀՀ Կոտայքի մարզի Հանքավանի «Արագած» հանգստավայրում: Բերձորցի աշակերտների եւ նրանց ուսուցիչներ Ն. Հակոբյանի եւ Վ. Միրզոյանի հետ առաջին օրն այցելեցի ճամբար, ծանոթացա պայմաններին, զրուցեցի կազմակերպիչների հետ: Ավագ ջոկատավար Դավիթ Պարյանը տեղեկացրեց, որ Թեքեյանի անվան դպրոցներից ճամբարին մասնակցելու են 62 աշակերտ` 8 խմբով եւ 8 ուսուցիչ: Խմբերը կրելու են հայ նշանավոր մշակութային գործիչների եւ ազատագրական պայքարի հերոսների անունները: Ճամբարականները մասնակցելու են արշավների, մարզական ու ինտելեկտուալ խաղերի, մշակութային այլ միջոցառումների: Ճամբարականներին օրական 3 անգամ տրվելու է սնունդ եւ հետճաշիկ: Դպրոցների ներկայացուցիչներն ասացին, որ անցած տարիներին նույնպես մասնակցել են ճամբարին եւ գոհ են եղել: Հույս հայտնեցին, որ Հանքավանի «Արագած»-ում նույնպես ամեն ինչ լավ է լինելու: Մինչեւ Հանքավան հասնելը` բերձորցիներն անցան Սյունիքի, Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերով, հմայվեցին Ծաղկունյաց (Սելիմի) լեռնանցքով, տեսան 13-րդ դարում կառուցված քարավանատունը, հմայվեցին Սեւանա լճի գեղեցկությամբ, ծանոթացան Գորիս, Վայք, Եղեգնաձոր, Մարտունի, Սեւան, Հրազդան քաղաքներին: Աշակերտները գոհ էին ճանապարհորդությունից եւ առաջին օրը գոհ էին ճամբարի պայմաններից: Նախատեսված է, որ աշակերտները վերադարձից առաջ գրեն շարադրություն մեկ շաբաթյա հանգստի, ճամբարի պայմանների եւ իրենց տպավորությունների վերաբերյալ: |