ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ՞ ԿՈՆԳՐԵՍ ՄՏՆԵԼՈՒ Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ Նախորդ գիշեր հրապարակվեցին Մ. Նահանգների կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ըստ ամենայնի նպաստավոր չեն նախագահ Օբամայի համար, որ հավանաբար ստիպված է լինելու իր վարչության կազմում զգալի փոփոխություններ անել եւ դրա կազմը պատշաճեցնել Կոնգրեսի ներկա պատկերին: Արդյունքները բոլորովին ձեռնտու չեն նաեւ, բնականաբար, Դեմոկրատական կուսակցության համար, որ ստիպված է դաժան պայքարի լծվել 2016 թ. նախագահականի համար: Մերՙ ազգային շահերի տեսակետից, սակայն, միջանկյալ ընտրությունների արդյունքները, ըստ ՀՅԴ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակից (ANCA) «Ազգ»ի ստացած հաղորդագրության, խրախուսիչ են: Երկկուսակցական ցուցակներում վերընտրվել են հայամետ կոնգրեսականների 95 տոկոսը թե՛ Սենատում եւ թե՛ Ներկայացուցիչների պալատում: Այստեղ են գրեթե բոլոր հայտնի անունները, որոնք ոչ միայն կողմ, այլեւ հաճախ նախաձեռնող են եղել հայկական կամ հայամետ բանաձեւերի ստեղծման եւ անցկացման կամ անցկացնելու փորձերիՙ Բոբ Դոլդից սկսած մինչեւ Նենսի Պելոսի, Աննա Էշշու, Ադամ Շիֆ, Բրեդ Շերման, Գուս Բիլիրակիս, Նիկի Ցոնգաս, Ջո Քենեդի, Ֆրենկ Պալոն եւ ուրիշներ: Սա իսկապես հաջողություն է, հատկանշականՙ նաեւ առաջիկա 2015 տարվա ամենաբուռն մեր պայքարների համար: Եվ անկասկած է, որ ամերիկահայ լոբբիստական մեր կազմակերպությունների ջանադիր աշխատանքի արդյունքն է նաեւ: Միաժամանակ, վաշինգտոնյան միեւնույն գրասենյակի հաղորդագրությունը ավետում է, որ զուգահեռաբար տեղի ունեցած դաշնակցային, նահանգային ու տեղական ընտրություններում հայազգի մի շարք գործիչներ նույնպես հաջողության են հասել, ինչը գոհունակություն պատճառելուց բացի մեզ դնում է կարեւորագույն մի հարցի դեմ հանդիման. Իսկ ժամանակը չէ՞ արդյոք, որ ամերիկահայությունը գործնական ու հավաքական աշխատանքի լծվի գրոհելու համար, ինչպես ասում են, Կապիտոլ Հիլի բարձունքները: Ավելինՙ Մ. Նահանգներում շուրջ 150 տարվա պատմություն ունեցող մեր գաղթօջախները ուշացած, խի՛ստ ուշացած չե՞ն արդյոք առանց միջնորդների ու միջնորդավորվածության ներկայացված լինելու ամերիկյան Սենատում ու Ներկայացուցիչների պալատում: Դաս եւ օրինակ պետք է վերցնել ծագումով տարբեր ազգությունների ամերիկացիներիցՙ հույներից, լեհերից, իռլանդացիներից, արաբներից, նույնիսկ ասորիներից, էլ չեմ խոսում իտալացիների ու հրեաների մասին: Դրա համար անհրաժեշտ է խրախուսել ու թիկունք կանգնել, բարոյապես թե մանավանդ նյութապես, քաղաքական ու հասարակական կյանքում փառասիրություն եւ ձգտում ունեցող հայ երիտասարդներին, որոնք արդեն 4-րդ կամ 5-րդ սերունդն են կազմում: Ապաքաղաքականացված լինելը, միայն սեփական բարեկեցությամբ զբաղվելը անհարիր են այսքան մեծ մարտահրավերներ ունեցող մեր ժողովրդի ձգտումների ու ցանկությունների հետ: Մենք երախտապարտ ենք հայամետ բոլոր կոնգրեսականներին իրենց զորակցության համար: Նրանցից ոմանք թերեւս ավելի լավ են պաշտպանում հայերի շահերը, քան բազմաթիվ հայեր: Սակայն վաղուց ժամանակն է ինքներս, ներսի՛ց զբաղվելու աշխարհի գերպետության ու մեր խնդիրներով: |