RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014



ՀԱՄԱԺՈՂՈՎ

Տեղադրվել է` 2014-11-06 23:37:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1924, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՄԵԿՏԵՂՈՒՄԸ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Այժմ երբ հետեւում են մնացել գիտաժողովին նախորդող հեւքոտ օրերը, երբ հուզումի եւ սպասումի դաշտը լցվել է գոհության ու բերկրության զգացումներով, արժե հետադարձ հայեացք նետել իր պաշտոնն ու շրջանը հաջողությամբ ավարտած գիտաժողովի արդյունքների, նրա հունձք ու բերքի վրա: Բայց կուզեմ, որ այն սոսկ տեղեկագրություն-հաղորդումից ավելի լինի իրական արժեւորում-գնահատում իր բնույթով բացառիկ ու պատմական այս գիտաժողովին:

Ու հարմար է սկսել սույն գիտաժողովին տուն տվող նախապատմությունիցՙ 1981 թ.-ից, երբ երկու նշանավոր հայագետներ, ավելի ճիշտ երկու մեծ «խենթեր»ՙ Մայքլ Սթոունը (Երուսաղեմի Իսրայելական համալսարան) եւ Յոս Վայթենբերգը (Լեյդենի համալսարան) քով-քովի եկան ու հիմնեցին «Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցություն»ը (ՀՈՒՄԸ/AIEA): Գիտեի՞ն արդյոք նրանք, կամ կարո՞ղ էին ենթադրել, որ եվրոպական մի շարք առաջատար համալսարաններ ներկայացնող հայագետ-գիտնականներին միավորող այս կառույցին սահմանված էր դառնալ ամենախոշոր եւ տեւական հայագիտական կազմակերպությունն աշխարհում, որի անդամների թիվն արդեն հասել է 400-ի սահմանագծին: Ամեն դեպքում, ընկերակցության կանոնագրության մեջ հիմնադիր անդամները անչափ կարեւորում էին կենտրոնաձիգ մարմին ստեղծելու ծրագիր-գաղափարը, նրա մեջ տեսնելով հայագիտության համակարգված զարգացման ընթացքը: Սրա հետ են ուղղակիորեն առնչվում ընկերակցության հիմնական նպատակներըՙ խթանել հայագիտության զարգացումը իր բոլոր բնագավառներով, ի մի բերել եւ գիտական շրջանառության մեջ դնել նորագույն ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաեւ կազմակերպել այս ոլորտի մասնագետների փորձի փոխանակումը: Տեղին է նշել, որ ընկերակցությունը սկզբից եւեթ հայագիտությունն ընկալել եւ ընդունել է իբրեւ մի ամբողջություն, իր բոլոր ճյուղերով եւ գիտակարգերով հանդերձ:

ՀՈՒՄԸ-ն այսպիսով, արտասահմանում գործող այն եզակի կառույցներից է, որն իր շուրջն է համախմբել Եվրոպայում եւ այլուր հայագիտական կենտրոններում եւ ամբիոններում գործող հայագետների, եւ արդեն երեք տասնամյակից ավելի կամուրջ է հանդիսանում ցիր ու ցան, տարանջատ գործող հայագետ-գիտնականների միջեւ, որոնց այլ կերպ քան «խենթեր», կարելի չէ կոչել, քանզի գիտենք, թե հայագիտությամբ զբաղվելը աշխարհի որեւէ անկյունում, որքան բարդ ու դժվարին գործ է, եւ եթե օտարն է այդ ասպարեզն ընտրում, դա արդեն հավասարազոր է հերոսության: Նրանք ազգությամբ հայ չեն, չեն ապրում Հայաստանում, սակայն սիրում են հայկականը, հայոց լեզուն ու մշակույթը, այդպիսով դառնում են այդ մշակույթի կրողներն ու մունետիկները աշխարհում, եւ գուցե հայի մի տեսակից ավելի դառնում են հայ, ապրում եւ գործում են հանուն հայկական արժեքների: Մատենադարանի տնօրենը համաժողովը բացող իր ելույթում հստակ բանաձեւումը տվեց այս լինելիության. «Լինել հայագետ նշանակում է շփվել մեծ կենսադաշտի, հազարամյակների պատմության ու մշակույթի հետ ու նաեւ հոգեւոր գերզգայուն աշխարհի, ուր մտնողը չի կարող նվիրյալ չդառնալ, ինչ որ չափով չլինել «խենթ»: Ուրեմն այդ սուրբ խենթությունը թող մեզ հետ լինի մեր ողջ կյանքի ընթացքում, միացած լինելության այս օղակով, որ կոչվում է հայագիտություն»:

Նույն այս համակարգում պէտք է տեսնել ընկերակցության հարատեւության գրավականը, տարեց տարի անդամների թվական աճն ու հատկապես երիտասարդ նոր ուժերով համալրումը: Համենայն դեպս, երեւանյան համաժողովի երեք օրերի ընթացքում զգալի էին ընկերակցության ե՛ւ հստակ ուղեգիծը, ե՛ւ մասնակիցներիՙ իբրեւ մեկ միասնական ընտանիքի ներկայությունը, եւ, իհարկե, ճշմարիտ գիտականության սկզբունքների վրա հիմնված ազատ ու անկաշկանդ մթնոլորտը, որտեղ իրար էին շաղկապվում տարալեզու, տարասեռ ու տարաբնույթ զեկուցումները:

Վերադառնանք սակայն պատմության ընթացքին, նշելու, որ Հայաստանի անկախացումից հետոՙ 1988-ից սկսած ընկերակցությունը սերտորեն համագործակցում է հայաստանյան գիտական շրջանակների, այդ թվումՙ ՀՀ ԳԱԱ-ի, Մաշտոցյան Մատենադարանի հետ, ներառելով նաեւ անդամներ Հայաստանից: Այս համագործակցության արդյունքում է ահա, որ Մատենադարանի տնօրենությունը երեք տարի առաջ Բուդապեշտում կայացած համաժողովի ընթացքում հանդես եկավ հատուկ առաջարկովՙ հաջորդ հավաքը անցկացնել Երեւանում, որն ի դեպ մեծ խանդավառությամբ ընդունվեց AIEA-ի անդամների կողմից: Երջանիկ զուգադիպությամբ, այս որոշումը համընկավ Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցապատման եւ հին ավանդական շենքի վերակերտման հետ: Մատենադարանի համալիրն իր ընդարձակ տարածքով, տեխնիկական հագեցվածությամբ, բազմապատկված աշխատակազմով ու գիտական ներուժով ունի բոլոր հնարավորություններն ու պայմանները միջազգային նման բարձր մակարդակի գիտաժողովներ կազմակերպելու: Այսպես ահա, Մատենադարանի տնօրենությունը ավելի հաստատուն կռվաններով ձեռնամուխ եղավ սույն համաժողովի կազմակերպչական աշխատանքներին: Անմիջապես հավելենք, որ հայագիտական միջազգային համաժողովի անցկացումը Մատենադարանում ինքնանպատակ չէր. իբրեւ գիտահետազոտական ինստիտուտ եւ հայագիտության կարեւորագույն կենտրոն Մատենադարանը եղել եւ մնում է հարազատ օջախ ու տուն աշխարհատարած հայագետների համար:

Համաժողովը մեկնարկեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի բացման խոսքով, որ մասնավորեց համաժողովի եւ՛ կենտրոնաձիգ եւ՛ տարածական ուժը, հատկապես հայագիտության դեպի միջազգայնացում ուղղվածությունը: Տնօրենն իր ելույթում նաեւ շնորհակալության ջերմ խոսքեր փոխանցեց համաժողովի աջակիցներինՙ ՀՀ Գիտության եւ կրթության նախարարության, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության Հայկական բաժանմունքին եւ JTI ընկերության Հայաստանի ներկայացուցչությանը: Համաժողովի նշանակությունն ու կարեւորությունը նշանավորվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձով, ինչպես նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության խոսքով:

Կուզենք հետեւել համաժողովի երեք օրերի ընթացքին, սեւեռելով հիմնականում արդի հայագիտության զարգացման հիմնական ուղղությունների, գիտական նորությունների եւ մեթոդոլոգիայի վրա, հայտանշաններ, որոնցով առանձնացավ այս գումարումը: Մինչ այդ, սակայն, հարկ է շեշտել հայագիտության համապարփակ, ամբողջական եւ միատեղ երեւումը համաժողովում, զերծ եւ վեր ամեն տեսակ հակադրություններից ու կեղծ բաժանումներից:

Այս համաժողովը հատկանշվեց մի շարք կողմերով, որոնց վրա արժե կանգ առնել: Աշխարհագրական առումովՙ այն հանդիպման վայր էր աշխարհի ավելի քան քսան երկրներից ժամանած հայագետների, Հայաստանի եւ օտարերկրյա մասնագետների համար: Պատկանելության առումովՙ մեկտեղեց հայ եւ օտար գիտնականների: Ժամանակագրական առումովՙ տարածվեց հնագույնից մինչեւ նորագոյն շրջանի ուսումնասիրությունների վրա: Լեզվական առումովՙ այն բաց դուռ էր բազմալեզվյան զեկուցումների, շփումների համար, հայերենի կողքինՙ անգլերէն, ֆրանսերեն, իտալերեն եւ գերմաներեն: Մասնագիտական առումովՙ պատմության ու գրականության զուկահեռականներից եւ հորիզոնականներիցՙ մինչեւ հնագիտություն, աղբյուրագիտություն, բանահյուսություն, լեզվագիտություն, ու մինչեւ արվեստաբանություն, իր բազմազան ճյուղավորումներով: Ամենեւին պատահական չէր անշուշտ արվեստի պատմության եւ տեսության նյութերի առատությունը համաժողովի ընթացքում, որ ցոլացնում է ոչ միայն արվեստի զանազան ճյուղերի հանդեպ հետաքրքրությունների լայնածիրը, այլեւ չափորոշում է հայ արվեստի դերն ու դիրքը համաշխարհային մշակույթի համակարգում:

Շատ կարեւոր էին նիստերի ավարտին տեղի ունեցած հարց-պատասխանի պահերը, որ գնահատանքի արժանացավ թե՛ մասնակիցների թե՛ հյուրերի կողմից, այն պարզ պատճառով, որ եթե գիտաժողովը չի ընթանում բուռն քննարկումների, կարծիքների եւ տեսակետների արտահայտման ազատ մթնոլորտի մեջ, ապա նշանակում է այն իր նպատակին չի ծառայել կամ լիովին չի հասել իր նպատակին:

Հետաքրքական ու արժեքավոր էին ներկայացված բոլոր նյութերն էլ, բոլոր զեկուցումներն էլ յուրովի նորություններ էին բերում իրենց շրջագծից ներս, սակայն գիտա-քննական տեսակետից եւ մեթոդաբանությամբ առանձնակի հնչեղություն ստացան Հրաչյա Թամրազյանի (Հայաստան) «Դիոնիսիոս Արեոպագացին եւ Գրիգոր Նարեկացին», Քլոդ-Արմեն Մութաֆյանի (Ֆրանսիա) «Կիլիկյան Հայաստանի ամուսնական դիվանագիտությունը», Ռիչարդ Հովհաննիսյանի (ԱՄՆ) «Հայոց ցեղասպանության ուրացումը 100 տարի անց. Նոր դերակատարները եւ նրանց ռազմավարությունը», Գաբրիելե Վինքլերի (Գերմանիա) «Որոշ ճշգրտումներ հայոց «Պատարագ»ի տարբերակների եւ դրանց վերաբերյալ», Տիգրան Գույումճյանի (ԱՄՆ) «Ինչպես մատուցել հայ արվեստը Արեւելագիտության ձեռնարկի մեջ» ելույթները:

Նոր նյութերի արծարծմամբ, վերլուծական մեթոդաբանությամբ առավել աչքի ընկան Վալենտինա Կալցոլարիի (Իտալիա) «Գործք Ս. Թեկղի»-ի, Թեո Վան Լինտի (Օքսֆորդ) «Գրիգոր Մագիստրոսի երկու նամակների շուրջ», Էռնա Շիրինյանի (Հայաստան) «Դպրությունը Կիլիկյան Հայաստանի Սեւ լեռան հայկական վանքերում», Արմեն Պետրոսյանի (Հայաստան) «Հայոց պատմությունը եւ վիպական բանահյուսությունը», Գոհար Մուրադյանի (Հայաստան) «Հունական առասպելները միջնադարյան հայ մատենագրության մեջ» զեկուցումները: Մատուցման յուրահատուկ փորձով, զեկուցողի կողմից երգեցիկ կտորների կատարմամբ հատուկ ուշադրության արժանացավ Հայկ Ութուճյանի (Չեխիա) Գրիգոր Նարեկացու «Սայլիկի տաղ»ը ներկայացնող ելույթը:

Բնագրագիտական-աղբյուրագիտական խորազնին պրպտումների արդյունք էին Արսեն Շահինյանի (Սանկ Պետերբուրգ) «Իսլամը արաբական Արմինիայում», Իռեն Բուենի (Ֆրանսիա) «Խաչակրաց արշավանքը, պատմությունը եւ էկզոտիկ հմայքը», Փիթեր Քաուի «Թարգմանությունը որպես Կիլիկիայի նորաստեղծ հայկական պետությունը ընդհանուր Միջերկրածովյան նորմերի մեջ ներառելու միջոց» զեկուցումները:

Համաժողովը նաեւ նորություններ էր պարունակում ինչպես տեսական, այնպես էլ գործնական բնույթի: Արմենուհի Դրոստ-Աբգարյանի (Գերմանիա) զեկուցումը ներկայացնում էր հայ ձեռագրական հավաքածուները Գերմանիայում եւ նրանց թվայնացման ծրագիրը, Պատրիկ Տոնապետյանի (Ֆրանսիա) հաղորդումը բացահայտեցՙ Երերույք հնավայրի 2013-2014 թթ. հնագիտական հետազոտությունների արդյունքները: Տարա Էնդրյուսը (Շվեցարիա) ներկայացրեց Մատթեոս Ուռհայեցու ժամանակագրության թվայնացված քննական հրատարակությունը: Հատուկ ուշադրության արժանացավ նաեւ Ռուբեն Աթայանի եւ Արմեն Խեչոյանի համատեղ ներկայացրած հայկական քարտեզներին նվիրված ուսումնասիրությունը:

Արվեստի բաժմում ուշագրավ զեկուցումներով հանդես եկանՙ Սառա Լապորտը (Ֆրանսիա) «Նոր Ջուղայի կերպարվեստի զարգացման ընթացքը 17-18-րդ դարերում», Քրիստինա Մարանցին (ԱՄՆ) «Նոր վկայություն Մրենի որմնանկարների եւ հաղթական կամարի արձանագրությունների վերաբերյալ», Հեննինգ Յենսեն Լեհմանը (Դանիա), Համլետ Պետրոսյանը (Հայաստան) «Հայաստանի ուշմիջնադարյան (15-18-րդ դդ.) տապանաքարային պատկերաքանդակի պատճառաբանական, պատկերագրական եւ իմաստաբանական քննության փորձ», Էդդա Վարդանյանը (Հայաստան) «Հոռոմոսի վանքի ժամատան քանդակազարդ գմբեթը» եւ այլն:

Երեւանյան գումարումը առանձնացավ շատ կարեւոր ուրիշ հատկանիշով եւս, որն է երիտասարդ մասնագետների զգալի ներկայությունն ու մասնակցությունը համաժողովին: Ուշագրավ է, որ հայագիտությունն իբրեւ ասպարեզ ընտրած խոստումնալից այս երիտասարդներին (հայ թե օտար) միավորում էր մեկ ընդհանուր գիծՙ նրանք բոլորն էլ իրենց զեկուցումներով անդրադարձան սփյուռքի ինչպես պատմա-քաղաքական, այնպես էլ հայկական համայնքների պատմության խնդիրների լուսաբանմանը: Այս երեւույթի գեղեցիկ օրինակը տվեցին Հակոբ Մաթեւոսյանի (Հայաստան-Գերմանիա) «Տրանսիլվանիայում «տեղաբակ» հայերը եւ «օտար» հայերը. Հունգարիայում սփյուռքյան ինքնության չափումներ», Կոնրադ Շիկիերսկիի (Լեհաստան) «Սահմաններ ստեղծելիս եւ համայնքներ վերահաստատելիս. Հայ կաթոլիկները հետխորհրդային Հայաստանում», Փեթեր Փալ Քրանիցի (Հունգարիա) «Կովկասյան հունգարացիներ» հասկացությունը եւ հայերի հետ դրա առնչությունը 19-րդ դարի Հունգարիայում», եւ Մուրադ Ջանքարայի (Թուրքիա) «19-րդ դարի թուրքահայ հեղինակները եւ լեզվի/գրի ընտրության խնդիրը» զեկուցումները:

Այս համաժողովը կարեւոր էր նաեւ ճանաչողական առումով, հայագետները եղան Արցախում, այցելեցին պատմամշակութային հուշարձաններ, թանգարաններ: Հատկապես խորհրդանշական էր Գանձասարի վանքին կից կառուցվող գիտա-մշակութային համալիր այցելությունը, ուր նախատեսվում է հիմնել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-Գանձասար գիտա-մշակութային կենտրոն: Այս բոլորի ֆոնին հատուկ իմաստ եւ բովանդակություն ստացավ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը համաժողովի մի խումբ մասնակցիների հետ, գլխավորությամբ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի: Նախագահ Սահակյանը իր խոսքում նշեց, որ Արցախում հատուկ ուշադրություն է ընծայվում տարբեր երկրների հետ գիտամշակութային հարաբերությունների հաստատմանն ու ամրապնդմանը, նաեւ շեշտեց Արցախի պատմության ու մշակույթին նվիրված նյութերի ուսումնասիրման ու դրանց արդյունքները գիտական լայն շրջանակներին հասու դարձնելու կարեւորությունը:

Ամփոփենք, համաժողովի երեք օրերի ընթացքում մասնագիտական երեք զուգահեռ բաժանմունքներում տեղի ունեցավ 16 նիստ, ընթերցվեց 77 զեկուցում, որոնցից 59-ը արտասահմանից ժամանած հայագետների կողմից, այդ թվում ավելի քան երեք տասնյակ օտարազգի հայագետներ: Թվական այս զուգահեռները երեւան են հանում ոչ միայն համաժողովի ընդգրկման լայն շրջագիծը, այլեւ հայագիտությունը դեպի միջազգայնացում ուղղորդվածությունը, որը թույլ է տալիս սույն հավաքը կոչել հայագիտական գագաթաժողով: Անշուշտ կարելի չէ որեւէ գիտական նստաշրջանից, սեմինարից ու համաժողովից անմիջական արդյունքներ ակնկալել: Սակայն անվերապահորեն կարելի է ասել, որ այս համաժողովով առաջընթաց քայլ կատարվեց հայագիտության զարգացման :

Վերջում չեմ կարող դիմադրել գայթակղությանն ու չհիշել անվանի հայագետ Բեռնար Ութիէի գիտաժողովի փակման արարողության ընթացքին մտերմորեն արտահայտած այն միտքը, թե «հարսանիքը»ՙ AIEA-ի եւ Մատենադարանի միջեւ կայացավ: Իսկ այդ միասնության հիմքերը դրվել էին շատ ավելի վաղ, երբ դեռ նոր-նոր էին սկսվել Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները, եւ հորատող մեքենաների հռնդյունի եւ փոշու միգամածի մեջ հանկարծ Մատենադարանի տնօրենի կողքին հայտնվեց Վալենտինա Քալցոլարին, ընկերակցության այժմյան նախագահուհին, ու լուսանկարչի ոսպնյակը հավերժացրեց պահը:

Այսպես, լուսանկարչի ոսպնյակը հավերժացրեց նաեւ հոկտեմբերի 11-ի ուշ երեկոյան կայացած համաժողովի փակման արարողության խմբանկարը: Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանն ու ՀՈՒՄԸ-ի նախագահ Վալենտինա Կալցոլարին համաժողովի փակման առթիվ արտասանված խոսքում նշեցին, որ օրը փակում չէ, այլ մի նոր սկիզբ դեպի նոր հանգրվաններ ու նոր նվաճումներ, որոնց արդյունքում պիտի արգասավորվեն հայագիտության անդաստանները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ