ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԴԻՊԵԼ Վ. Պ. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հավանական հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին: Ժամանակահատվածի առումով հենց այս ամիսն է նշվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ ֆորի ու Ջեյմս Ուորլիքի հայտարարության մեջ, որ տարածվել է նոյեմբերի 5-ի ուշ երեկոյան` այդ օրը Երեւանում, իսկ մինչեւ այդ Բաքվում տեղի ունեցած հանդիպումներից հետո: Հիշեցնենք, պաշտոնական հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին. Բաքու այցելությունից հետո, արդեն Երեւանում ընդունել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Զրուցակիցները, նույն հաղորդագրության համաձայն, քննարկել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր: Նախագահի հետ հանդիպման հաղորդագրությամբ չէր տեղեկացվում նախագահների մակարդակով Ադրբեջանի հետ հանդիպման նախապատրաստման հարց քննարկելու մասին, ինչի մասին հայտարարել էին համանախագահները մինչեւ տարածաշրջան այցելությունը: Դրա փոխարեն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման մաիսն ԱԳՆ հաղորդագրությունը նշում է, որ հանդիպմանը քննարկվել է առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Էդվարդ Նալբանդյանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները: Համանախագահները Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները: Նալբանդյանն էլ համանախագահների ուշադրությունը հրավիրել է Բաքվից հնչող բանակցային գործընթացի էությունն ու բնույթը խեղաթյուրող շարունակական հայտարարությունների եւ վերջերս ադրբեջանական կողմից հրադադարի հաճախակի խախտումների վրաՙ ընդգծելով, որ դրանք վնասում են խաղաղ գործընթացի առաջ մղմանը: Այս ամենի ֆոնին հետաքրքրական է, որ համանախագահների հայտարարության մեջ, Բաքվում, ապա Երեւանում նախագահների, արտգործնախարարների եւ պաշտպանության նախարարների հանդիպման հիման վրա շարունակվում է համանախագահների աշխատանքը` ապագա հանդիպման նախապատրաստման համար: «Նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունըՙ հանդիպելու 2013-ի նոյեմբերին` կարգավորման շուրջն իրենց դիրքորոշումների հստակեցման ու առաջ շարժվելու ուղիների քննարկման համար», ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարությամբ: Նույն փաստաթղթով համանախագահները կոչ են արել կողմերինՙ զսպվածություն ցուցաբերել ինչպես տեղերում, այնպես էլ իրենց հայտարարություններում: «Ռազմական որեւէ գործողություն, հատկապես այս պահին, կարող է դիտարկվել որպես խաղաղ գործըթնացը վնասելու փորձ», ասվում է հայտարարության մեջ` կրկին առանց որոշակի, բայց թերեւս ընկալվող հասցեատիրոջով: Ամեն դեպքում, համանախագահների հայտարարությունների հմատեքստում այսպիսի կոչ-զգուշացում հնչում է առաջին անգամ, հատկապես կարեւորելով ներկա դրությունը, երբ նոյեմբերին Սարգսյան-Ալիեւ հանդիպման նախապատրաստումը փաստացի ընթացքի մեջ է: Մյուս կողմից, դատելով մինչ օրս տարբեր սադրանքների ու միջադեպերի հանդեպ համանախագահների արձագանքներից, կարելի է ասել, որ կոչ-զգուշացումը ուղղված չէ միայն Ադրբեջանին, հաշվի առնելով, որ անգամ մոնիտորինգի փորձագետները «դժվարանում են» որոշել իրենց ուղղությամբ արձակված կրակոցների աղբյուրը, ինչը տեղի ունեցավ շփման գծի վերջին մոնիտորինգի ժամանակ: |