ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ Նոյեմբերի 5-ին Ստամբուլի Ջեզայիր կենտրոնում կայացավ լրագրող, «Ազգ»-ի նախկին աշխատակից Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սեւ» եւ «Հայերը եւ թուրքերը» գրքերի թուրքերեն եւ անգլերեն հատորների շնորհանդես-վաճառքը: Այն կազմակերպել էր «Անատոլու Քյուլթուր» կենտրոնի ղեկավար Օսման Քավալանՙ համագործակցությամբ «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Քոչունյանի: Ներկաներին Թաթուլ Հակոբյանի եւ նրա գրքերի մասին տեղեկություններ փոխանցեց Քոչունյանը: Ապա հեղինակը անգլերենով հակիրճ ներկայացրեց իր գրքերի բովանդակությունը, հատկապես կարեւորելով Ստամբուլի այս շնորհանդեսը: Ներկա էին Պոլսում հրատարակվող հայկական թերթերի աշխատակիցներ, ԲիԲիՍի-ի թուրքական ծառայությունից լրագրող, ինչպես նաեւ փորձագետներ եւ դիվանագետներ: «Յուրաքանչյուր կոնֆլիկտ ունի առնվազն երկու կողմ: Ես չեմ կարող հավակնել ամենաանաչառ հեղինակի տիտղոսին, սակայն երկու գրքերում էլ փորձել եմ ներկայացնել փաստեր, իրադարձություններՙ մեկնաբանությունները թողնելով ընթերցողին: Կարծում եմՙ թուրք ընթերցողը հետաքրքրությամբ կկարդա այս հատորները եւ նոր մանրամասներ կհայտնաբերի ինչպես հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների պատմությունից, այնպես էլ արցախյան հակամարտությունից», ասաց Հակոբյանը: Նրա ելույթից հետո եղան հարց ու պատասխաններ, ապա ծավալվեց քննարկում: Վերջում Թաթուլ Հակոբյանը մակագրեց իր նորատիպ հատորները: |