ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԻԶԻՓՈՍՅԱՆ ՓՈՐՁԵՐ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայաստանում 2002 թվականից գործում է «Անձնական տվյալների մասին» օրենք, որը շուտով չեղյալ կհամարվի, քանի որ Ազգային ժողովի նախորդ քառօրյայում ընդգրկված եւ կառավարության կողմից հրատապ ճանաչված «Անձնական տվյալների պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը, մտադրություն կա ընդունել մոտակայում: Եթե ժամանակային խոչընդոտները չլինեն (նկատի ունենք բազմաթիվ այնպիսի նախագծեր, որոնք ավելի հնչեղ են, եւ պատգամավորները սովորաբար հակված լինելով այդպիսի նախագծերի բուռն ու վիզուալ քննարկումների, նստաշրջանի ավարտին չընդունված են թողնում բազմաթիվ նախագծեր): Նոր նախագծի անվանումը հուշում է Հայաստանում առկա պրոբլեմի կարգավորման հրատապությունը, որն օրակարգային է նաեւ ողջ աշխարհում: Ասանժի եւ Սնոուդենի բացահայտումները դրա վառ վկայությունն են, չնայած` հենց այդ բացահայտումներն էլ խոսում են այն մասին, որ այդ խնդրի կարգավորումն ու կյանքի իրողությունները լիովին հակադիր են: Այսինքն` Սիզիֆոսի անմահ կերպարն ու անձնական տվյալների պաշտպանության գործը լիովին նույն հարթության մեջ կարելի է դիտել: Իսկ հատկապես Հայաստանում հաճախ անձնական տվյալների օգտագործումը քաղաքական ենթատեքստ է ձեռք բերում, երբ իշխանական օթյակներից ընդդիմության լիդերների վերաբերյալ անձնական տվյալների արտահոսքեր են կազմակերպվում, կամ ընդհակառակըՙ իշխանության ներկայացուցիչների վերաբերյալ կոմպրոմատներ են նետվում հրապարակ ընդդիմության տիրապետած ԶԼՄ-նե-ով: Ճիշտն ասած` անձամբ ես չեմ համարում, որ նախագիծը օրենք դառնալով ` կարողանա կարգավորել կամ մի փոքր տեսքի բերել մեր միջավայրը, որովհետեւ քաղաքական շոուներին եւ որակական-բովանդակային արժեքներից հեռու մեր առօրյան որոշակի շրջանակներ վաղուց են դարձրել անձնական տվյալների արտահոսմամբ վակուումը լցնելու միջոց: Որպեսզի բովանդակային փոփոխություն լինի մեր կյանքում` որակապես պետք է փոխվի նաեւ մեր կյանքը: Սակայն օրենսդրության կարգավորման առումով ուշանալ իսկապես չարժե, դա չի խանգարի, գոնե առիթ կլինի այդ մասին խոսելու, մեր շուրջը կատարվող բացասականը քննարկման հարթություն բերելու: Բացի այդ` միշտ էլ վտանգ կա, որ օրենքի վերահսկողական մեխանիզմը կարող է ընտրողաբար կիրառել օրենքը ու դա մի լրացուցիչ զենք դարձնել անցանկալի ընդդիմախոսների դեմ, նպաստելով նաեւ ազատ խոսքի սահմանափակմանը: Դրա համար գուցե հարկ լինի ավելի հստակեցնել նախագծի շատախոսությունը, որն ի դեպ Արդարադատության նախարարության եւ GIZ միջազգային համագործակցության գերմանական ընկերության ջանքերով վերջերս լայն քննարկվեց Դիլիջանում, լրագրողական միջավայրում: Կարճ` օրենքի նախագծի նպատակն է լուծել անձնական տվյալներն ի չարս չօգտագործելու, դրանց ապօրինի շրջանառումն ու անգամ վաճառքը կանխելու խնդիրը: Էն գլխից երեւում է` այս խնդիրը պիտի որ անլուծելի լինի` անձնական տվյալների տարածման այնքան բաց ռեսուրսների առկայության մեր ժամանակում, երբ սոցիալական կայքերում ու համացանցում կգտնես ամեն տեղեկատվություն մարդու մասին: Երբ գոյություն ունեն ռեսուրսներ, որտեղ մարդու անունը, հեռախոսահամարը եւ մեքենայի համարը գրելիս բավական լիարժեք տեղեկատվություն ես ստանում տվյալ անձի մասին: Երբ կան պետություններ, որտեղ անձի մասին տեղեկատվությունը բավական հեշտ կարող ես ստանալ համացանցից, դա, օրինակ, բիզնես ոլորտի առումով բավական բաց տեղեկատվություն է ԱՄՆ-ում: Ուզում ենք ասել` մոտեցումների եւ կենսակերպի տարբերությունը, տարբեր պետությունների բարքերը Հայաստանում ի մի բերող ու ներքին օրենքները շատ չկարեւորող հայերս միգուցե մեկ օրենքով հազիվ թե հավասարակշռություն ստեղծենք մեր մոտակա կյանքում: Մանավանդ` Հայաստանում, որտեղ, այնուամենայնիվ, մի ընդհանուր դրույթներով օրենք կար, միեւնույն է, անձնական տվյալի ձեռքբերումը որեւէ խնդիր երբեւէ չի առաջացրել, եթե դա շատ ես ցանկանում: Փոքր երկիր ենք` նախ խոսակցությունն ու բամբասանքն են արագ տարածվում, հետո էլ պարզվում է` դրանք միանգամայն իրողություն են: Եւ մանավանդ` ամեն անգամ ընտրություններին մենք բոլորս ականատես ենք լինում, թե ինչ հմտությամբ, համատիրությունների աշխատակիցներից սկսած եւ պոլիկլինիկաների աշխատակիցներով վերջացրած, կարողանում են անձնական տվյալներ` ընդհուպ անձնագրի սերիայի համար, ձեռք բերել տարբեր հնարամտություններով խաբելով քաղաքացուն եւ դրանք տրամադրելով տեղերի կուսակցական հեղինակություններին, որոնք այդ տվյալները կիրառելու բյուրեղացված մեթոդներ ունեն ընտրությունների ժամանակ: Ասել է, թե նախկին օրենքը մեռած օրենք է եղել, չի գործել, բայց արդյո՞ք նորի ընդունման պարագայում բավարար մեխանիզմներ կլինեն, որ գոնե այն մասամբ աշխատի: Ոչ միայն աշխատի, այլ նաեւ` օգնի քաղաքացուն, ոչ թե հակառակը` ավեր գործի: Համենայն դեպս` նոր նախագծի հիմնավորումներում մինչեւ հիմա գործող օրենքը բավարար պետական պաշտպանվածությունից զուրկ է դիտվում, քանի որ չեն եղել նաեւ անձնական տվյալների մշակման օրինականության նկատմամբ անկողմնակալ եւ մշտական հսկողություն իրականացնող մարմիններ, իսկ հիմա դրանք նախատեսված են: Կամ, ասենք, բացակայել են անհատական տվյալները օտար երկրներին փոխանցելու հետ կապված կարգավորումները, գործընթացում չափորոշիչներ սահմանված չեն եղել, իսկ հիմա դրանք բավական մանրամասն սահմանված են: Նոր նախագծով նախ առաջարկվում է որպես սկզբունք ընդհանրապես անձնական տվյալները չմշակելու գաղափարը, հետո երեք խումբ պայմաններում դրանք հնարավոր համարելով եւ օրինական նպատակներով, միայն նպատակակետին համարժեք չափով, անձի տեղեկացված լինելու պարագայով դրանց մշակումը պայմանավորելով: Երբ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին քննարկումների ժամանակ հարցրինք, թե, ասենք, ի՞նչ մեխանիզմով է պատժվելու ընտրությունների ժամանակ նույն գործելակերպով անձնագրի սերիա եւ անուն-ազգանուն գրանցող կուսակցական պատասխանատուն, որի աներեսությունը բնակչին ստիպում է անհարմար զգալ եւ տրամադրել պահանջվող տվյալը, նրա պատասխանից պարզ դարձավ, որ էլի ամեն ինչ մնալու է քաղաքացու ուսերին` օրենքն ընդունվի, թե ոչ: Էլի քաղաքացին պիտի շարունակի իր իրավունքները պաշտպանել, բողոոքել, դիմել դատարան, այսինք` նրա անձնական տվյալները նման դեպքում օրենքը, ընդունման դեպքում անգամ, հազիվ թե պաշտպանի, եթե նա դրանք պաշտպանելու ցանկություն եւ պնդերեսություն չունի: Մի խոսքով` կարծես այս նախագիծն ավելի եւվրոպական պահանջ` բարեփոխման եւ ինստիտուցիոնալացման խնդիր է լուծում, իսկ մեր կյանքը էլի պիտի մենք փոխենք, օրենքի կիրառությունն էլ մեծ հաշվով մեր ցանկությունից է կախված լինելու: Նոր նախագծի կարգավորման դաշտը անձնական տվյալներ մշակելու, դրանց նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու կարգի ու պայմանների սահմանումն է` մի շարք դեպքերում այլ օրենքներով եւս ըստ անհրաժեշտության այդ կարգի տվյալների մշակման հնարավորություն թողնելով (ասենք`ազգային անվտանգության կամ պաշտպանության): Սահմանվում են մշակողի եւ տվյալ տրամադրողի իրավասությունները, պարտականություններն ու իրավունքները: Տվյալների մշակման եւ օգտագործման հսկողական կամ լիազոր մարմին է ստեղծվելու (նոր ծախս) արդարադատության մարմնի կազմում: Կարեւոր է, իհարկե, որ նախագծով սահմանվում է, թե առանց անձի հետ համաձայնության նրա վերաբերյալ տվյալ չի կարող մշակվել, բացի այդ` անձը լիովին իրազեկ պետք է լինի, թե ինչու են մշակվում իր վերաբերյալ տվյալները, դրանց տրամադրման` օրենքի սահմաններում լինելու մանրամասները պետք է իմանա. ասենք` նպատակի համար անհրաժեշտից ավելի տվյալների վերցնել չթույլատրվելը, հանրամատչելի աղբյուրներից հավաքելը եւ այլն: Միաժամանակ սահմանվում են օրենքի կիրառման վարչական վերահսկոողության մեխանիզմներ` օրենքի խախտման դեպքում վարչական պատասխանատվության կիրառմամբ: Սակայն նախագիծն արդեն ուշադիր կարդալիս նկատելի են շատ անորոշություններ, կյանքին անհամարժեք պահեր: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն, օրինակ, անձի հաշվառման վայրը հանրամատչելի համարելը կասկածելի դրույթ է համարոււմ: Հանրամատչելի են համարվում անձի անուն- ազգանունը, ծննդյան վայրը, մահվան թիվը եւ վայրը, ամսաթիվը: Այսինքն` անձնական գաղտնիք չհամարվող տեղեկությունների սահմանն է լղոզված: Նույն կերպ` շատ ընդլայնված է այդ տվյալների տարածությունը` ասենք անձի ընտանեկան-անձնական կյանքի մասին տվյալների ստացումը հանրային մարդկանց դեպքում ուղղակի սահմանափակում է հանրության իրավունքն` իմանալու ավելին իրենց նախընտարծ երգչի կամ հայտնի մարդու մասին: Այսինքն` մեդալը երկու կողմ ունի, մեկի համար դա կարող է PR նշանակել, մի ուրիշի համար` անձնական կյանքի իրավունքի ոտնահարում: Կամ` անձի ֆիզիոլոգիական վիճակի մասին տեղեկությունը` մարդը հիվանդ է, մի մասի համար այդ մասին տեղեկությունը կարող է աջակցության աղբյուր լինել, մի ուրիշի համար հոգեբանական հարված: Ու մեր հասարակությանը, տեղեկատվական հանրային աղբյուրներին օրենքի ընդունմամբ ստիպել տարիներով ստեղծված ստերիոտիպերն ու զբաղմունք դարձրած գործելակերպը փոխել եւ յուրաքանչյուր դեպքում անձի թույլտվություն ստանալ` դժվար կլինի: Ընդհանրապես` նախագծով անձնական տվյալը ցանկացած տեղեկությունն է, որը թույլ է տալիս ուղղակի կամ անուղղակի նույնականացնել անձի ինքնությունը: Իսկ դրանցով լցված են մեր լրատվամիջոցները, սոցիալական ցանցերը: Այնպես որ` նախագծի ընդունումը վերաբերում է նաեւ լրագրողներիս, չնայած` լրագրողների գործունեությունը կարգավորվում է ԶԼՄ-ների մասին օրենսդրությամբ:Սակայն այս ոլորտի վերահսկողական մարմինը, փաստորեն, կլինի մի նոր օղակ, որտեղ նաեւ կքննվեն լրագրողի կողմից անձնական տվյալների ձեռքբերման օրինականությունը, մեզ դիտելով «Անձնական տվյալների փոխանցում երրորդ անձանց» տիրույթում եւ ավելի բարդացնելով մեր կյանքը: Ինձ անձամբ զայրացնում են Ֆեյսբուքի զահլատար հարցերը` որտե՞ղ աշխատելու կամ առավել մանրամասն տվյալներ ներբեռնելու մշտական հրավերների առումով, ու երբ անընդհատ գալիս է հարցը, թե որտեղ եք աշխատում, ի պատասխան ուզում ես գրել` քեզ ինչ: Որեւէ ներհայկական օրենք, այդպիսով, չի կարողանա կարգավորել համացանցային այնպիսի տիրույթներ, որոնք միջազգային են, եւ փառք աստծո, պետք էլ չէ, տեղեկատվության ահռելի մեծ համացանցային դաշտը չունենալն այսօր անպատկերացնելի է: Բացի այդ` տարբեր երկրներում անձնական տվյալների պահպանության խնդրին տարբեր կերպ են նայում` ըստ հասարակության կրթվածության եւ մակարդակի: Այնպես որ` միգուցե մենք էլ այս օրենքից մեծ սպասումներ չպետք է ունենանք, այլ մի հինգ տարի դիտենք, թե գործողության մեջ ինչպե՞ս է այն համարժեքվելու կյանքին, կամ ընդհակառակը: Չէ՞ որ ամբողջ աշխարհում էլ անձնական տվյալների ռեսուրսային կուտակումները հազվադեպ չեն, անձնական տվյալների ամենամեծ ռեսուրսներն ունենալու մրցավազք է պետական եւ անվտանգության մակարդակներով, եւ չիպավորման մեր ժամանակում անձնական տվյալներն ի շահս օգտագործելու մարդկային գայթակղությունը երբեք հնարավոր չէ բացառել: |