RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014



(Չ)ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Տեղադրվել է` 2014-11-06 23:37:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2072, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 7

«ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՆԱԼԻՆ»` ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ «ՄԱՀԸ»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մեր նախորդ հոդվածում գրել էինք, որ Ադրբեջանը փայփայում է «Կովբյուրոյի որոշմամբ» լուծված ԼՂ խնդրի լուծման հեռանկարը: Նման ենթադրություն անելիս հիմք էինք ընդունել հարեւան երկրի տեղեկատվական միջավայրում «եղանակի» կտրուկ փոփոխությունը, որն արտահայտվում է «ժամացույցը Մոսկվայի հետ ճշտելու»` վերջին շրջանում այլեւս անթաքույց դրսեւորումներով:

Որ Ադրբեջանը հիմնովին փչացրել է հարաբերություններն արեւմտյան աշխարհի հետ, վկայում է այդ երկրի պաշտոնական լրատվամիջոցներում բրիտանական BP կորպորացիայի հասցեին ահագնացող քննադատությունը: «ԱզերԹաջ» պետական գործակալության վերլուծաբանների կարծիքով, մասնավորապես, Ադրբեջանը «միլիոնավոր դոլարի օրական վնասներ է կրում, քանի որ BP-ն անսպասելի վերանորոգման աշխատանքներ է սկսել եւ կրճատել նավթի արդյունահանման ծավալները»:

Այս քննադատությունը չէր կարող անարձագանք մնալ: Նոյեմբերի 4-ին բրիտանական «Գարդիանը» հրապարակեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հոդվածը, որտեղ Ադրբեջանում իշխող վարչախմբի հասցեին օգտագործված են ամենակոշտ ձեւակերպումներ: ԵԽ գլխավոր քարտուղարն արձանագրել է այդ երկրում մարդու իրավունքների իրավիճակը եւ պահանջել լուծումներ:

Անմիջապես հետեւեց իլհամալիեւյան վարչախմբի պատասխանը. «Յագլանդի հոդվածի թիկունքում կանգնած են հակաադրբեջանական ուժեր»: Եւ հնչեց սպառնալիք. «Այդպիսով վտանգվում է Եվրոպայի խորհրդի հանդեպ ադրբեջանական հանրության վստահությունը»: Թե ինչո՞ւ պիտի բռնապետության դեմ պայքարող հանրությունը չվստահի ԵԽ գլխավոր քարտուղարին, ով փաստացի պաշտպան է կանգնում նույն այդ հանրությանը, թողնենք Իլհամ Ալիեւի աշխատակազմի պատասխանատու Ալի Հասանովի «տրամաբանությանը»:

Փաստ է, որ գաղփարա-արժեքային վեկտորի փոփոխություն տեղի է ունեցել: Հայ որոշ վերլուծաբաններ եւ փորձագետներ դա համարում են «բացատրելի» եւ ակնարկում «ռուս-թուրք-ադրբեջանական նոր գործարքի» մասին: Անվիճելի է, որ շփման գծում հուլիս-օգոստոսյան լարվածության օրերին եւ դրանից հետո էլ Մոսկվայից ամենատարբեր մակարդակներով որոշակի ազդակներ Բաքվին փոխանցվել եւ դեռ փոխանցվում են:

Քաղաքագիտական «հայեցակարգի» իմաստով այդ ամենը հանգում է հետեւյալին` «եթե Ադրբեջանը, ինչպես Հայաստանը, միանա ԵՏՄ-ին, ապա ԼՂ խնդիրը կդառնա եվրասիական ընդհանուր տարածքի հարց, եւ Մոսկվան կասի իր վճռական խոսքը»: Մոտավորապես` ինչպես հայտնի արտահայտությունն է ասում. «, »: Թեման, սակայն, «փակվեց», երբ Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը հայտարարեց, որ իր երկիրը «ոչ մի, անգամ Լեռնային Ղարաբաղի գնով չի միանա ԵՏՄ-ին»:

Եթե դա «վերջնական վճիռ է», ապա Ադրբեջանի համար ստեղծվում է կատարյալ փակուղային վիճակ` Արեւմուտքը մերժում է «Եվրոպայի էներգետիկ անվտանգության դիմաց` ԼՂ», իսկ Ադրբեջանը` «ԼՂ դիմաց` ԵՏՄ-ին անդամակցություն» տարբերակը: Ի՞նչ է պատրաստվում ձեռնարկելու Իլհամ Ալիեւը: Հարցին անդրադարձել է «Թուրան» գործակալության վերլուծաբանը: Ի դեպ, «Թուրանը» ներկայումս միակ էլեկտրոնային լրատվամիջոցն է, որ համարձակվում է պաշտոնականից տարբերվող տեսակետ հնչեցնել:

Եւ այսպես, հիմք ընդունելով «ԼՂ կարգավորման բանալին Մոսկվայում է»` Հեյդար Ալիեւին վերագրվող ձեւակերպումը, ադրբեջանցի հեղինակը նախ տալիս է «պոստուլատի ծագումնաբանությունը»: Նրա կարծիքով, սեփական իշխանությունն ամրապնդելու համար Հեյդար Ալիեւը 1994թ. զինադադարի համաձայնագիր ստորագրելուց հետո «շողոքորթել է ռուսներին»:

Բայց դա չէ գլխավորը: Հեղինակը գտնում է, որ, լինելով փորձառու քաղաքական գործիչ, Հեյդար Ալիեւը, ի տարբերություն նախորդ երկու նախագահների, հասկացել է, որ «չի կարող ազատագրել Լեռնային Ղարաբաղը»: Այսինքն` որ խնդիրը չունի ռազմական լուծում:

«Իլհամ Ալիեւը, իշխանական հերթափոխն ընդունելով հորից, յուրացրել է նաեւ ղարաբաղյան խնդրի լուծման նրա մոտեցումը` եթե ուզում ես երկար կառավարել, մի փորձիր լուծել անլուծելին»,- գրում է «Թուրանի» մեկնաբանը եւ շարունակում. «Մեր կարծիքով, դեպքերի զարգացումը վկայում է, որ այդ երկարաձգված խնդրի լուծումը մտնում է նոր փուլ` պայմանավորված Մոսկվայի կողմից ստեղծված ԵՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներով եւ վերջերս դրան Հայաստանի անդամակցությամբ»:

Մեկնաբանի հայացքով, «կարելի է երկար բանավիճել` ի՞նչ է իրենից ներկայացնում ԵՏՄ-ն` ԽՍՀՄ-ը վերականգնելու գործի՞ք, թե՞ լիարժեք ինտեգրացիոն խմբավորում` անդամ-երկրների ինքնիշխանության պահպանմամբ, բայց միաժամանակ այն կարելի է համարել ժամանակակից վերազգային հարթակ` տարածքային հակամարտությունները տնտեսական, առեւտրային եւ հումանիտար փոխազդեցությամբ, ավելի խոր ինտեգրացվածությամբ, քան գոյություն ունեցող ԱՊՀ-ն է, լուծելու համար»:

Ուշագրավն այն է, որ հեղինակը եզրահանգում է. «Դժվար է կանխագուշակել, թե ինչ ճանապարհ կընտրի Իլհամ Ալիեւը: Կասկած չի հարուցում մի հանգամանք` աշխարհում եւ հետխորհրդային տարածքում իրավիճակի արագ զարգացումը խոսում է այն մասին, որ նրա (Իլհամ Ալիեւի) համար որոշում ընդունելու ժամանակը խստորեն սահմանափակված է»:

Խնդիրն ավելի բարդ է: Իլհամ Ալիեւը, չպետք է կասկածել, ԼՂ հարցի լուծման խնդիր չունի: Նա հորից իշխանություն է ստացել, որպեսզի փոխանցի որդուն: Արեւմուտքը ոչ միայն նման երաշխիքներ չտվեց, այլեւ ամեն ինչ արեց, որպեսզի Ադրբեջանում քաղաքացիական հասարակություն եւ լուրջ ընդդիմություն ձեւավորվի: Երկուսն էլ կատարելապես ջախջախված են: Ոչ առանց Մոսկվայի օժանդակության:

Ի՞նչ համաձայնության կգան Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը: Ռուսաստանը կդառնա՞ ալիեւյան «կայսրության» պահպանման երաշխավոր: Եթե` այո, ապա Ադրբեջանը կգնա ԵՏՄ: Բայց արդյո՞ք Արեւմուտքը կհամաձայնի, որ Մոսկվան «բացի» Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ այն կարգավորի «տնտեսական, առեւտրային եւ հումանիտար փոխազդեցությունների» միջոցով: Արեւմուտքը կների՞ Իլհամ Ալիեւին: Չէ՞ որ 1994-ից ի վեր «կայսրության» տնտեսական հենարանները ստեղծվել եւ ամրապնդվել են արեւմտյան կապիտալից «նվիրատվություններով» եւ նավթի արդյունահանումից «համարժեք մասհանումներով»:

Տրամաբանական է թվում, որ Իլհամ Ալիեւը եւս մեկ անգամ կսառեցնի ԼՂ բանակցային գործընթացը: Որովհետեւ ինչ զարգացումներ էլ որ բանակցություններում լինեն, տարածաշրջանի «բացումը» բերելու է ալիեւյան «կայսրության» վախճանին: Իսկ դա Իլհամ Ալիեւի «մահն» է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ