RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2014-11-06 23:37:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1959, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՌՈՒՍ-ՉԻՆԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐՋ ԴՆԵԼ ԴՈԼԱՐԻ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Պ. Ք.

Ռուսաստանի եւ Չինաստանի նորանոր առեւտրական գործարքները եւ մերձեցման միտումը տագնապ է առաջացնում Արեւմուտքում, քանի որ այդ իրավիճակը վերջ ի վերջո կարող է շոշափելիորեն ազդել էներգետիկ շուկաների վրա: Ներկայումս քաղաքական գործիչները եւ էներգետիկ ընկերությունների ղեկավարները համաշխարհային շուկայում ուժերի զուգակշռությունը դիտարկում են շեշտադրումը դեպի Արեւելք տեղաշարժելու տեսանկյունից:

Երկու խոշոր տերությունների մերձեցման պատճառները մեծ չափով կապված են Ուկրաինայի ճգնաժամի եւ Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցների, ինչպես նաեւ իր համար էներգակիրների երկարաժամկետ մատակարարումներ ապահովելու Չինաստանի ձգտման հետ:

Նման սերտ տնտեսական կապերի հետեւանքը կարող է դառնալ ամերիկյան դոլարի գերիշխանության աստիճանական վերացումը, իսկ դա հսկայական ազդեցություն կգործի աշխարհի էներգետիկ շուկաների վրա:

Դոլարի դարաշրջանը

Մինչեւ 20-րդ դարը փողերի արժեքը շաղկապված էր ոսկու հետ: Բանկերի ոսկու պաշարները սահմանափակ էին, ուստի վարկավորման աճը եւս ուներ սահմաններ: Սակայն 1944 թ. ստեղծվեց Բրեթոն-Վուդի համակարգը, որը սկզբնավորեց փոխարժեքների հաշվակարգը:

Բրեթոն-Վուդի համակարգի շրջանակներում բոլոր արժույթների փոխարժեքները շաղկապվեցին դոլարի հետ, դոլարն էլ իր հերթինՙ ոսկու հետ: Շաղկապված արժույթների շահարկումների կանխման նպատակով կապիտալի շարժումը խիստ սահմանափակվեց: Այդ համակարգը երկու տասնամյակ ուղեկցում էր արագ տնտեսական աճին եւ թույլ տվեց խուսափել ֆինանսական լուրջ ճգնաժամերից:

Սակայն վերջ ի վերջո պարզվեց, որ տվյալ համակարգն անկարող է «գլուխ հանել» Գերմանիայի եւ Ճապոնիայի հարաճուն տնտեսական զորությունից, ինչպես նաեւ սեփական տնտեսական քաղաքականությունը ոսկու հետ կապվածության պահպանմամբ ճշգրտելուց ԱՄՆ-ի հրաժարումից: Նախագահ Ռիչարդ Նիքսոնը ոսկու հետ շաղկապվածությունը վերացրեց 1971 թվականին, եւ ամրագրված փոխարժեքի համակարգը փլուզվեց:

Այդ ժամանակ դոլարը համատարած անկում արձանագրեց, իսկ նավթը վճռական դեր խաղաց ամերիկյան արժույթի սատարման գործում: Նիքսոնը բանակցեց Սաուդյան Արաբիայի հետ, եւ վերջինս զենքի եւ պաշտպանության դիմաց համաձայնեց նավթ վաճառել միայն դոլարով:

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունըՙ OPEC-ը պաշտպանեց այդ նոր համակարգըՙ դրանով իսկ ապահովելով ամերիկյան արժույթի մշտատեւ համաշխարհային պահանջարկը: Եվ նավթադոլարի գերիշխանությունը շարունակվում է մինչեւ օրս:

Ռուսաստան-Չինաստան մերձեցումը

Ներկայումս Արեւելքից ստացվող լուրերը դժվար թե ուրախացնեն ամերիկացի քաղաքական գործիչներին, քանի որ նավթադոլարի գերիշխանության ժամանակաշրջանն իր ավարտին է մոտենում ՉԺՀ-իՙ աշխարհի երկրորդ տնտեսական տերության եւ ապրանքների խոշորագույն սպառողի հարաճուն մրցակցության պատճառով:

Վերջին ամիսներին Ռուսաստանն ու Չինաստանը ակտիվորեն ստորագրում են փոխշահավետ տնտեսական համաձայնագրեր: Դրանցից ամենախոշորը նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսյան այցի օրերին ստորագրված գազամատակարարման երկարաժամկետ համաձայնագիրն է, որի ընդհանուր գումարը 456 մլրդ դոլար է:

Բացի դրանից, «Ռոսնեւթը» չինական կողմի հետ պայմանավորվել է կրկնակի ավելացնել Չինաստանին նավթի մատակարարման ծավալները: Այդ գործարքը իր հերթին գնահատվում է 270 մլրդ դոլար:

Փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ին սպառնացող վտանգը բնավ կապված չէ ածխի կամ հեղուկ բնական գազի մատակարարման հնարավոր դժվարությունների հետ, սակայն դոլարի վրա գործադրվող ճնշումն ամեն դեպքում զգալի կլինի:

Ռուսաստանն ու Չինաստանը մտադիր են հաշվարկներն իրականացնելիս չօգտագործել դոլարը, ինչը, նկատի ունենալով գործարքների ծավալները, շոշափելի կլինի ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար:

Ներկայումս Չինաստանն աշխարհում նավթի խոշորագույն ներմուծողն է, իսկ ԱՄՆ-ում ավելի ու ավելի է մեծանում կախվածությունը ներքին արտադրությունից, եւ եթե Մոսկվայի ու Պեկինի միջազգային էներգետիկ գործարքներում դոլար չօգտագործվի, ապա ամերիկյան արժույթի գերիշխանությունը կթուլանա:

Ամբողջ հարցն այն է, թե քանի երկիր կհետեւի Ռուսաստանի օրինակին, ինչպես նաեւ այն, թե նման գործարքներն ինչպիսի արագությամբ կտարածվեն ուրիշ երկրների փոխհարաբերություններում:

Ամեն դեպքում դոլարը պահուստային արտարժույթ է. փաստորեն բոլոր կենտրոնական բանկերը գնում են այն, եւ դա նույնպես ապահովում է ամերիկյան արժույթի ուժը:

Սակայն հունիսին Չինաստանն ու Բրազիլիան պայմանավորվեցին իրականացնել 29 մլրդ դոլար արժողությամբ ոչ դոլարային գործարք: Հոկտեմբերին նմանատիպ համաձայնագիր ստորագրվեց Ռուսաստանի հետ, տեղեկացնում է «Վեստի» գործակալությունը:

Բնականաբար, այդ գործողությունները ինքնըստինքյան բնավ չեն նշանակում դոլարիՙ որպես առաջատար պահուստային արժույթի վախճանը, բայց տվյալ քայլերը այնուամենայնիվ անչափ տհաճ են ամերիկացի քաղաքական ու ֆինանսական գործիչների համար:

Յուանի ընդվզումը

Գաղտնիք չէ, որ Պեկինը միջոցներ ու տարբերակներ է փնտրում յուանը որպես այլընտրական պահուստային արժույթ առաջ մղելու համար: Նման կարգավիճակի ձեռքբերման դեպքում Չինաստանը կկարողանա հանգիստ մուտք գործել էժան համաշխարհային կապիտալի շուկա եւ նվազեցնել միջազգային առեւտրի ծախսերը, չխոսելով արդեն այդ տնտեսական տերության ազդեցության աճի մասին:

Ի դեպ, դա կլինի արդարացիՙ նկատի ունենալով ՉԺՀ տնտեսության ծավալը եւ երկրի բաժինը համաշխարհային առեւտրի մեջ: Ասենք, նոր զարգացող երկրների ընթացիկ վիճակը արդեն վաղուց վեճերի առարկա է դարձել:

Հարկ է նշել, որ չինացիների այդ ծրագիրը կապված է որոշ բարդությունների հետ: Կառավարությունն առայժմ չի ձերբազատվել կապիտալի շարժման վերահսկողությունից, ինչը թույլ կտար հասնել յուանի լիակատար փոխարկելիության: Ներկա իրավիճակի պատճառն այն է, որ կառավարությունը վախենում է ավելացնել սպեկուլյատիվ հոսքերը, որոնք կարող են զգալի հարված հասցնել ՉԺՀ տնտեսությանը:

Այդուհանդերձ արդեն պարզ է, որ Չինաստանը ներկայումս հիմք է ստեղծում համաշխարհային ասպարեզում յուանի զարգացման համար: Այս տարի չինական յուանի հետ աշխատում է ավելի քան 10 հազար ֆինանսական հաստատությունՙ 2011 թ. 900-ի դիմաց: Իսկ յուանի հետ կապված օֆշորային գործառնությունները գնահատվում են 143 մլրդ դոլար: Ըստ որում, յուանով Չինաստանի կատարած արտահանության ու ներմուծման բաժինը վերջին երեք տարում գրեթե վեցապատկվել էՙ հասնելով 12 տոկոսի:

«Ռուսաստանի ձայն» ռադիոկայանը հաղորդում է, որ այս տարի Չինաստանը սկսել է Արեւելյան Ասիայի սակարաններում յուանը առանց դոլարի միջնորդության փոխանակել ճապոնական, սինգապուրյան, նորզելանդական եւ այլ արժույթների հետ: Էական դեր կարող է խաղալ նաեւ ներկայումս ձեւավորվող Ենթակառույցների զարգացման ասիական բանկը, որտեղ Չինաստանը ներդրումներ է կատարում միայն յուանով եւ մասնակից երկու տասնյակ երկրներին եւս հորդորում է նույն կերպ վարվել: Դոլարի մենատիրության վերացմանը կարող է նպաստել նաեւ BRICS-ի երկրների միասնական բանկային համակարգի ստեղծումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ