ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ԱՐՁԱՆԻ ՇՈՒՐՋԸ ՆԱԻՐ ՅԱՆ Քաղաքային իշխանությունները որոշել են Երեւանում տեղադրել Գարեգին Նժդեհի արձանը: Մրցույթ է հայտարարվել, որին մասնակցել են տարբեր քանդակագործներ. ընդունվել է Գագիկ Ստեփանյանի էսքիզը: Իսկ թե որտեղ կանգնեցնել կոթողը, կարծիքները տարբեր են եղել: Նախնական տարբերակով Նժդեհի արձանը պետք է տեղադրվեր Նժդեհի անվան հրապարակումՙ 3-րդ մասում. հաջորդել է այլ տեսակետՙ «Հայրենիք» կինոթատրոնի հարակից փոքրիկ հրապարակում: Բայց ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ տարբերակները չեն ընդունվել: Սովետական տարիներին 3-րդ մասում տեղադրվեց կոմունիստ Սուրեն Սպանդարյանի արձանը, հրապարակն էլ կոչվեց նրա անունով: Անկախություն թեւակոխած մեր երկրի իշխանությունները որոշեցին հրապարակը վերանվանել Գարեգին Նժդեհի անունով, բայց արձանը, միեւնույն է, Սուրեն Սպանդարյանինն էլ մնաց: Քաղաքային իշխանությունները ժամանակ առ ժամանակ բարձրացրել են այդ հարցըՙ Սպանդարյանի ու Նժդեհի անուններն անհամատեղելի են. զավեշտ էՙ Նժդեհի անվան հրապարակումՙ Սպանդարյանի արձանը: Բայց այդպես էլ հարցը չի լուծվել: Որքան էլ քննադատենք սովետական վարչակարգն իր վարչարարներով, դա էլ է մեր պատմությունը, մեր պետության ու ժողովրդի անցած ճանապարհը: Փորձել ջնջել այն. ճիշտ չէ: Սպանդարյանի արձանն իր տեղում է, մանավանդ որ արվեստի մարդիկ այն հաջողված քանդակ են համարում: Բխում է երկրորդ հարցը. եթե անգամ որոշվի, որ արձանը պետք է հանել, ի՞նչ անել այն: Լենինի արձանի նման մասնատել ու գլխատե՞լ, թե ինչ է սովետական գործիչ է: 20 տարուց ավելի է անցել, ու հիմա զղջացել ենք, որ զգայական հողի վրա ջախջախեցինք ու ոչնչացրինք Մերկուրովի թանկարժեք աշխատանքը, որի նմանն անգամ Մոսկվան չուներ: Եթե արձանը կամերային աշխատանք լիներ, հնարավոր կլիներ որեւէ տեղ խցկել, բայց հսկայական մոնումենտալ գործը հանել եւ ո՞ւր տանել: «Կինոհայրենիքի» հարակից տարածքում Նժդեհի արձանը տեղադրելու միտքը կանխվել է: Լեւոն Թոքմաջյանն այսպես պատճառաբանեց. «Քաղաքապետարանի քաղաքաշինության գեղխորհուրդը, որի կազմում ես էլ կամ, կարծիք է հայտնել, թե արձանը պլակատային արժեք կունենա, եթե տեղադրվի «Կինոհայրենիքի» մոտ: Այդ տարածքում ավտոմեքենաների երթն այնքան ուժգին է, որ ոչ ոք չի հանդգնի մոտենալ Նժդեհի արձանին: Իսկ եթե պետք է տեղադրվի կոթողՙ զուտ տեղադրվելու համարՙ չհաղորդակցվելով մարդկանց հետ, ուրեմն անիմաստ է»: Որոշվել է Նժդեհի արձանը տեղադրել Երեւանի Գլխավոր պողոտայի Նալբանդյան փողոցին կից նորակառույց այգում, որտեղ անցորդների պակաս չի լինի: Բացի այդ, Նժդեհը կնայի Վարդան Մամիկոնյանին, եւ դա խորհրդանշական կլինիՙ երկու զորավարՙ դեմ-դիմաց: Իսկ հիմա անդրադառնանք Գարեգին Նժդեհի արձանի գեղարվեստական ու մասնագիտական կողմերին: Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը պատմում է, որ գեղարվեստական խորհրդի անդամներով եղել են Նժդեհի արձանի հեղինակիՙ Գագիկ Ստեփանյանի արվեստանոցում: «Քանդակը դեռ պատրաստման փուլում է: Մենք ոչ մերժեցինք, ոչ էլ ընդունեցինք այդ աշխատանքը: Այն դեռ հում վիճակում է, աշխատելու, շտկելու շատ բան կա: Տարակուսանք ունեմ, որ գործը լավն է: Նախնական տարբերակում Նժդեհը ձեռքին սուր ուներ, իսկ հիմա այն հանված է: Ու քանի որ ձեռքերը պարապ են, բնականաբար քանդակագործը պետք է ինչ-որ լուծում գտներ: Ու Գագիկը Նժդեհի մի ձեռքը ծալել էր, մյուսըՙ պարզել: Այդպես նա հռետորի, դիկտատորի տպավորություն թողեց ինձ վրա: Ես էլ եմ մասնակցել Նժդեհի քանդակի մրցույթին, բայց Գագիկ Ստեփանյանի էսքիզն ընտրվեց: Ես պատկերացնում եմ Նժդեհին սարերից իջնելիս, ընդվզող, ըմբոստ, կրակոտ կեցվածքով, հերոսական կերպարով: Մի տեսակ դերասանի տեսք ուներ Գագիկ Ստեփանյանի Նժդեհը: Մենք որոշ դիտողություններ արեցինք, խորհուրդներ տվեցինք, ասացինք, որ քանդակագործը մի քիչ դինամիկա, շարժում մտցնի կերպարի մեջ: Այնուամենայնիվ, առանց թրի, մի ձեռքը պարզած, մյուսըՙ կորացրած, Նժդեհն ավելի շատ նման էր փիլիսոփայի, քան զորավարի: Միգուցե վերեւներում են էդպես որոշել, որ Նժդեհը գաղափարական մտածողի տեսքով ներկայանա հանրությանը, քանի որ ՀՀԿ-ն իր կուսակցական դրույթների հիմքը համարում է Նժդեհի գաղափարախոսությունը. ես չգիտեմ, չեմ կարող ասել»,- իր տեսակետը մեկնաբանում է Լեւոն Թոքմաջյանը: Լեւոն Թոքմաջյանը չթաքցրեց, որ Նժդեհի ձեռքերի դիրքը նման է իր Տիգրան Մեծի ձեռքերի շարժումներին: Հենց որ տեսել է Նժդեհի արձանը, անմիջապես նմանությունը գտել է, բայց ներկաների մոտ այդ մասին չի արտահայտվել: Քանդակագործը շեշտում է, որ իր համար կարեւորը լավ աշխատանքն է, իսկ թե որտեղ կտեղադրվի այն, երկրորդական է համարում: Օրինակ է բերում Վենետիկի խուլ ու աննշան մի վայրում տեղադրված Դոնատելլոյի քանդակը: Բայց Նժդեհի արձանի գեղարվեստական արժեքը Լեւոն Թոքմաջյանը կասկածի տակ է դնում: Նժդեհի արձանի հեղինակ Գագիկ Ստեփանյանը բավականին վրդովված է իր աշխատանքի շուրջը ծավալվող խոսակցություններից: Նա կտրականապես մերժում է լրագրողական բոլոր այցելություններն իր արվեստանոց, նաեւ հարցազրույց չի տալիս: Քանդակագործի համար անհասկանալի է, թե ինչու է դեռ անավարտ գործն այսքան քննարկումների տեղիք տալիս, իսկ Նժդեհի ձեռքին սուր կլինի, թե չի լինի, եղել է այն, թե չի եղել, Գագիկ Ստեփանյանին շատ է բարկացնում: «Որեւէ մեկըՙ կլինի Լեւոն Թոքմաջյանը, թե այլ ոք, իրավունք չունի խառնվելու իմ աշխատանքին: Առաջին փուլի ժամանակ Նժդեհի ձեռքին սուր է եղել. ես այդպես եմ ներկայացրել քանդակըՙ խաչի ձեւով բռնած սուր: Բայց հետո հանել եմ այն. դա իմ որոշումն է եղել: Քանդակ կերտելիս նոր մտքեր են առաջ գալիս, ու հաճախ փոփոխվում է աշխատանքը. դա շատ բնական գործընթաց է: Զարմանալու կամ քննադատելու ի՞նչ կա այստեղ: Հետո որոշեցի սուրը հանել ու ավելի լակոնիկ լուծում տալ: Հիմա քանդակը մեծացման փուլում է, կտոր-կտոր բաժանված է իմ արվեստանոցում: Ի՞նչ եք ուզում ինձնից, թողեք աշխատեմ, էլի: Բոլորից շատ ես եմ ուզում, որ Նժդեհի կերպարը հաջողված ու ազդեցիկ լինի: Ժամանակից շուտ թող ոչ ոք քննարկումներ ու վերլուծություններ չանի: Թող ամեն մեկն իր գործով զբաղվի ու չխառնվի ուրիշի գործերին: Չի կարելի էդպես»,- հազիվ մի քանի նախադասությամբ, այն էլ հեռախոսով, վրդովված պատասխանեց Գագիկ Ստեփանյանը: Նժդեհի 4-4,5 մետրանոց բրոնզաձույլ արձանը նախատեսված է տեղադրել հաջորդ տարի: Որքանո՞վ այն կբավարարի մյուս քանդակագործների ճաշակն ու սպասելիքները, ինչպիսի՞ արձագանք կլինի, հետո կերեւա: Հետոն կախված է նաեւ հանրության վերաբերմունքից: Իսկ Լեւոն Թոքմաջյանն, ի դեպ, չի հավանում նաեւ հոկտեմբերի 25-ին Ստեփանավանում տեղադրված Սոս Սարգսյանի արձանը: Քանդակագործը դժգոհում է. «Լուսնկարային, կինոկերպարային արձան է իմ կարծիքով: Չկա դերասանական այն վեհաշունչ արտահայտչականությունը, որ տեսնողը նայի ու ասիՙ ի՜նչ ռոմանտիկ, ուժեղ կերպար է: Ընդհանրապես վերջին 20-25 տարում մեր երկրում տեղադրված քանդակները մեծ մասամբ ինձ դուր չեն գալիս, որովհետեւ քանդակված է կերպարըՙ որոշակի պահի»: Իսկ օրինակ, Ղուկաս Չուբարյանն ու Արտո Չաքմաքչյանը , չանձնավորելով որեւէ դիտողություն, ասում էին, թե քանդակին նայելիս պարզ տեսնում ես, թե հեղինակն առաջին հերթին իր ստեղծագործական անկարողությունն ինչպես է ջանացել թաքցնել: Երբ, օրինակ, մարմինն սկսվում է գոտկատեղից կամ խառնվածքը քանդակելու փորձը մնացել է կես ճանապարհին: Չուբարյանն ու Չաքմաքչյանը, ճիշտ է, բառացիորեն չեն կրկնել միմյանց, բայց նույն բանն են նկատել: |