RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014



ԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2014-11-06 23:37:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1821, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԹԱՆԳԱՐԱՆ, ՈՐ ԿԱՐՈՂ Է ԵՐԲԵՔ ԷԼ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Հայերս խիստ վորդովված ենք Դեր Զորի Սրբոց նահատակաց հուշահամալիրի ավերման առնչությամբ, որն իրականացվեց իսլամիստ մոլեռանդների ձեռքով, բայց թուրք կառավարության դրդմամբ: Վրդովմունքն առավել սաստկանում է նման բարբարոսության նկատմամբ գլոբալ անտարբերության հետեւանքով: Մ. Նահանգների կառավարությունը կարողացավ զորակոչի ենթարկել աշխարհի 80 երկրների զինված ուժերին, որպեսզի կոալիցիա կազմելով պայքարի ISIS-իՙ իսլամական պետության դեմ: Արհամարհելով միջազգային կարծիքը Թուրքիայի իշխանությունները, նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ, բացահայտորեն օժանդակում են ISIS-ի զորամիավորումներին, հակառակ որ ձեւականորեն միացել են վերոնշյալ կոալիցիային:

Հալեպի երբեմնի բարգավաճ հայկական համայնքը եւ Դեր Զորի հուշահամալիրը վաղուց աչքի փուշն էր դարձել թուրքական կառավարության, որ հարմար առիթի էր սպասում ոչնչացնելու դրանք: Սիրիայում ընթացող պատերազմը, գլխավորապես հրահրված Թուրքիայի կողմից, հրաշալի առիթ հանդիսացավ այդ քայլը կատարելու համար, հար եւ նման երիտթուրքերի կառավարության, որ ժամանակին Առաջին համաշխարհային պատերազմը օգտագործեց իրականացնելու համար հայերին բնաջնջելու իր երկարամյա ծրագիրը:

Զուգահեռաբար, թուրքերը տագնապով հետեւում էին իրենց սահմանումՙ Քոբանիի շուրջ Քրդական ինքնավար անկլավի կազմավորմանը: Այդ քաղաքն այժմ ISIS-ի հարձակումների գլխավոր թիրախն է դարձել:

Մեր վրդովմունքն արդարացիորեն ուղղված է Թուրքիայի եւ նրա խնամակալության տակ գտնվող գործընկերների դեմ: Բայց այդ վրդովմունքի մի մասն էլ պետք է մենք ուղղենք մեր դեմ:

Առիթը Եղեռնի հարյուրամյակն է, որ սարերի հետեւում չէ, եւ մենք դեռ պատրաստ չենք դրան: Չունենք միասնական մի ծրագիր, որ կարողանար միջազգային մակարդակի քաղաքական ներգործություն ունենալ: Հայաստանը կազմել է հարյուրամյակի իր հանձնախումբը, որում ներառել է պատահական մարդկանց սփյուռքից: Մ. Նահանգներում, որտեղ հայերն ամենալայն հնարավորություններն ունեն քաղաքականությամբ զբաղվելու, ներկայումս գործում են հարյուրամյակի երկու հանձնախմբեր, որոնց համագործակցությունը այնքան էլ ակնառու չէ: Մինչ օրս, բոլոր գլխավոր ծրագրերը, որոնք կարող էին որոշակի քաղաքական նշանակություն ունենալ, խրվել են ճահճուտի մեջ եւ ձախողության մատնվել անհեթեթ վիճաբանությունների հետեւանքով:

Ասվածի վառ օրինակներից մեկը Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանն է, որի գոյառումը սկսվեց հիանալի խոստումներով, բայց ավարտվեց դատական գործերով եւ թունոտ մեղադրանքներով: Սպիտակ տան հարեւանությամբ Ցեղասպանության թանգարանի համար մի փոքր խումբ բարերարների պատրաստակամությունը երեւի չափից ավելի լավ ծրագիր էր, որպեսզի իրականություն դառնար: Եվ այժմ անօգուտ աշխատանք է որոշել, թե ո՞վ է ճիշտ եւ ո՞վՙ սխալ: Փաստը մնում է փաստ, որ թանգարանը պատրաստ չի լինելու հարյուրամյակին:

Թուրքական կառավարությունը, որն ամեն մի հայկական նախաձեռնությանը հակադարձելու համար վարձում է փորձառու իրավաբանների եւ հասարակական հարաբերությունների ընկերությունների, այս անգամ էլ վստահաբար անտարբեր չէր եւ միամտություն պիտի լիներ մտածել, որ նրա մատը խառը չէ այս գործում: Ստիպված ենք սպասել Էդուարդ Սնոուդենի կամ այլոց լրահոսքերին պարզելու համար Թուրքիայի դերը այս ծրագրի ձախողման գործում: Բայց հայերս նույնպես մեղավոր ենք դրանում:

Թանգարանի ծրագրի հետ կապված վերջին լուրերը մի փոքր հույս ներշնչում են այդուհանդերձ: Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամ-հաստատությունը, որը գտնվում է Մինեապոլիսում, հոկտեմբերի 13-ին հրապարակած հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ «մարդասիրական եւ դրամահավաքային մի ընկերության է դիմել, որպեսզի ուսումնասիրի իրագործելի մի ծրագրի հնարավորությունները թանգարանի համար»: Հիմնադրամ-հաստատության նախագահՙ Քեթլին Գաֆեսճյան-Բարադարանը նշում է, որ նման ուսումնասիրություն որպես առաջին քայլ երկարամյա դատարանային քաշքշուկներից հետո, պարզապես անհրաժեշտություն է: «Դա ծառայելու է միջազգային դրամահավաք կազմակերպելուն, որպեսզի թանգարանի երազանքը իրականություն դառնա: Նպատակը ոչ միայն թանգարանի վերանորոգումն է, այլեւ մեր պատմությունը ներկա եւ հաջորդ սերունդներին պատշաճ եւ միջազգային չափանիշներին համապատասխան ձեւով ներկայացնելը», ասել է նա:

Հանգուցյալ Ջերալդ Գաֆեսճյանը եւ իր ընտանեկան հիմնադրամ-հաստատությունը իրավացիորեն բարձրարժեք թանգարաններ բացել են Երեւանում, եւ եթե նույն տեսլականով են առաջնորդվելու, ապա հրաշալի մի թանգարան էլ կարող ենք ակնկալել տեսնել Վաշինգտոնում:

Սակայն մի կարեւոր հարց դեռ մնում է չպատճառաբանված: Ինչո՞ւ նման մի թանգարանի ճակատագիրը պետք է մնար մի ընտանիքի, կամ մի հաստատության գթասրտությանը, երբ խոսքը գնում է 1,5 միլիոն նահատակների եւ մոտ 10 միլիոն հետնորդների մասին: Հուսով ենք հասարակությունը պատշաճ պատասխան կստանա այս հարցին:

Ցեղասպանության հետ կապված մեկ այլ սկանդալ առաջ եկավ, երբ հայ իավաբանների խմբավորումներ հաջողությամբ դատի տվեցին «Նյու Յորք լայֆ» եւ «Աքսա» ապահովագրական ընկերություններին եւ 37,5 միլիոն դոլարի փոխհատուցում ստացան: Ստացված գումարը ժամանակին հատկացվեց ապահովագրատերերի ժառանգներին: Բայց փոխանակ համախմբվելու մեր այդ հաջողության շուրջ, մենք ականատես եղանք այդ խմբավորումների փոխադարձ մեղադրանքներին, որոնք եկան ստվերելու հաջողությունը: Թուրքական իշխանությունները հավանաբար դրանից մեծ գոհունակություն ապրեցին:

Այժմ մեկ ուրիշ լուր Փասադենայից տեղեկացնում է մեզ, որ նախկին քաղաքապետ Ուիլյամ Մ. Բաբարյանը հրաժարական է տվել Փասադենայի Ցեղասպանության կոմիտեի տնօրենների խորհրդի նախագահի իր պաշտոնից: Պատճառը իր անցյալի մասին վարչության գանձապահի ենթադրյալ մեղադրանքներն են: Անանուն գանձապահը հավանաբար այլ կերպ կներկայացներ խնդիրը: Բայց հարցն այստեղ ոչ թե խորանալն է այդ պատմության մեջ, այլ այն, թե ինչ հասարակական հնչեղություն է ունենում նման քայլը հարյուրամյակի շեմին: Փոխանակ միմյանցով գոտեպնդվելու, մենք իրար ենք պախարակում:

Իսկ ի՞նչ են անում թուրքերը: Թուրքիայի կառավարությունը շատ ավելի լրջորեն է մոտենում մարտահրավերին: Գլխավոր ճարտարապետը այդ հակադարձության նույն ինքը Ահմեդ Դավութօղլուն է: Այժմ երբ պետության ապարատը իր ձեռքերում է, որպես վարչապետ, նա շատ ավելի արդյունավետ ձեւով կարող է իրականացնել իր մտադրությունները: Մենք դեռ կիմանանք, թե ինչ է նա ծրագրում 2015-ի համար, բայց ինչպես երեւում է, նա շատ վստահ եւ լուրջ է մոտենում հարցին: Ամեն տեսակի հասարակական լայնածավալ հնչեղությունը Ցեղասպանության վերաբերյալ մեղմելու համար, նա ծրագրել է միջազգային մակարդակով տոնել Գալիպոլիի տարակուսելի հաղթանակի հարյուրամյակը: Ավստրալացիներն ու նոր զելանդացիները խաղալիք են դարձել թուրքերի ձեռքերում: Ազգային ինքնագիտակցության զարթոնքի ուրիշ ոչ մի առիթ չգտնելով, նրանք միացյալ բանակային կորպուսի ստեղծման այդ օրը (ANZAC Day անունով ճանաչված) որոշել են հռչակել իրենց պետությունների զարթոնքի օր: Մինչդեռ իրականում այդ երկու երկրների բանակները Թուրքիաՙ Գալիպոլի (Չանաքկալե) էին բերվել բրիտանացի գաղութարար տիրակալների հրամանովՙ ծառայելու որպես սոսկ թնդանոթի միս:

Դավութօղլուի մյուս նախաձեռնությունը հայերի բնաջնջումը արդարացնող պատմական տեսություն մշակելն էր: Նա այդ տեսությունը հրատարակեց «Թըրքիշ Քուորթըրլի» (Turkish Quarterly) պարբերականում: Դրան պատշաճ պատասխան հրատարակեց Ժիրայր Լիբարիտյանը:

Քանի որ խոսք բացվեց գիտական ուսումնասիրությունների մասին, նշենք, որ ամենանշանակալի ձեռքբերումները Ցեղասպանության վերաբերյալ հայերի եւ օտարների հրատարակած հատորներն են, որոնց մեջ իրենց կարեւոր դերն ունեն Թաներ Աքչամի, Ուղուր Ումիտ Ունգորի, Մուրատ Բելգեյի, Հալիլ Բերկթայի, Ֆաթիմա Մուգե Գյուչեկի եւ Էլիֆ Շաֆաքի ուսումնասիրությունները: Անշուշտ հայ եւ այլազգի գիտնականներ նույնպես իրենց անգնահատելի լուման են ներդրել Ցեղասպանագիտության ասպարեզում, չնայած, որ հակառակ թուրքական կառավարության պնդումների, թուրքական արխիվները փակ են եղել նրանց համար:

Ցեղասպանության թեման արծարծող գեղարվեստական գլխավոր ֆիլմի ռեժիսորը դարձյալ թուրք է Ֆաթիհ Աքին անունով, որն իր սենսացիա առաջացնող «Սպին» ժապավենը թողարկեց վերջերս: Դրան նախորդած Ատոմ Էգոյանի «Արարատ»ը լավ ֆիլմ էր, սակայն որպես Ցեղասպանության մասին պատմող ֆիլմ անհարկի վերացական էպիզոդներ էր պարունակում:

Ինչ վերաբերում է վերամբարձ ժեստերին, նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը նախագահ Էդողանինՙ 2015 թվի ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդի Եղեռնի հուշահամալիրը, կարծես նույն ճակատագրին է արժանանալու, ինչ ֆուտբոլային դիվանագիտության ժեստը եւ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրն էլՙ ով ծրագրում էր ընկերանալ Էրդողանին, կարծես մենակ է կտրելու այդ ճամբան:

Թուրքերը ուշիուշով հետեւում են մեզՙ հայերիս, որսալու համար մեր սխալները, որոնք երբեմն չափազանց ակնհայտ են: Նրանք առաջարկելու են որոշ խայծեր, ինչպես օրինակ «ցավակցությունները», որպեսզի է՛լ ավելի շփոթեցնեն մեզ: Այժմ երբ Դավութօղլուն վետերան լրագրող Էթիեն Մեհճուբյանին նշանակել է գլխավոր խորհրդական հայկական հարցերի, նա ի վիճակի է լինելու ավելի լավ «փաթեթավորել» իր նենգ ծրագրերը:

Տեսնելով մեր շփոթվածությունը, թուրքերը չեն կարող զսպել իրենց ուրախությունը, քանի որ այն ինչ նրանք մտադիր են կատարել, մենք ինքնե՛րս ենք կատարում: Ասում են մեր ժողովրդի դահիճ Թալեաթ փաշան ժամանակին նշել է, որ այնպիսի հարված է հասցնելու հայերին, որ հարյուր տարի էլ անցնի, չմոռանան այն եւ չվերագտնեն իրենց: Նա նաեւ նշել է, որ ընդամեը մեկ հայ է թողնելու աշխարհումՙ որպես թանգարանային նմուշ: Արի ու տես, որ այդ թանգարանը կարող է երբեք էլ գոյություն չունենալ:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 07-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ