RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2015-07-02 23:42:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1878, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՏԱԳՆԱՊԻ ՊԱՀԻՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ամեն անգամ, երբ Հայաստանում տագնապալի պահ կամ արտակարգ իրավիճակ է ստեղծվում, մեր ուշադրությունը բնականաբար սեւեռվում է հայկական լրատվամիջոցների աշխատանքի վրա եւ փորձ է արվում վեր հանել դրանց լուսաբանման ու մեկնաբանման թերություններն ու բացթողումները:

«Ոչ թալանին» շարժմամբ սկսված ու հետագա այս օրերին ձեւափոխվող կամ ձեւախեղվող տագնապը մեկ անգամ եւս երեւակեց այն տկարությունները, որոնք հատուկ են մեր լրատվամիջոցներին թե՛ ներքին եւ թե՛, ավելի կարեւոր, արտաքին ճակատների վրա:

Չեմ պատրաստվում մասնագիտական ուսումնասիրությամբ քննարկել մեր մամուլիՙ տպագիր, էլեկտրոնային թե այլ, կատարումներն ու դրսեւորումները- հավանաբար դա կարվի լրագրամերձ գրանտակեր կազմակերպությունների կողմից: Սակայն ուզում եմ ներկայացնել իմ մի քանի դիտարկումներըՙ ազգային-պետական մտահոգություններից ծնունդ առած:

Որպես դրական ձեռքբերում, նախորդող ողջ ժամանակաշրջանի տագնապային վիճակների հետ համեմատած, պետք է ընդգծել, ինչը արել են ոմանքՙ ինձնից առաջ, նախաձեռնողների նկատմամբ թշնամանքի մթնոլորտի բացառումը լրատվամիջոցների մեծ մասի կողմից, որ վկայություն է ոչ միայն մեր հասունության, այլեւ իշխանական ապարատի զուսպ պահվածքի:

Գալով թերություններին, պետք է վերհիշեցնել մի հին, հնագույն հիվանդության մասին, որը ժառանգություն է մնացել մեր շատ լրագրողների համար դեռեւս սովետական շրջանից, որից առ այսօր մեզ չի հաջողվում ձերբազատվել: Դա լրատվության ու մեկնաբանության չտարբերակումն է: Մեր լրագրողներից շատերն իրենց դնում են քարոզիչի, քաղաքական գործչի, անգամ մարգարեի տեղ: Նույնիսկ հարցազրույցի ժանրը նրանք վերածում են սեփական կարծիքը զրուցակցի վզին փաթաթելու գործողության, բոլորովին անտեսելով ընթերցողի, ունկնդրի, հեռուստադիտողի առաջին եւ գլխավոր պահանջըՙ նախ տեղեկությունՙ ամբողջական, բազմակողմանի ու ճշգրիտ, ապա միայն կարծիք ու տեսակետ:

Այս անգամ մեզ բոլորովին հուսախաբ արեցին մեր հեռուստաընկերությունները: Բոլո՛րը. միայն մեկ երջանիկ բացառությամբՙ «Երկիր Մեդիան», որ գոնե մեկ օրՙ ամենալարված հունիսի 28-ին, աշխատեց արտակարգ ռեժիմով եւ միաժամանակ երկու «տաք» վայրերիցՙ Բաղրամյան պողոտայից եւ Ազատության հրապարակից ուղիղ ռեպորտաժներ հայթայթեց հանրությանը: Մնացյալըՙ ինչպես ամեն օր. առավոտյան նախորդ գիշերվա լուրերի կրկնությունից հետո «կուկլա» աղջիկների դատարկախոսությունը իրենց հյուրերի հետ, ապաՙ խոհանոց, ապաՙ կիսաառողջապահական թեմաներ, հետոՙ աստղերի եւ աստղիկների երգեր ու պարեր, այնուհետեւՙ սերիալ-սերիալի հետեւից, անընդհատ ընդմիջվող անճաշակ, բայց ագրեսիվ գովազդային հոլովակներով: Զարմանալ կարելի էՙ ո՞ւմ են պետք այսքան հեռուստաընկերությունները, ինչո՞վ են զբաղված, ո՞վ է խանգարում նրանց փոքր-ինչ ստեղծագործաբար մոտենալ իրենց պարտականություններին, մի քիչ ինքնուրույնություն դրսեւորել, փոխանակ նույն պատկերները գրեթե նույն բառերի կլիշեներով ներկայացնելը տեղեկատվության քաղց ունեցող քաղաքացիներին:

Ինչ վերաբերում է համացանցային եւ հատկապես առցանց լրատվամիջոցներին, նրանք հեռուստատեսային իրենց գործընկերների թողած պարապը լրացրեցին բավարար կերպով, արձանագրելով ռեկորդային թվով այցելություններ: Սակայն համացանցն ունի իր անպատեհություններըՙ չի կարող պատկերը ներկայացնել իր ամբողջության մեջ եւ, երկրորդ, մատչելի չէ բոլորին: Եվ շատերը կրկին մնացին հարեւան-ծանոթների փոխանցած տեղեկությունների հույսին:

Սակայն ամենախոցելին արտաքին աշխարհին ուղղված մեր լրատվությունն էր, ավելի շուտՙ դրա բացակայությունը: Ունենալով այսքան ծանր ու բարդ խնդիրներ, այսքան տարիների ընթացքում մեզ չհաջողվեց ունենալ ոչ պետական ու ոչ կուսակցական ազդեցիկ եւ ազատ լրատվամիջոց, որը համապատասխան լեզուներով հորիզոնական տեղեկատվության կողքին, հատկապես տագնապալի պահերին կարողանար ճշգրիտ, արագ եւ պրոֆեսիոնալ կերպով համոզիչ տեղեկատվություն ու կարծիք մատակարարել դեպի դուրս: Այդպիսի լրատվամիջոցը մեզ կազատեր ինֆորմացիոն շատ տաղտուկներից, սխալ մեկնաբանություններից, կկանխեր կամ առնվազն կնվազեցներ նախատրամադրված կամ միտումնավոր ընդհանրացումները հատկապես ռուսաստանյան միջավայրում:

Իսկ թե ինչպես պետք է ստեղծել այդպիսի լրատվամիջոցըՙ մեկ ուրիշ անգամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ