RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015



Տեղադրվել է` 2015-07-02 23:42:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1112, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ, 1983թ.

«Բեյրութ Ինտերնեշընըլ» հյուրանոցի նախասրահում նստած էր Եվգենի Պրիմակովը, որն այդ ժամանակ Մոսկվայում Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրենն էր եւ հաճախ էր լինում Միջին Արեւելքի երկրներում, հատկապես Բեյրութումՙ որպես կոնֆլիկտի կենտրոն:

Պրիմակովին ուղեկցում էին ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեից երկու հրահանգիչ, ազգությամբ ռուս տղաներ, որոնցից մեկըՙ Մատուսովը, հայ իրականության հետ կապված մեկն էր, քանի որ Ալժիրում աշխատել էր լուսահոգի Էդվարդ Խոջայանի հետ ու նրա միջոցով ծանոթացել, մտերմացել նաեւ, հատկապես Միջին Արեւելքում աշխատող հայ դիվանագետների հետ:

Օրերը հանգիստ էին, որեւէ բախում չէր նախատեսվում, եւ դա էր պատճառը, որ Բեյրութ հրավիրվեց Սերո Խանզադյանը, որն ապրում էր Մոսկվայից ժամանած պատվիրակության հետ նույն հյուրանոցում:

Պայմանավորված ժամին, վերելակի դռան առջեւ սպասում եմ Սերոյին եւ այդ պահին ինձ են մոտենում միջին հասակի, երկու կին տոպրակներով ծանրաբեռնված:

Ձեռքների ֆոտոխցիկը տեսնելուն պես հասկացա, որ աղջիկները Սերոյի հետ նկարվիլ կուզեն:

Նկարվեցին, Սերոյին նվերներ տվեցին, որոնք Վարպետն ընդունեց ուրախությամբ, աղմուկով ու կատակներով:

Այդ ընթացքում մոսկովյան հյուրերը նայում են, խնդմնդում, ծիծաղի ձայն է լսվում, գուցե եւ Սերոյի հետ չկապված, իսկ վերջինս նստածների կողմը մի շանթող հայացք է նետում ու հերոսի նշանը կրծքին փակցրածՙ հպարտ-հպարտ դուրս գալիս փողոց ու հարցնում.

- Ռոմիկ ջան, էդ ո՞վ էր էդ լակոտը:

«Էդ լակոտը» դարձավ ՍՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ, Մինիստրների խորհրդի նախագահ եւ այն մարդկանցից էր, որ հիրավի արժանի էր ղեկավար լինելու:

Տարիներ շարունակ նա անմիջական կապի մեջ էր, հատկապես Յասեր Արաֆաթի հետ, որի պահակախումբը, երբ նստում էր դեսպանատան այգու տաղավարներից մեկում, 2-3 օր այդ տաղավարի կողքից անցնել չէր լինում...

Գրվածին հավելեմ, որ Եվգենի Մաքսիմովիչը թվում էր անհաղորդ մեկը, սակայն առաջին իսկ շփումից հետո զգացվում էր մի անկեղծություն ու ջերմություն, որն ավելի ուշ դառնում էր անմիջականության զգացողություն: Խոսքը մեղմ էր, հստակ, բացառիկ հումորով:

Չեմ կարող տարին հիշել, բայց անտրամադիր ու հոգսաշատ էր կնոջ հիվանդ լինելու պատճառով (որը վախճանվեց):

Առիթները քիչ են եղել Եվգենի Մաքսիմովիչի հետ երկար զրուցելու, բայց մեկ-երկու հանդիպում ինձ բերեցին այն եզրակացության, որ նա լավատեղյակ է հայ իրականությանը, հատկապես զարմացրեց Կիլիկյան շրջանի իմացությունը (գուցե իմ չիմացության ֆոնի վրա) եւ առաջին անգամ նրանից լսեցի, որ Կիլիկիայի հայ թագավորների եւ Պորտուգալիայի թագավորների միջեւ ազգակցական կապ է եղել: Փաստը ճշտվեց շա՜տ ուշ, երբ Ռոբերտո Գյուլբենկյանի «Հայ-պորտուգալական հարաբերություններ» աշխատությունը ձեռքս ընկավ:

Մեկ այլ հիշարժան նյութ եմ ուզում նշել: Կար ժամանակ, որ շրջանառվում էր այն թեման, թե սովետներն ուզում են ինչ-որ տարածք Թուրքիային տալ եւ Անիի շրջանն առնել: Եվգենի Մաքսիմովիչն այդ առիթով կատակով ասաց. «Եթե գետի հունը (Ախուրյանն ի նկատի ունենալով) այդքան խորը չլիներ, Անտոն Երվանդովիչը ժամանակին նրա հունը կփոխեր...»:

Եվգենի Մաքսիմովիչը, որպես Միջին Արեւելքի բացառիկ մասնագետ, դեսպանատան անձնակազմի համար տարբեր տարիներ երկու անգամ զեկուցումով հանդես եկավՙ շատ հարցեր պարզաբանելով եւ մեկնաբանելով:

Անշուշտ, մեզ մոտ էլ դեսպանատանը կային ընտրյալներ, որոնց հետ Պրիմակովն ավելի էր շփվում ու առնչվում: Նրանց թվում առաջինը Հայաստանի այսօրվա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ