ԲԱՐԵՐԱՐ ԳԻՏՆԱԿԱՆԸՙ ՋՈՐՋ ԱՊՈՇՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Անցյալ տարի լրացավ ամերիկահայ հայրենասեր գիտնական, բարերար, հայրենական հոգսերով մտահոգ Ջորջ (Գեւորգ) Ապոշյանի 85-ամյակը: Ավերիչ երկրաշարժից հետո, տարատեսակ ու մեծաքանակ օգնություն բերելով, նա 1989թ. առաջին անգամ այցելեց հայրենիք: Չմոռանանք, որ նա աղետի գոտու բազմաթիվ անօթեւան ընտանիքներին տարիներ շարունակ ամեն ամիս օգնության գումար էր փոխանցում: Այցի ընթացքում նրա մոտ միտք հղացավ Երեւանի եւ հարակից շրջանների կենցաղային աղբի վերամշակման ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ, քանի որ, ըստ նրա, աղբն ու տարատեսակ թափոնները կարող են դառնալ... ազգային հարստության աղբյուր: Ի դեպ, այս արտահայտությունը հետագայում դարձավ թեւավոր ու տարածուն: 1990թ. նա վերստին Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հերթական հրավերով այցի նախօրեին պատրաստել էր տեխնիկական եռալեզու (գերմաներեն, անգլերեն, հայերեն) մանրամասն նախահաշվարկ, որը տրամադրվեց Երեւանի քաղխորհրդի փոխնախագահ Բայբուրդյանին: Հանդիպման ընթացքում «Ե+Գ Ապոշյան» ինժեներական ընկերությունը, իրավական անձի կարգավիճակով, ճանաչվեց որպես խորհրդատու եւ լիազորվեց տարբեր ընկերությունների եւ անհատ անձանց հետ վարելու համապատասխան եւ անհրաժեշտ բանակցություններ: Հանդիպում կազմակերպվեց նաեւ ՀԽՍՀ բնության պահպանության պետական կոմիտեի նախագահ Թարջումանյանի հետ, վերջինս նրան ներկայացրեց հատուկ խնդրանք` Զանգեզուրում պղնձի եւ մոլիբդենի էկոլոգիապես մաքուր արտադրություն կազմկերպելու նպատակով արտասահմանյան ֆիրմաների հետ վարելու համապատասխան բանակցություններ: 1993 եւ 1995 թվականներին, որպես կառավարական հյուր, Ապոշյանը վերին ատյաններին ներկայացրեց կեղտաջրերի, անասնապահական եւ այլ թափոնների կենսաբանական վերամշակման նպատակով Երեւանում աղբամշակման գործարան կառուցելու ծրագիր: Դրանց մշակումը կապահովեր քաղաքի միկրոկլիմայի մաքրությունը, ինչպես նաեւ կենսաբանական` առանց ծխագոյացման, մշակումից կստացվեին կոմպոստ, տարբեր տիպի պարարտանյութեր, իսկ արտազատված ջերմությունից` էլեկտրաէներգիա: Շահագրգռված բոլոր կողմերը, հատկապես Երեւանի քաղխորհուրդը, հանդես էին բերում անհասկանալի դանդաղկոտություն, թեեւ առաջարկությունը գիտականորեն պատճառաբանված փաստաթուղթ էր: Հարկ է նշել, որ մինչ 1998թ. թոշակի անցնելը, Ջորջ Ապոշյանը տարիներ շարունակ զբաղեցրել էր արեւմտագերմանական հայտնի «Օշաց» ֆիրմայի արտասահմանյան կապերի փոխտնօրենի եւ գլխավոր ինժեների պարտականությունները: |