RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015



ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-07-02 23:42:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1121, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԱՅՍ ՄԵԿ ԱՆԳԱՄՆ ԷԼ «ՊԼՍՏԱՑԻՆՔ»

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երբ որեւէ հարցի անդրադառնալու անհրաժեշտություն է ծագում, առաջին հերթին թերթում են պատմությունըՙ հասկանալու, թե ինչ ու ինչպես է եղել կամ ինչպես ներկայացվել: Հաճախ նման դեպքերում մեծամասնությանը մանր-մունր երեւույթները չեն հետաքրքրում, ուստի կարեւորվում ու ներկայի է բերվում այն, ինչ ընդգրկուն ու ծավալուն ներկայացվել, փաստաթղթավորվել է: Եվ այդ ժամանակ իրավական ոչ մի ուժ չունեցող եւ ունեցող փաստաթղթերի տարբերությունն այնքան էլ մեծ չի երեւում:

Հունիսի վերջին շաբաթվա ընթացքում Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր հերթական նստաշրջանն անցկացրեց: Ու թեեւ նստաշրջանին ելույթ ունեցան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան կի Մունը, Մալթայի նախագահ Մարի Լուիս Կոլեյրո Պրեկան եւ էլի ուրիշներ, Հայաստանին ու տարածաշրջանին առնչվող ամենահետաքրքրական ու հատկանշական հարցը Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող զեկույցն ու դրա հիման վրա ներկայացված բանաձեւի նախագիծն էր:

Հունիսի 23-ին քվեարկության դրված բանաձեւն ընդունվեց 140 «կողմ», 13 «դեմ», 8 «ձեռնպահ» հարաբերակցությամբ, եւ հետաքրքրական է, որ իրենց երկրի ժողովրդավարության վիճակով առավելապես քիչ մտահոգված էին հենց Ադրբեջանի պատվիրակության անդամները, Թուրքիան ներկայացնող 1 պատգամավոր, երկու վրացի գործընկեր եւ մի քանի այլ պատվիրակներ եվրոպական երկրներից:

Բանաձեւում ձեւակերպումները իսկապես տհաճ կարող են դիտվել բոլոր նրանց համար, ովքեր առավելապես ծառայում են ադրբեջանական իշխանության երկու ընտանիքներից մեկին: Բայց դա էլ էական չէ, քանի որ բանաձեւի ընդունումը դժվար թե փոխի իրավիճակն Ադրբեջանում, թեեւ որպես պատմություն մնալու ու մի օր կրկին հիշեցնելու է, որ այս ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանությունների համար անհաճո յուրաքանչյուր ոք երաշխավորված տեղ ուներ ճաղերից այն կողմ:

Համենայնդեպս, ինչպես ասում ենՙ ԵԽԽՎ-ն իր գործն արեցՙ ղարաբաղյան համատեքստում էլ բանաձեւի նախագծի նախնական տեքստից մաքրելով անհարիր ձեւակերպումը: «Ազգն» արդեն ներկայացրել է, որ բանաձեւի նախագծում նշվում էր «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ու յոթ այլ շրջանների օկուպացիան Հայաստանի կողմից»: Վեհաժողովի նստաշրջանի քննարկմանը ներկայացված լրացում-փոփոխություններից մեկով առաջարկվեց ողջ «օկուպացիոն» հատվածը փոփոխել այնպես, որ արդյունքում ստացվեց հետեւյալը. «Վեհաժողովը լավատեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, ինչը մեծապես գերակայում է Ադրբեջանի արտաքին քաղաքական օրակարգում»:

Փոփոխության քվեարկությունը եւս հետաքրքրական էր, քանի որ հունիսի 23-ին 85 «կողմ» եւ 75 «դեմ» հարաբերակցությամբ այն ընդունվեց, եւ արդյունքում բանաձեւը ղարաբաղյան հարցի առնչությամբ բավականին չեզոք տեսք ստացավ: Քվեարկութան հարաբերակցությունն այնպիսին է, որ կարելի է ասել, թե մի քանի «ողջամիտ» պատգամավորի շնորհիվ հաջողվեց հակամարտության հետ տվյալ համատեքստում ոչ մի առնչություն չունեցող փաստաթղթում մաքրագրել ադրբեջանամետ ձեւակերպումը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության հնարավորությունների ու գործունեության մասին բավականին շատ բան է հայտնի, եւ հասկանալի է, որ բանաձեւի քվեարկությունից առաջ սկսած աշխատանքը արդյունք տվեց ոչ այդ պատվիրակության ներգրավվածության շնորհիվ: «Կողմ» քվեարկության մասնակիցների դիտարկմամբ պարզ է դառնում, որ ըստ էության համախմբվել են ոչ այնքան ղարաբաղյան համատեքստում Հայաստանին աջակցություն ցուցաբերողները, որքան Ադրբեջանում ժողովրդավարության հարցով հետաքրքրվածները:

Ինչեւէ, սա առաջին անգամ չէ, որ լարախաղացի պարանին են հայտնվում Հայաստանն ու երկրին առնչվող նշանակալի փաստաթղթերը այն դեպքում, երբ դիվանագիտություն ասվածն, այն էլՙ խորհրդարանական, ի ցույց է դնում հայաստանյան պատվիրակների առավելապես ճանապարհորդելու սիրահար լինելու ձգտումը, որ հմտությունների առումով ոչ մի կերպ ամրապնդված չէ: Հասկանալի է, որ միշտ հնարավոր չի լինում խուսափել Ադրբեջանի ձկնկիթային դիվանագիտության ալիեւահաճո պատվիրակներից, սակայն վերջին շրջանում մի տեսակ դեպքերն ավելի հաճախակի են դարձել, երբ Ադրբեջանն ուղղակի ստանում է ուզածը:

Եվ ավելի վատ է, որ նախկին «օկուպացված տարածքներ» ձեւակերպման կողքին ավելի հաճախ է հանդիպում «Լեռնային Ղարաբաղը եւ օկուպացված մյուս տարածքները» այն պարագայում, երբ նախկինում Լեռնային Ղարաբաղը չէր ընդհանրացվում մնացյալի հետ: Ավելին, եթե նախկինում ձեւակերպումները «Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանի օկուպացված տարածքները» այսպիսին էին, հիմա միտում կա փաստաթղթերի նախագծերում ներկայացնելու «Ադրբեջանի Լեռնային ղարաբաղ եւ մնացյալ յոթ օկուպացված տարածքներ» բանաձեւումը:

Մեկ հանգամանք էլ կա, որ հարկ է նշել. խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից բանակցությունները դուրս բերելու Ադրբեջանի ցանկության մասին է, որ վաղուց ոչ միայն գաղտնիք չէ, այլեւ հայտնի ու պարզ փաստ: Հայաստանի տարբեր ներկայացուցիչներ հաճախ հանկարծակիի են գալիս, թե անսպասելի ձեւակերպումներ են հայտնվում տարբեր փաստաթղթերում, մինչդեռ ակնհայտ է, որ ԵԽԽՎ այս բանաձեւի նախագիծն ընդամենը շարքի հերթական փաստաթուղթն էր, այնպես որ անպատրաստ լինելը կամ վերջին պահին արձագանքելը, մեղմ ասած, վատ ավանդույթ է, եթե չասենք վատ աշխատանքի արդյունք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ