RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015



ԴԵՄՔԵՐ

Տեղադրվել է` 2015-07-02 23:42:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1437, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՄԱՐԴ, ՈՎ ՓՈԽԵՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Մահացավ Եվգենի Պրիմակովը: Կյանքից հեռացավ բարի, քաջ, անաղմուկ մարդը, անջնջելի հետք թողնելով, ես կասեի, համամոլորակային մակարդակով: Ճակատագրին հաճո էր, որ լավ ճանաչեի նրան: Ի՜նչ ճշմարտացի մակդիրներ ասես, որ չհնչեցին այս սգո օրերին, բացահայտելով նրա կերպարը: Ես կնշեի ինձ համար, երեւի, ամենագլխավորը, իմ կարծիքով: Նա հպարտ եւ ուրիշի ցավի նկատմամբ զգայուն մարդ էր: Դրանում ես համոզվել եմ դեռ վաղուց: Մոտ քառասուն տարի առաջ:

Առաջին անգամ Եվգենի Մաքսիմովիչի հետ հանդիպեցի 1978 թվականի նոյեմբերի վերջին «Լիտերատուրնայա գազետա»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Վիտալի Սիրոկոմսկու աշխատասենյակում: Առիթը անչափ դրամատիկ էր Հայաստանի համար: Լիբանանում երկար տարիներ շարունակվող քաղաքացիական պատերազմն այս անգամ նպատակաուղղված եւ արյունալի շոշափել էր արդեն նաեւ հայկական խոշոր համայնքը: Մեր ողբերգության մասին գրում էր ոչ միայն հայկական մամուլը, այլեւՙ կենտրոնական թերթերը: Հայկական սփյուռքի նկատմամբ այդպիսի բավական բաց եւ ակտիվ արձագանքն այն ժամանակ թերեւս առաջին անգամ էր: Այն օրերին մենք ողբերգությամբ լեցուն տեղեկություններ էինք լսում ու տեսնում սփյուռքի մասին պետական ռադիոյով եւ կենտրոնական հեռուստատեսությամբ: ՏԱՍՍ-ի տողերը լի էին կարեկցանքով. «Ցավից սիրտդ ճմլվում է, երբ իմանում ես, որ հազարավոր մարդիկ (ավելի քան երեսուն հազար- Զ.Բ.) ստիպված են եղել լքել հարազատ տները»:

«Լիտերատուրնայա գազետա»-ն որոշեց ինձ գործուղել Լիբանան, որպեսզի շտապ ռեպորտաժներ նախապատրաստեմ ռազմաճակատային Բեյրութից հայ համայնքի ճակատագրի մասին: Իհարկե, դժվարություններ կկրեի, եթե տեղի չունենար հանդիպումը Պրիմակովի հետ Սիրոկոմսկու աշխատասենյակում: Բեյրութում գտնվելուս առաջին իսկ օրերի ընթացքում ես գործուն կերպով գիտակցեցի «Լիտգազետայի» պատերի ներսում տեղի ունեցած հանդիպման ուրույն ստեղծագործական արժեքը: Չէ՞ որ մինչ այդ Եվգենի Մաքսիմովիչը ամբողջ հինգ տարի աշխատել էր որպես «Պրավդա»-ի սեփական թղթակից Մերձավոր Արեւելքում եւ այնտեղ ահռելի հռչակ ու հարգանք էր ձեռք բերել: Շուտով ինձ մոտ այն տպավորությունն ստեղծվեց, թե մինչ ես գտնվում էի օդում, Պրիմակովը հասցրել էր իմ առաքելության մասին հայտնել Լիբանանում գտնվող համարյա բոլոր խորհրդային աշխատակիցներին:

Բեյրութի օդանավակայանում ինձ դիմավորեց (բացի հայրենակիցների մի ողջ գնդից) իմ գործընկեր, Մերձավոր Արեւելքում «Լիտերատուրնայա գազետա»-ի սեփական թղթակից Իգոր Բելյաեւը, որն, ինչպես ասում ենՙ առանց դես ու դեն ընկնելու, անմիջապես ասաց. «Շատ լավ է, որ Սիրոկոմսկու մոտ հենց Եվգենի Մաքսիմովիչի հետ եք հանդիպել»: Երկու օր անց նման մի բան էլ ինձ ասելու էր արդեն Լիբանանում Խորհրդային Միության դեսպան Ալեքսանդր Ալեքսեեւիչ Սոլդատովը: Միայն հետո ես իմացա, որ Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմի նախագահ Յասիր Արաֆաթի հետ իմ հանդիպումը տեղի էր ունեցել նաեւ ոչ առանց Պրիմակովի օգնության:

Շուտով ես ծավալուն եւ շարունակելի ռեպորտաժ տպագրեցի «Լիտերատուրնայա գազետա» թերթումՙ «Լիբանան. վերքեր եւ հույսեր» վերնագրով: Հրատարակվեց «Երկու կրակի միջեւ» գիրքսՙ ռուսերեն, հայերեն եւ արաբերեն լեզուներով: Ցավոք, Գլավլիտը (պետական գրաքննությունը) անխնա կերպով մկրատեց ձեռագիրս: Զոհ գնաց նաեւ պատմությունը Պրիմակովի հետ հանդիպման եւ նրա ցուցաբերած օգնության մասին:

Տարիներ անց Եվգենի Մաքսիմովիչի հետ հանդիպեցինք Մոսկվայում, եւ ես տեղեկացրի նրան Գլավլիտի չարաղետ մկրատների մասին: Եվ նա ժպտալով ասաց բավական զվարթ. «Այդ գլավլիտյան մկրատներին իմ մատն էլ է խառը»: Այդ իրոք ուրախ եւ ծաղրալից նախադասության մեջ, բացի ամենայնից, բացահայտվում էր նաեւ լայն հոգի ունեցող մեծ մարդու համեստությունը:

***

Եվգենի Մաքսիմովիչի հետ հիմնավորապես հանդիպեցինք տասը չափազանց դժվարին տարիներ հետո: Ինչպես ասես, որ չանվանեցին դրանքՙ Աֆղանական, Շքեղ թաղումների հնգամյակներ, Գորբաչովյան (կամ Վերակառուցման), Չեռնոբիլյան, Ղարաբաղյան, Սումգայիթյան, Սպիտակյան: Հանդիպեցինք 1989 թվականի մայիսի 25-ին, Կրեմլի համագումարների պալատում, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների Առաջին համագումարի ընդմիջմանը: Այն ժամանակ նա ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային էկոնոմիկայի եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրենն էր: Հենց այդ ժամանակ էլ նրան ընտրեցին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ եւ ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամության թեկնածու: Նա հաճախ էր իր աշխատասենյակում ընդունում ղարաբաղյան պատգամավորությանը: Լավատեղյակ էր Արցախում, եւ ինչպես ասում ենՙ նրա շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձություններին:

Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ Երեւանից զանգեցի Եվգենի Մաքսիմովիչին եւ պատմեցի այն մասին, որ ադրբեջանցիները, սկսած նախիջեւանյան սահմաններից, մեկը մյուսի հետեւից գրոհում են սահմանապահ ուղեկալների վրա, ըստ էության թուրքերի համար ճանապարհ բացելով դեպի Հայաստան: Նա հասկացնել տվեց, որ հետեւում է իրադարձություններին, եւ այնտեղ է ուղեւորվում Ազգությունների խորհրդի նախագահ Ռաֆիկ Նիշանովը: Ապա հավելեց. «Եվս մեկ խայտառակություն մեր պետության համար: Աներեւակայելի բան է»: Նիշանովի այցը Նախիջեւան ոչնչի չհանգեցրեց:

Խորհրդա-իրանական սահմանն ավերելուց մեկ ամիս անց սկսվեց Բաքվի երկու հարյուր հազարանոց հայ բնակչության իսկական ցեղասպանություն, եւ Գորբաչովն Ադրբեջանի մայրաքաղաք ուղարկեց Պրիմակովին, որի բարձր պաշտոնների մասին ընդգծվում էր զանգվածային լրատվամիջոցներում. ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամության թեկնածու, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ: Նա գլխավորում էր հայտնի անձանցից բաղկացած մի ողջ խումբ: Օր ու գիշեր Բաքվում հեղվում էր հայերի արյունը, իսկ Գորբաչովն իր հրամանով արտակարգ իրավիճակ մտցրեց...Արցախում: Եվգենի Մաքսիմովիչը հետագայում ասելու էր Գերագույն խորհրդի ամբիոնից. «Արյունը թափվում էր Բաքվում, իսկ արտակարգ իրավիճակ մենք հայտարարեցինք ողբերգության վայրից չորս հարյուր կիլոմետր հեռավորության վրա»:

Մի քանի անգամ Հայաստանի եւ Արցախի պատգամավորները փորձում էին հասնել նրան, որ Գերագույն խորհրդի նստաշրջանի մի ամբողջ նիստ նվիրվի Բաքվի ողբերգական իրադարձությունների հարցին նվիրված քննարկմանը: Միայն իրՙ Պրիմակովի պնդմամբ մենք հասանք մեր ուզածին: Եվ 1990 թվականի մարտի 5-ին սկսվեց նիստը, որի ժամանակ, դարձյալ Պրիմակովի պնդմամբ, ելույթ ունեցան բոլոր նրանք, ովքեր նրա կողքին էին եղել Բաքվում այն ողբերգական օրերին: Նիստն ընթանում էր փակ դռների հետեւում: Այդ օրը Կրեմլում չկար ոչ մի լրագրող: Սակայն մեզ հաջողվեց գաղտնի ձայնագրել գլխավոր ելույթները:

Առաջիններից մեկը ելույթ ունեցավ Պրիմակովը, իր հանգամանալից զեկույցը նախորդելով դեպքերի իրավիճակային վերլուծությամբ, որոնց խորապատկերին տեղի էր ունեցել հայերի, ըստ էության, անպատիժ կոտորածը: Չէ՞ որ գեներալ Ալեքսանդր Լեբեդի գլխավորած Տուլայի դիվիզիան Բաքու մտավ կոտորածի տասներորդ օրը: «Մենք ականատեսն էինք այն բանի,- ասում էր Պրիմակովը,- թե ինչպես ստեղծված իրադրության մեջ, սկիզբ առած հակահայկական վայրի ջարդերը հանգեցրին մարդկային բազմաթիվ զոհերի: Հաշված օրերի ընթացքում տասնյակ հազարավոր հայեր զրկվեցին տանիքից, բռնությամբ տարհանվեցին հանրապետությունից...»: Նա բարձրաձայնեց եւ այն, ինչի մասին համառորեն ցանկանում էր լռել Գորբաչովըՙ պետական մակարդակի խայտառակության մասին. «Հայկական ջարդերին նախորդել էր Իրանի հետ խորհրդային պետական սահմանի աննախադեպ ավերումը, բայց միաժամանակ տարօրինակ է, որ այստեղ ոչինչ չի ասվում այդ մասին»:

...Վերջին խոսակցությունը Եվգենի Մաքսիմովիչ Պրիմակովի հետ տեղի ունեցավ 2000 թվականի հունվարի 13-ին: Այդ օրը «Նեզավիսիմայա գազետան» ութերորդ էջում տպագրեց իմ «Չավարտված ողբերգություն» հոդվածը, որի ենթավերնագիրն էրՙ «Տասը տարի առաջ աշխարհն իմացավ Բաքվի հայկական ջարդերի զոհերի մասին»: Ինձ ապշեցրեց այն, թե ինչպիսի հուզառատ ձայնով Եվգենի Մաքսիմովիչը երախտագիտություն հայտնեց այն բանի համար, որ նյութում ես տեղադրել էի ոչ միայն մեջբերումներ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի այն տխրահռչակ նստաշրջանում իր ելույթից, այլեւ պաշտպանության նախարար Դմիտրի Յազովի, ներքին գործերի նախարար Վադիմ Բակատինի եւ գնդապետ Նիկոլայ Պետրուշենկոյի ելույթների տեքստերը: Բանն այն է, որ Պրիմակովը, այդ մեծ մարդասերը (նմանների մասին են ասում, թե մինչեւ խոր ծերություն պահպանել է մանկական հոգին) այդ օրըՙ 1990 թվականի մարտի 5-ին համառորեն հասավ նրան, որ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ամբիոնից անպայման ելույթ ունենան առաջին հերթին բոլոր նրանք, ովքեր իրենց աչքով են տեսել, թե ինչպես է թափվում հայերի արյունը:

...Հեռացավ մեզանից այն մարդը, որին հաճախ էր հաջողվում փոխել իրադարձությունների ընթացքը: Եվ նա բարիք էր գործում ոչ թե ուժով, այլՙ համառությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ