RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10 > #027, 2015-07-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2015-07-02 23:42:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1212, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԹԵՀՐԱՆՆ ԻՆՉՊԵՍ ԵՎ ԻՆՉՈՎ Է ԿՌՎՈՒՄ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ԴԵՄ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Օսմանյան կայսրության անկումից հետոՙ 1920 թ. Իրաքը անկախություն ստացավ բրիտանական մանդատի ներքո: Հաջորդ հինգ տասնամյակների ընթացքում պարսկական եւ իրաքյան միապետությունները գործակցում էին եւ միաժամանակ մրցակցում, միասին ճնշելով քրդերի խռովությունները: Ամեն ինչ փոխվեց, երբ Իրաքում սուննիների գլխավորությամբ իշխանությանը տիրեց Բաաս կուսակցությունը, եւ նախագահ դարձավ Սադդամ Հուսեյնը: Իրանում 1979 թ. տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո Սադդամը որոշեց օգտվել հարեւան երկրի թուլությունից եւ վերահսկողության տակ առնել նավթի հարուստ հանքավայրերը: Ութ տարի տեւած պատերազմի ընթացքում Բաղդադին այդպես էլ չհաջողվեց հաջողության հասնել: 2004 թ. Հուսեյնի վարչակարգի անկումից հետո երկկողմ հարաբերությունները կարգավորվեցին: Իրաք վերադարձած տարագիր շիա գործիչները ստեղծեցին իրենց կուսակցություններն ու շարժումները: Առաջին ազատ ընտրություններից հետո պարզվեց, որ շիաները կազմում են Իրաքի բնակչության առնվազն 60 տոկոսը: Խորհրդարանում մեծամասնություն դառնալովՙ նրանք կազմեցին իրենց կառավարությունը, ինչպես նաեւ զբաղեցրին բանակի սպայական պաշտոնների մեծ մասը:

Հատուկ ջոկատներ, անօդաչու սարքեր եւ օդուժ

Թվում էրՙ Թեհրանը հասել է իր նպատակին. Իրանից արեւմուտք ի հայտ է եկել շիա արաբների բարեկամական պետություն: Սակայն ինքնակոչ «Իսլամական պետության» հայտնվելը նոր հոգսեր պատճառեց Թեհրանին: Վերջին տարիներին Իրանը Մերձավոր Արեւելքում դարձել է հակաամերիկյան եւ հակաիսրայելական դիմադրության առաջնորդ, բայց նախահարձակ սուննիական խալիֆաթի ստեղծումը հարվածի տակ դրեց իրանցիների ձեռքբերումները: Բացի դրանից, Իրանը չէր կարող բախտի քմահաճույքին հանձնել շիա իրաքցիներին եւ Քերբելա ու Էն-Նաջաֆ քաղաքներում գտնվող շիաների սրբավայրերը: Հարկավոր էր փրկել Բաղդադի վարչակարգը:

Անմիջական միջամտությունը կարող էր առաջացնել միջազգային խնդիրներ եւ զայրացնել սուննիներին, որոնց հետ Իրաքի ներկայիս կառավարությունը ջանում է ընդհանուր լեզու գտնել: Ռուսաստանցի պատմաբան եւ վերլուծաբան Գեորգի Միրսկին կարծում է, որ իրանցիների ներխուժման դեպքում սուննի իրաքցիները կանցնեին թշնամու կողմը: «Եթե Իրանը իր բոլոր ուժերն ուղղեր «Իսլամական պետության» դեմ, ապա կհաղթեր: Սակայն 1300 տարի պարսիկներն ու արաբներն ապրում են ինչպես շունն ու կատուն: Բացի դրանից, իրանա-իրաքյան պատերազմը չի մոռացվել, վետերաններն ու հաշմանդամները, զոհվածների հարազատները ողջ են: Եթե իրանցիները Իրաք մտցնեին զորքեր, տանկեր, հրետանի, հրթիռներ, ապա իրաքցիները կապստամբեին նրանց դեմ», հայտարարել է Միրսկին «Լենտա.ռու» կայքէջին տված հարցազրույցում:

Այս ամենը նկատի ունենալովՙ իրանցիները շեշտը դնում են հատուկ ջոկատների, խորհրդատուների եւ օդուժի վրա: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման առաջին 500 մարտիկները Իրաք մտան 2014 թ. հունիսին: Այդ պահից սկսած Իրանը մեծացնում է իր ռազմական ներկայությունը վտանգավոր տեղամասերում: Որպես կանոն, իրանցի հատուկ ջոկատայինները գործում են իբրեւ շիա աշխարհազորայիններ: Իրանցի մարտիկներին բացատրում են, որ անհրաժեշտ է կասեցնել «Իսլամական պետության» ծավալումը, այլապես պատերազմ կլինի նաեւ իրանական հողում:

Իրաքի երկինքն ակոսում են իրանական «Մոհաջեր-4» եւ «Աբադիլ-3» թռչող սարքերը: Ռադիոկալանման իրանական համակարգերը թույլ են տալիս գաղտնալսել իսլամիստ գրոհայինների խոսակցությունները: Իրանական օդուժի F-4 «ֆանտոմները» հարվածներ են հասցնում իսլամիստների դիրքերին, իսկ Բաղդադում իրանցի գեներալները ռազմական գործողությունների ծրագրեր են կազմում: Ամերիկացիների հաշվարկների համաձայն, Իրաքում կռվում են շուրջ հազար իրանցի խորհրդականներ եւ հատուկջոկատայիններ: Մամուլ թափանցած տեղեկությունները վկայում են, որ 2014 թ. դեկտեմբերի 31-ին Իրանը եւ Իրաքը իսլամիստների դեմ ուղղված ռազմական դաշինք են ստորագրել:

Իրաքում իրանցի մարտիկների ներկայության մասին Թեհրանում պաշտոնապես չեն հայտարարում, սակայն «Կոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Քասեմ Սոլեյմանին ասել է, որ Իրանը ներկայումս «Իսլամական պետության» դեմ կռվող միակ երկիրն է: Արեւմուտքցի դիվանագետները չտեսնելու են տալիս Իրաքում իրանցիների ներկայությունը:

Հարվածային ուժ

Միայն օդուժի հարվածներով պատերազմում չես հաղթի: Անհրաժեշտ է նաեւ դիրքերը պահող եւ քաղաքները պաշտպանող հետեւակ, ըստ որումՙ տեղացիներից կազմված: Իրաքում այդ ուժը շիա աշխարհազորն է: «Իսլամական պետության» սրընթաց հարձակման ժամանակ հիմնականում Իրաքի հարավում ապրող շիաների առաջնորդ Ալի Սիստանին մարտնչելու եւ սրբավայրերը պաշտպանելու հրաման արձակեց:

Շիա աշխարհազորը միավորված է «Ալ Խաշդ Աշ-Շաաբի» կազմակերպության մեջ: Մարտիկներին մարզում են իրանցի զինվորականները խորհրդատուների գլխավորությամբ, զենքն իրանական էՙ հրետանի հակատանկային ռեակտիվ արկեր եւ այլն: Շիա աշխարհազորայինները կազմում են ջիհադիստների դեմ կռվող իրաքյան ուժերի հիմնամասը: Աշխարհազորի գործողությունները համակարգում է վերոհիշյալ իրանցի գեներալ Սոլեյմանին:

Արեւմուտքի անբավարար աջակցությունից հիասթափված քրդերը նույնպես դիմում են Իրանի օգնությանը: 2014 թ. հունիսից Թեհրանն իրաքցի քրդերին օգնում է զենքով, զինվորական խորհրդատուներով եւ օդուժի հարվածներով:

Բարեկամ լինել, եւ ոչ թե ենթարկել

Պատերազմը վաղ թե ուշ կավարտվի, եւ շատերը կարծում են, թե ապագայում շիաների ու քրդերի աշխարհազորների միջոցով Թեհրանն իր կամքը կթելադրի Բաղդադին: Իրանի պետական եւ կրոնական հիմնադրամներն օգնում են իրաքյան շիա խմբավորումներին: Թեհրանը զարգացնում է կապերը նաեւ Մասուդ Բարզանիի «Քրդստանի ժողովրդավարական կուսակցության» եւ Ջալալ Թալաբանիի «Քրդստանի հայրենասիրական միության» հետ:

Մելբուռնի «Դիկին» համալսարանի աշխատակից Ջեյմս Բարրին կարծում է, որ արտերկրում ստեղծվող բարեկամական շարժումների ու խմբավորումների, տվյալ դեպքումՙ իրաքյան շիա աշխարհազորի միջոցով «իրանցիները կարող են ազդեցություն գործել հարեւան երկրների վարչակարգերի վրա»:

Մինչդեռ վերլուծաբան Գեորգի Միրսկին պնդում է, որ Իրանի նպատակը «Իսլամական պետության» ոչնչացումն է Իրաքի ամբողջ տարածքում եւ Բաղդադի իշխանության վերահաստատումը: «Շիա իրաքցիները երբեք չեն համաձայնի, որ Իրաքը դառնա Իրանի արբանյակը, բայց դեմ չեն լինի երկու շիա պետությունների դաշնակցային, գործընկերային հարաբերություններին: Ուստի իրանցիները չեն ուզում այնպիսի տպավորություն ստեղծել, թե Իրաքում Թեհրանի խամաճիկներն են իշխում: Իրանին պետք է միասնական Իրաք, որտեղ կգերիշխեին շիաները, բայց սուննիները նույնպես կմասնակցեին կառավարմանը, եւ Թեհրանը առանց պատերազմի, անաղմուկ կերպով այնտեղից դուրս կմղեր ԱՄՆ-ին, թուլացնելով նրա ազդեցությունը», ընդգծում է Միրսկին:

Նման հեռանկարն այնքան էլ դուր չի գալիս ԱՄՆ-ին, բայց ամերիկացիներն ընտրություն չունեն, քանզի ջիհադիստների դեմ մարտնչող միակ լուրջ ռազմական ուժը շիա աշխարհազորն է իրանցիների գլխավորությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 03-07-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ